Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր կրթությունը այնպիսին չէ, ինչպիսին էր 20-րդ դարում»

Հունվար 16,2019 13:30

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները պրակտիկա կանցնեն արտասահմանում

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի 62 ուսանող մեկնում է արտասահման պրակտիկայի, 7 շաբաթով՝ հունվարի 14-ից մարտի 1-ը: «Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ:
Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դիանա Ղաբուզյանը պրակտիկան կանցկացնի Շվեյցարիայում: Ասում է, թե ինչ ակնկալիքներ ունի. «Դրանք շատ են, գլխավորը` պրակտիկան դիտարկում եմ, որպես աշխատանքային մշակույթի կատարելագործման, նոր հմտությունների, գիտելիքների ձեռքբերման, նոր հնարավորությունների բացահայտման հնարավորություն»: Մեր հարցին` որտե՞ղ է պատկերացնում իր ապագան ուսումնառությունից հետո, Դիանան պատասխանում է. «Վստահորեն կարող եմ ասել, որ ապագաս պատկերացնում եմ Հայաստանում, սակայն պետք է գիտակցել, որ Հայաստանի զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար անհրաժեշտ է լինել բազմակողմանի կրթված, համարձակ, նախաձեռնող, ճանաչող եւ ստեղծարար: Վերոնշյալ կերպարին համապատասխանելու համար Հայաստանում կրթություն ստանալը եւ նույնիսկ լավագույն ընկերություններում աշխատելը բավարար չէ: Խնդիրներին գլոբալ նայելու եւ մեծ, հավակնոտ նպատակներ ունենալու համար անհրաժեշտ է առաջնային կապի մեջ լինել Հայաստանից դուրս եղած աշխարհի հետ»: Նրա ձեւակերպմամբ. «Միայն որակյալ կրթությունը կարող է հասարակությունում արմատական բարեփոխումների հիմք լինել: Կրթության ոլորտում բազմաբնույթ ու բազմամասշտաբ բարեփոխումների կարիք շատ կա: Իսկ որակյալ հանրակրթական համակարգ ունենալը առաջնային հարց է, հակառակ դեպքում բարձրագույն կրթությունը դառնում է ձեւական գործընթաց` առանց կրթական որակի ապահովման որեւէ երաշխիքի»:

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Լիլիա Իսահակյանը պարկտիկան անցկացնելու է Նիցայում: Ասում է` հույս ունեմ պրակտիկան կնպաստի թե մասնագիտական, թե անձնական որակների զարգացմանը. «Հնարավորություն կունենամ կիրառել տարիների ընթացքում համալսարանում ստացած տեսական գիտելիքներս, ուսումնասիրել եւ համեմատականներ անցկացնել հայկական եւ ֆրանսիական ֆինանսական ու հարկային համակարգերի միջեւ եւ հասկանալ, թե երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ վերջիններիս վրա: Բացի այդ, պրակտիկան հիանալի առիթ է շփվելու ֆրանսիական մշակույթի կրողների հետ դրանով իսկ ընդլայնելու մտահորիզոնս»: Նաեւ հավելում է. «Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեծ ներդրում ունի իր ուսանողների մասնագիտական աճում: Ուսումնական տարիների ընթացքում իրենց փորձով եւ մասնագիտական գիտելիքներով մեզ հետ կիսվել են ոչ միայն Հայաստանի ֆինանսական եւ տնտեսական համակարգերի փորձառու մասնագետները, այլեւ Ֆրանսիայից ժամանած դասախոսներ, ովքեր խորը գիտելիքներ են տվել Ֆրանսիայի տնտեսական, ֆինանսական համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ: Ավելին, ՀՖՀՀ-ն երաշխավորում է ֆրանսերենի իմացության գերազանց մակարդակ, ինչը թույլ է տալիս անկաշկանդ հաղորդակցվել ֆրանսերեն լեզվի կրողի հետ»:

Իսկ ի՞նչ կուզենար բարեփոխված տեսնել այն ոլորտում, որտեղ աշխատելու է կրթությունն ավարտելուց հետո: «Նախեւառաջ կցանկանայի բարեփոխումները նկատելի լինեին երկրի հարկաբյուջետային համակարգում, որը կխթաներ տնտեսության զարգացման՝ շեշտը դնելով արդյունաբերության վրա: Բացի այդ, կցանկանայի, որ երկրում բարձրանար ֆինանսական ինստիտուտների դերը եւ վերջիններիս նկատմամբ վստահության աստիճանը: Սա էապես կարագացնի կապիտալի շրջանառելիությունը՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպի արագացմանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Ավետիսյանն իր ուժերը կփորձի Ֆրանսիայում` Փարիզի PDGB Avocats կազմակերպությունում: Ասում է՝ պրակտիկայից ակնկալում է նոր մարտահրավերներ, որոնց արդյունքում կստանա այն հմտությունները, որոնք չէր կարող ստանալ տեսական դասերից, ինչպես նաեւ, որ օգտակար կլինի այն կազմակերպությանը, որտեղ պետք է անցնի պրակտիկան: Իր ապագան էլ պատկերացնում է Հայաստանի կայուն զարգացմանը ուղղակիորեն նպաստելով, բայց նաեւ ցանկություն ունի արտասահմանում կատարելագործել մասնագիտական հմտությունները:

