Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդիկ Վարինդերը կբողոքարկի իր՝ համաներման մասին որոշումը

Մարտ 14,2019 14:00

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Հայաստանում ապօրինի միգրացիա կազմակերպելու համար դատապարտվածները դեռ չեն ստացել:

Երեկ «Առավոտին» այդ մասին ասացին Վարինդերն ու նրա պաշտպանությունն իրականացրած փաստաբանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Մարտիրոսյանը: Նրանք որոշումն ստանալուց հետո դիմելու են Վճռաբեկ դատարան:

Նախաքննական մարմինը Վարինդերին մեղադրել էր այն բանի համար, որ նա տեղյակ լինելով Հնդկաստանի քաղաքացիների կողմից ՀՀ գալու ցանկությունների մասին, շահադիտական նպատակներով կազմակերպել է վերջիններիս անօրինական միգրացիա դեպի ՀՀ:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ջահգջիթին 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտել՝ առանց գույքի բռնագրավման եւ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, Վարինդերին դատապարտել էր 3 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման եւ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Իսկ Աննային դատապարտել էր ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման եւ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Նրանց երեքի նկատմամբ էլ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Դատարանը ուսումնասիրելով Աննայի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված պահանջագիրը, համաձայն որի՝ նա 2014 թվականի դեկտեմբերի 3-ին դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար եւ դատապարտվել է տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով, սակայն նրա դատվածությունը սույն գործով նրան մեղսագրվող հանցանքի կատարման դրությամբ մարված չէ, հանգել էր նրան, որ Աննայի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք պետք է համարել հանցանքը կատարելու ռեցիդիվը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, օրեր առաջ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառեց հնդիկ երիտասարդների նկատմամբ, իսկ Աննայի մասով դատավճիռը թողեց անփոփոխ:

Ինչպես տեղեկացրել էի «Առավոտի» «Միգրացիոն սերիալ հնդիկների եւ հայ կնոջ մասնակցությամբ, Ռամն էլ վկա» հրապարմամբ (մարտ 07,2019), ըստ գործի նյութերի, կացության կարգավիճակ ստանալու քարտի համար ինտերնետային կայքի միջոցով վկաներից մեկը ծանոթացել է իր հայրենակից Վարինդերի հետ, ով բնակվում է Հայաստանում եւ նրա առաջարկով որոշել էր գալ Հայաստան: Հնդկաստանում գործող «Պունջ» գործակալության միջոցով գնել է երկկողմանի տոմսեր եւ իր բարեկամ, վկա Ռամի հետ «Զվարթնոց» օդանավակայանով ժամանել Հայաստան, որտեղ իրենց դիմավորել է Վարինդերը: Վերջինից տեղեկացել էր, որ ՀՀ-ում ապրելու համար անհրաժեշտ է ստանալ կացության կարգավիճակ, եւ այդ նպատակով՝ իր եւ Ջահգջիթին պատկանող՝ «Գարու սերվիս» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է ձեւական աշխատանքային պայմանագիր՝ իբրեւ աշխատում է նշված ՍՊ ընկերությունում: Պայմանագրի կնքումից հետո փաստաբանի միջոցով դիմել են ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչություն, սակայն ստացել են մերժում:

Վարինդերն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե արդեն հինգ տարի է, ինչ կնոջ եւ երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում է Հայաստանում, զբաղվում է ներդրումներ կատարելով, բիզնես ծրագրեր է իրականացնում, հողակտոր է գնել:

Երբ իրեն դիմել են իր երկրացիները, եւ հայտնել կացության կարգավիճակ ստանալու համար, նա նրանց ասել է, որ ԱՎՎ պետք է դիմեն:

Նա որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել, իսկ երբ կանչել են ազգային անվտանգության ծառայություն, նա իմացել է «անօրինական միգրացիայի» կազմակերպման մասին: Նա, ի դեպ, վարժ խոսում էր գրական հայերենով, եւ դատարանում, ուր հրավիրվել էր թարգմանիչ, ով հինդու լեզվով էր թարգմանել, նա կարողացել է նաեւ օգտակար լինել, եւ թարգմանել իրենց հանջաբի լեզվով:

