Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն

Հունվար 25,2019 22:40

 

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել:

Դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է մնացել դեռևս Խորհրդային տարիներից: Մ15 ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի  և Նոր Նորք վարչական շրաջնները:

«Իմաստը նա է, որ Երևանն ունենա շրջանցիկ ճանապարհ, ինչպես բոլոր զարգացած քաղաքներն ունեն: Այսօր մենք լավ գիտենք, որ գրեթե բոլոր ճանապարհներն անցնում են Երևանով, շատ լավ գիտենք նաև, թե ինչ վիճակ է կապված խցանումների հետ, տրանսպորտի վիճակը քաղաքի ներսում ինչպիսին է: Ցավոք սրտի, եթե մենք հյուսիսից հարավ ենք գալիս կամ արևմուտքից արևելք, բոլոր ճանապարհներն անցնում են Երևանի միջով: Նպատակն այն է, որ արդեն այն մեքենաները, որոնք անցնում են Երևանով, բայց իրենց նպատակը քաղաք հասնելը չէ, ունենան ալտերնատիվ ճանապարհներ և չմտնեն կենտրոն: Սա շատ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի զարգացման, այլ ընդհանրապես Հայաստանի ճանապարհների և տնտեսության զարգացման համար»,- նշել է քաղաքապետը:

Քննարկվող նախագծերն իրատեսական են և իրագործելի, նկատում է քաղաքապետ Հայկ Մարությանն ու ընդգծում, որ այսօր նախաձեռնվող ծրագրերը ապագայի համար են:

«Մենք պետք է այսօրվա օրով միայն չապրենք, այլև ապրենք երեք կամ հինգ տարվա ծրագրով: Պետք է 10-15 տարի առաջ նայենք ու այսօր դնենք հիմքերն այդ աշխատանքների, որ մի քանի տարի հետո արդեն արդյունքներ ունենանք: Այսօր այդ հիմքերը դրվում են և այս շրջայցը հիմքն է, որը սկիզբ կտա այս ճանապարհաշինությանը»,- ասել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի եթևեկության բեռնաթափման նպատակով քննարկվող հաջորդ ծրագիրը նախատեսում է Դավթաշենը ուղիղ կապով միացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ միաժամանակ հնարավորություն տալով այցելել Կոտայքի մարզ:

«Մենք պետք է Հայաստանը նայենք, որպես մեկ ամբողջություն և տնտեսական, և ճանապարհների կառուցման ու ենթակառուցվածքների առումով: Մենք քննարկում ենք պարոն Մարությանի հետ Երևանի շրջանցիկ ճանապարհների հարցը: Պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարենք և հասկանանք, թե այդ ճաապարհների կառուցումը տնտեսապես ինչ շահավետությամբ կաշխատի, հանրապետական ու միջպետական նշանակության, որ ճանապարհներն են, որ պետք է վերանորոգվեն  և որպես ընդհանուր ծրագրի մաս կարողանանք Երևանի բեռնաթափման ծրագիր մշակել»,- նշել է նախարարը:

Առաջիկայում ճանապարհաշինական վերոնշյալ նախագծերի մասով կներկայացվեն կոնկրետ գնահատակններ, ինչն էլ հնարավարություն կտա ըստ առաջնահերթության կյանքի կոչել ծրագրերը: Քննարկվող տարբերակների համաձայն, նոր ճանապարհահատվածները կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին, կունենան երթևեկելի մի քանի գոտիներ, կամրջային կառուցվածք:

Հայկ Մարությանի տեղեկացմամբ, քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: Կարևորագույն այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031