Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Մանուկյան. «Չի կարող 4 կամ 7 հոգանոց կոլեկտիվը տարիներ շարունակ «նստել» պետական բյուջեի վրա»

Փետրվար 26,2019 22:07

«Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը սկզբունքորեն կողմ է մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների օպտիմալացմանը, ինչը լայնորեն քննարկվում է մամուլում:

«Ընդհանուր փիլիսոփայության մեջ, որ  մշակութային ՊՈԱԿ-ները պետք է վերակազմավորվեն, կառավարման մոդելները փոխվեն, վատ բան չեմ տեսնում»,-ընդգծեց նա:

Միեւնույն ժամանակ հավելեց. «Տարիներ շարունակ տարբեր կառավարություններ խոսել են այդ մասին, բայց չի եղել համապատասխան ուսումնասիրություն; Ես կուզենայի, որ այդ որոշումը կառավարություն բերելուց առաջ  հետազոտություններ, ուսումնասիրություններ լինեին  բոլոր ՊՈԱԿ-ների վերաբերյալ, մշակույթի ոլորտի փորձագետների ու ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ  խոսակցություն լիներ՝ հասկանալու համար, թե ինչ ենք ուզում անել:

Հասկանում եմ, որ այդտեղ շահերի բախում կա, դրա համար շատերը չեն ուզում խնդիրը լուծվի, բայց նաեւ նույն ՊՈԱԿ-ները կարող են  մոտեցումներ, լուծումներ առաջարկել, ու համապարփակ քննարկումներից հետո նոր որոշում կայացվեր, այլապես կարող է թացը չորի հետ խառնվել»:

Արայիկ Մանուկյանն առանց անուններ տալու նշում է, որ եթե որոշ երգչախմբեր ու նվագախմբեր այժմ չունեն գործառույթներ, վերջին  տարիներին չեն աշխատել, բայց մի երեսուն տարի առաջ կարեւոր դեր են ունեցել, ուրեմն նրանց կառավարման մոդելը պետք է փոխել:

«Գուցե պետք է այդ մարդկանց տալ հնարավորություն, որ գնան ազատ ստեղծագործեն, շատ ավելին վաստական, քան հիմա վաստակում են: Նույն թատրոններում, երաժշտական կոլեկտիվներում այդպիսի խնդիրներ կան: Չորս կամ յոթ հոգանոց կոլեկտիվը չի կարող տարիներ շարունակ նստել պետական բյուջեի վրա, նա պետք է փորձի այլ մոդելներով աշխատել: Ուրիշ բան, որ պետությունն էլ պետք է փորձի իր հերթին ունենալ դրամաշնորհային այնպիսի քաղաքականություն, որ բոլորը կարողանան դրանից օգտվել: Այսինքն` խնդիրները շատ են եւ պետք է քննարկվեն:

Իմ կարծիքով հիմնական խնդիրը առաջացել է նրանից, որ նախարարի պաշտոնակատարը ոչ կոռեկտ է արտահայտվում ոլորտների հետ կապված, սակայն խնդիրն այդտեղ չէ:Դժգոհություն չէր առաջանա, եթե խնդիրն ուսումնասիրված լիներ, նոր լուծումներ առաջարկվեին: Բայց որ խնդիր կա, որին պետք է լուծում գտնվի, փաստ է:

Խորհրդային շրջանում մշակույթը սոցիալական խնդիր լուծելու միջոց է եղել եւ անկախության տարիներին էլ շարունակել է այդպիսին լինել,  կրթությունը նույնպես: Մենք պետք է կարողանանք փոխել իրավիճակը եւ համակարգային փոփոխություն անենք»,-համոզված է Արայիկ Մանուկյանը;

Նրա խոսքերով. «Եթե կա թատրոն, որ բեմադրում է ներկայացումներ, ունի հանդիսատես եւ մեծ գումար է վաստակում, բայց մեծ արվեստային խնդիր չի լուծում, այդ թատրոնին պետք է հնարավորություն տալ ավելի ազատ կարգավիճակում աշխատելու»:

Արայիկ Մանուկյանը նաեւ ընդգծեց. «Տարիներ շարունակ  խոսել ենք ազատ արվեստագետի կարգավիճակի, օրենքի մասին: Այդ օրենքը, վերջապես, պետք է լինի, որ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել որոշ արտոնություններից,  արվեստը ներկայացնեն հասարակությանը, գումար վաստակեն եւ ոչ թե նստեն 70000 դրամ աշխատավարձի վրա: Այստեղ խնդիրների համալիր է…Բայց ես կրկնում եմ՝ կողմ եմ խնդրի լուծմանը; Ի դեպ, շատ ՊՈԱԿ-ներ նույնիսկ չեն հասկացել, որ խոսքն ընդամենը վերաբերվում է կառավարման մոդելի փոփոխությանը, ոչ թե թանգարանը, խումբը կամ թատրոնը փակելուն»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728