Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին աղմկում Շիրակի մարզպետի առանձնասենյակ մտած տղամարդիկ․ Կարեն Սարուխանյանն՝ արտակարգ միջադեպի մասին

Դեկտեմբեր 30,2018 17:16

Ինչպես գրել էր shamshyan.com-ը`նախորդ օրն արտակարգ միջադեպ էր տեղի ունեցել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի առանձնասենյակում։ Մարզպետի մոտ ընդունելության եկած երեք տղամարդիկ ժամը 15։00-ի սահմաններում մոտ կես ժամ խանգարել էին նրա աշխատանքը, և երբ Կարեն Սարուխանյանը խնդրել էր դուրս գալ աշխատասենյակից, սկսել էին բռունցքներով հարվածել, խանգարել ողջ մարզպետարանի բնականոն աշխատանքը։ Մարզպետը ստիպված ահազանգել էր ոստիկանություն։

Թե ինչո՞ւ էին այդպես աղմկում մարզպետի մոտ ընդունելության եկած Մուրադ Հակոբյանը, Վաչագան Հակոբյանը և Սուրեն Ավդալյանը, Կարեն Սարուխանյանն Aravot.am- ին պատմեց հետևյալը․ «Իրենց խնդիրը կապված է դատական պրոցեսի հետ։ Դեռ նախորդ մարզպետի օրոք մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների բաժնի կողմից իրենց եզրակացություն է տրվել, ու այդ գրության հիման վրա դատարանը վճիռ է կայացրել, կապված է ընտանեկան հարցերի հետ՝ երեխայի ալիմենտ և այլն․․․ Վճիռը կայացված է, առաջին անգամ չէ, որ իմ մոտ են մտնում, արդեն երրորդ անգամն եմ ընդունում ու ամեն անգամ աչքի են ընկել իրենց վատ պահվածքով՝ չնայած իմ հանգամանալից բացատրելուն, որ դա մեր լուծելիք հարցը չէ, դա դատական պրոցես է, եթե համաձայն չեք , կարող եք բողոքարկել, դատական կարգով ձեր հարցերը լուծել։ Դա մարզպետի լիազորությունների մեջ չի մտնում, բայց իրենք պնդում են՝ դուք վճիռը փոխեք։

Աշխատանքային վերջին օրն էր ու շատ զբաղված էի, ահավոր շատ կուտակված գործեր կային, նստել էին առանձնասենյակում, դուրս չէին գալիս, բղավոցներ․․․ Տեսա այլ տարբերակ գոյություն չունի, դիմեցի ոստիկանություն, որ դուրս հրավիրեն, որպեսզի կարողանանք աշխատել։ Այդ պահին եկան ոստիկանության «Մուշի» բաժնից, դուրս հրավիրեցին իրենց, տեղյակ չեմ հետո ինչ եղավ, ուր տարան իրենց։ Ես նույնիսկ դուրս էի գալիս իմ սենյակից, որ իրենք էլ դուրս գային, բայց հնար չկար, չէին հանդարտվում, նստել էին, թե մինչև մեր հարցը չլուծվի, չենք գնա, բայց այդ հարցի լուծումը մարզպետի հնարավորություններից վեր էր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31