Այդ ձեւաթղթերի կազմման մասին՝ մշակութային հրավեր ստանալու համար, նրանց ասել են դեսպանատանը, երբ մարդկանց մերժել էին բիզնես ծրագրով Հայաստան գալ:

Դատական ողջ գործընթացի ժամանակ նա «ապօրինի միգրանտներին»՝ վկաներին ապաստան է տվել, ինն ամիս հացուջուր տվել:

Ըստ փաստաբանի՝ ապօրինի միգրացիա կազմակերպելու համար իր պաշտպանյալներին դատել էին, իսկ վկայի կարգավիճակ ստացած «ապօրինի միգրանտներին»՝ ոչ:

Զրուցակիցս ասաց, որ իր երկրացիները ուզում էին կարգավիճակ ստանալ՝ ավելի հաճախ ՀՀ այցելելու համար, իրենից խորհուրդ են հարցրել, ինքն էլ խորհուրդ է տվել դիմել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն, օգնել է նրանց, խորհուրդ տվել փաստաբանի միջոցով դիմել ԱՎՎ: Ի դեպ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, միայն 2017 թվականին 30 000 հնդիկ էր երեկ Հայաստան, նրանցից 2000-ն են մնացել:

Եթե Վարինդերն ուզում է դատարանով արդարացվել, գտնելով, որ ոչ մի անօրինական քայլ չի արել Հայաստանում, ուզում է ապրել այստեղ, ապա Ջահգջիթը համաներումից հետո մտադիր է հեռանալ Հայաստանից, հուսահատված է:

Ըստ գործի նյութերի, 14 հնդիկներ այցելել են 7 օրով եւ պետք է վերադառնային: Նախաքննական մարմինը Ջահգջիթին էլ մեղադրել էր «անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակելու դիտավորության» համար, որ նա տեղեկանալով, որ Վարինդերի կողմից ՀՀ հրավիրված Հնդկաստանի քաղաքացիների համար անհրաժեշտ է ձեռք բերել կացության կարգավիճակ, հիշյալ քաղաքացիների եւ իրեն պատկանող` «Գարու սերվիս» ՍՊ ընկերության միջեւ կնքել է կեղծ աշխատանքային պայմանագրեր: Երրորդ ամբաստանյալը՝ Աննան, որի պաշտպանությունն իրականացնում է ճանաչված փաստաբան Գարիկ Գալիկյանը, ըստ գործի նյութերի, իրեն պատկանող` «Ազդարար բացահայտ լուրեր» ՍՊԸ-ի միջոցով` Հնդկաստանում գործող ՀՀ դեսպանություն է ներկայացրել «կեղծ տեղեկատվություն», նպաստելով Հնդկաստանի 14 քաղաքացիների կողմից ՀՀ մուտքի արտոնագրի ստացմանն ու ՀՀ մուտք գործելուն: Վարինդերն ասում է, որ պահանջվող տեղեկատվությունը դեսպանատունն է իրենց ասել, եւ իր հայրենակիցներին Հայաստան կանչելու որեւէ գրավոր ապացույց չկա, որը կվկայեր, թե ինքն է եղել կանչողը:

Ըստ փաստաբանի, առաջարկվող հոդվածի համար երեքից-ութ տարին անհամաչափ պատիժ էր, եւ նա առաջին ատյանի դատավոր Վ. Աբրահամյանի դատավճռի բողոքարկման ժամանակ նաեւ հարցրել էր. «Օտարերկրացին ինչպես է ուղղվելու, երբ անազատության եք նրան դատապարտում, «ուղղվելու» հիմքով ինչ է ուղղելու, երբ կայացած մեկն է, ներդրումներ կատարող մեկը»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031