«Շատերը հավատացած են, որ իրավագիտության մեջ որեւէ բան փոխելը շա՜տ ծանր եւ դժվար գործընթաց է: Ես համաձայն չեմ, որովհետեւ մարդիկ շփոթում են օրենսդրական գործընթացները անձի գլխում կատարվող փոփոխությունների հետ: Իրավաբանությամբ կարելի է շատ բաներ փոխե՝լ միայն փոխելով մարդու մտածելակերպը՝ առանց նոր օրենք ընդունելու:

Առաջին հերթին այդ փոփոխությունները պետք է լինեն ուսանողների գլխում: Հատկապես կուզեի, որ լրացվեր դասագրքերի որակական բացը, որ առկա է իրավագիտության ոլորտում: Դա հնարավոր է անել նաեւ հասարակ ուսանողների եւ նաեւ ավագ դպրոցների աշակերտների ջանքերով: Այսօր կրթությունը այնպիսին չէ, ինչպիսին էր 20-րդ դարում. երբեմն մենք ավելի շատ ենք սովորում մեր ընկերոջ Վիքիպեդիայում կամ իր բլոգում կատարած գրառումներից, քան որոշ դասախոսներից: Ուրեմն ինչո՞ւ չօգտագործել այդ ներուժը:

Երկրորդ, կուզեի փոխել մարդկանց վերաբերմունքը իրավաբանի մասնագիտության հանդեպ: Իրավաբանը խոսող օրենք չէ, իրավաբանի աշխատանքը պահանջում է վերլուծական բարձր ունակություններ, հեռատեսություն եւ առկա խնդիրներին լուծումներ տալու կարողություն: Ստեղծագործ ուղեղն անհրաժեշտ է լավ իրավաբան լինելու համար: Կուզենայի, որ յուրաքանչյուր ոք, անկախ ոլորտից, պատասխանատու կերպով մոտենա իր աշխատանքին՝ սկսած աշխատանքից չուշանալուց»,- ընդգծում է Լիլիթը:

Ֆինանսների ֆակուլտետի «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտացված բակալավրիատի ուսանող Նանա Մկրտչյանը պրակտիկան կանցկացնի Թուլուզում` Կրեդիտ ագրիկոլ կազմակերպությունում: Ասում է՝ Հայաստանն իր նպատակների կիզակետն է, ուր էլ գնա, ի վերջո վերադառնալու է: Իր ոլորտի մասին խոսելիս, ուսանողուհին ընդգծում է. «Բանկային համակարգն այսօր ինքնին բռնել է բարգավաճման իր ուղին Հայաստանում։ Ցանկանում եմ ինքս իմ ներդրումն ունենալ այդ գործում միջազգային փորձը ճանաչելու շնորհիվ»: Կառավարում ֆակուլտետի ուսանող Սուրեն Մելքոնյանը Մարսելում է աշխատելու: «Մոտ 2 ամիս արտասահմանում ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորություն բոլորին չէ, որ տրվում է: Հույս ունեմ այս ընթացքում ձեռք բերել նոր գիտելիքներ, մասնագիտական փորձ եւ ընկերներ: Սա բացառիկ հնարավորություն է 20-ամյա ուսանողի համար հստակ կողմնորոշվելու ընտրած մասնագիտության հարցում, ձեռք բերել ինքնուրույնություն, կատարելագործել ֆրանսերեն լեզուն եւ միեւնույն ժամանակ ծանոթանալ ֆրանսիական մշակույթին ու լինել դրա մի մասնիկը»,- հավելում է նա: Սուրենը մեծ կարեւորություն է տալիս միջազգային փորձին եւ գիտելիքներին, քանի որ, նրա խոսքերով, Հայաստանի զարգացման համար միանշանակ պետք են խելացի, փորձառու, կրեատիվ անհատներ, եւ ցավոք առայժմ Հայաստանը չի կարող ապահովել գիտելիքի ձեռքբերման եւ մասնագիտության մեջ կատարելագործվելու այս ցանկալի մակարդակը:
Զարուհի Նամալյանը` մարքեթինգի ֆակուլտետից, Լիոնում է պրակտիկան անցկացնելու: Նա եւս իր հետագան Հայաստանում է պատկերացնում. «Եթե ամեն մեկս մեր հերթին ունենանք մեր լուման Հայաստանի զարգացման գործում՝ ներդնելով մեր փորձն ու գիտելիքը, անգամ օտարերկրացիները կտեսնեն մեր երկրում իրենց ապագան»:

Հայկ Նահապետյանը` նույն ֆակուլտետից, կաշխատի Թուլուզում՝ «Միդի-Պիրենե մարզի եւ Թուլուզի հայկական ընկերակցությունում»։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կուզենար բարեփոխված տեսնել այն ոլորտում, որտեղ հետո աշխատելու է, ուսանողը պատասխանեց. «Չնայած այն փաստին, որ մարքեթինգի ոլորտն արդեն իսկ բավականին զարգացել է Հայաստանի Հանրապետությունում, խոշոր գործատուները մնում են արտերկրյա կազմակերպությունները, որոնք զբաղվում են հայերի outsourcing-ով: Անշուշտ, դա եկամտաբեր է, սակայն փոքր տնտեսություն ունենալու եւ տեղական կազմակերպությունների հին մոտեցումների պատճառով աշխատանքը կատարվում է ի շահ օտար պետությունների տնտեսության զարգացմանը: Այդ պատճառով կցանկանայի տեսնել ավելի լուրջ վերաբերմունք եւ ուշադրություն հայ գործատուների կողմից շուկայի ուսումնասիրության շրջանակներում եւ բիզնեսի զարգացման գործում մեթոդների ընտրության ժամանակ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031