Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների միջև պարարվեստի ոլորտում մշակութային փոխանակումների վերականգնումն ու մասնագիտական համագործակցության խորացումը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային մշակութային երկխոսության համար։
Այս նախաձեռնության շրջանակում Պեկինի պարի ակադեմիան՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության Միջազգային փոխանակումների և համագործակցության բյուրոյի հանձնարարությամբ, կազմակերպել էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների պարարվեստի ղեկավարների և բեմադրիչների պատվիրակության այցը Չինաստան։
Կարդացեք նաև
Պատվիրակության կազմում Հայաստանը ներկայացնում էր խորեոգրաֆ, բեմադրիչ և մանկավարժ Ռիմա Պիպոյանը՝ ներկայացնելով իր ստեղծագործական գործունեությունը, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջում իր հիմնադրած և ղեկավարած Մոդեռն պարի բաժինը։ Այսպիսով, Չինաստանում ներկայացվեց ոչ միայն հայ ժամանակակից պարարվեստի ստեղծագործական փորձը, այլև Հայաստանում ժամանակակից պարի մասնագիտական կրթության զարգացման և նոր սերնդի պարարվեստի գործիչների պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։
Օրերս արվեստագետը վերադարձել է աշխատանքային շրջագայությունից, և ահա, թե ինչ պատմեց նա Aravot.am-ին։
Այցի ընթացքում Ռիմա Պիպոյանը հնարավորություն ունեցավ միջազգային մասնագիտական հարթակում ներկայացնելու իր գեղարվեստական և մանկավարժական մոտեցումները, ինչպես նաև ծանոթանալու չինական ժամանակակից պարարվեստի զարգացման առանձնահատկություններին, կրթական համակարգին և ստեղծագործական մեթոդներին։
Պատվիրակության ծրագիրն ընդգրկում էր այցելություններ Շանսի, Չժեցզյան և Ֆուցզյան նահանգներ, ինչպես նաև Պեկին։ Մասնակիցները ներկա էին գտնվում չինական ժամանակակից պարի ներկայացումներին, հանդիպում ստեղծագործական խմբերի հետ, այցելում պարի ակադեմիաներ և մասնագիտական հաստատություններ, մասնակցում քննարկումների, համաժողովների ու ակադեմիական սեմինարների։ Ծրագրի շրջանակում նախատեսված էին նաև դասախոսություններ, վարպետության դասեր և ստեղծագործական փոխանակումներ։
Առանձնահատուկ նշանակություն ունեին տարբեր մշակույթների շարժման լեզվի ուսումնասիրությունը, չինացի ժողովրդական արվեստագետների հետ հանդիպումները և համատեղ իմպրովիզացիոն պարային փորձերը։ Այս հանդիպումները հնարավորություն տվեցին բացահայտելու մշակութային ընդհանրություններն ու տարբերությունները, ինչպես նաև ուրվագծելու ապագա գեղարվեստական համագործակցության նոր ձևաչափեր։
Հայաստանի և Չինաստանի համագործակցության եռամյա տեսլականը
Այցի կարևորագույն մասնագիտական արդյունքներից մեկը Ռիմա Պիպոյանի կողմից Հայաստանի և Չինաստանի միջև առաջիկա երեք տարիների համագործակցության ծրագրի ներկայացումն էր։
Առաջարկվող ծրագիրը միտված է ոչ միայն մշակութային կապերի ամրապնդմանը, այլև կոնկրետ ստեղծագործական, կրթական և մասնագիտական նախագծերի իրականացմանը։
Ռիմա Պիպոյանի առաջարկած եռամյա ծրագիրը կարևորում է համագործակցության շարունակականությունը՝ մեկանգամյա մշակութային հանդիպումներից անցում կատարելով երկարաժամկետ գործընկերության, որի հիմքում կլինեն ստեղծագործական աշխատանքը, կրթությունը, մասնագիտական փորձի փոխանակումն ու փոխադարձ աջակցությունը։
Պարը՝ որպես մշակույթների միջև երկխոսության լեզու
Չինաստան կատարած այցը կարևոր հարթակ էր տարբեր երկրների պարարվեստի ներկայացուցիչների միջև անմիջական կապերի հաստատման, ստեղծագործական փորձի փոխանակման և նոր նախաձեռնությունների քննարկման համար։
Ռիմա Պիպոյանի մասնակցությունն առանձնացավ Հայաստանի ժամանակակից պարարվեստի ստեղծագործական և կրթական փորձը միջազգային միջավայրում ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության կոնկրետ հեռանկարներ առաջարկելու հնարավորությամբ։
Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն հայկական ժամանակակից պարարվեստի միջազգային ներկայության ընդլայնման, երիտասարդ պարողների մասնագիտական զարգացման և Հայաստանի մշակութային կապերի ամրապնդման համար։
Պարը, լինելով համամարդկային հաղորդակցության յուրահատուկ լեզու, հնարավորություն է տալիս հաղթահարելու լեզվական և մշակութային սահմանները՝ ստեղծելով փոխըմբռնման, ստեղծագործական երկխոսության և նոր գեղարվեստական արժեքների ձևավորման միջավայր։
Սամվել Դանիելյան
Լուսանկարները տրամադրել է Ռիմա Պիպոյանը։






























































