Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Պետդեպի՝ մարդու իրավունքների տարեկան զեկույց

Մարտ 14,2019 13:36

Հայաստանում 2018թ. մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո ազատ արձակվեցին մի քանի անձինք, որոնք որոշ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել էին որպես քաղբանտարկյալ: Դրանից հետո երկրում քաղբանտարկյալների մասին որևէ ծանուցում չկա: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարություն հրապարակած մարդու իրավունքների տարեկան զեկույցում:

Զեկույցում մանրամասն վերլուծության է ենթարկվում 2018թ. տարբեր ոլորտներում մարդու իրավունքների հետ կապված վիճակը:

Մասնավորապես, Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է, որ ոչ կառավարական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, թե կառավարությունը պատշաճ կերպով տեղեկություններ չի տրամադրել բանակում զոհերի մասին: Համաձայն «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. առաջին կեսին հաղորդվել է ոչ պատերազմական պայմաններում 24 զոհերի մասին: Ի պատասխան «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հարցման՝ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ նույն ժամանակ եղել է 31 այդպիսի դեպք: Կազմակերպությունից նշել են, որ մեկ տարվա մերժումից հետո ՊՆ-ն մայիսի իշխանափոխությունից հետո դարձել է ավելի բաց՝ բանակում զոհերի վերաբերյալ իրենց հարցումներին պատասխանելու գործում: Այնուամենայնիվ, կառավարության և ՀԿ-ի ունեցած թվերի տարբերությունը (ինչը պայմանավորված է նրանով, որ ՊՆ-ն և քաղհասարակությունը տարբեր կերպ են դասակարգում՝ որն է համարվում մարտական կորուստ) ցույց է տալիս, որ պահպանվում է ընդհանուր անվստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

Մայիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացրեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին: Ոչ մարտական պայմաններում զոհված բազմաթիվ զինվորների ընտանիքներ, որոնք շարունակում են պահանջել քննել նրանց մահվան դեպքերը, պնդում են, որ Հակոբյանը մահվան դեպքերը թաքցնելու հարցում առանցքային կերպար էր: Ըստ մամուլի հրապարակումների՝ իրավապահ մարմինները վերաբացել են ոչ մարտական կորուստների հետ կապված որոշ գործեր:

Փաշինյանի կառավարությունը նոր խթան է հաղորդել 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների հաշվետվողականությանը, ասվում է զեկույցում: Ըստ կառավարության՝ հուլիսի 3-ից մինչև ուշ աշուն, ՀՔԾ-ն մի քանի նոր քրեական գործ է բացել այս իրադարձությունների քննության շրջանակում: Մասնավորապես, մեղադրանքներ են առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, խոշտանգումների, կաշառք վերցնելու կամ դրանում մասնակցություն ունենալու, 2008թ. հետընտրական իրադարձությունների քննությանն առնչվող վկայությունները կեղծելու գործերով: Կասկածյալների թվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանը, նախկին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս դեմ մեղադրանք է առաջադրվել հուլիսի 27-ին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

Ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցը՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նշել է, որ կառավարությունն ի վերջո քայլեր է ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու 10 զոհերի մեղավորներին, բայց ընդգծել է, որ «սա պետք է արվի զգուշորեն՝ օրենքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատավարության սկզբունքներին խիստ համապատասխանությամբ»:

Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնությունը շարունակվում է, չնայած հոկտեմբերից հետո՝ ավելի ցածր մակարդակով, այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպեցին Դուշանբեում: Պարբերաբար կրկնվող հրաձգությունները հանգեցնում են զինվորականների և քաղաքացիների մահվան և վիրավորումների: 2016թ. ապրիլյան սրացումից հետո հակամարտության կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միմյանց մեղադրելով վայրագությունների մեջ: Գործերը դեռ քննվում են ՄԻԵԴ-ում:

Զեկույցում նշվում է, որ ըստ տեղեկությունների, անվտանգության ուժերի ներկայացուցիչները երբեմն խոշտանգումներ կամ այլ վատ վերաբերմունքի դրսևորումներ են կիրառել կալանավայրերում: Ըստ իրավապաշտպանների՝ չնայած քրեական օրենսգիրքը քրեականացնում է խոշտանգումը, համապատասխան դրույթները չեն քրեականացնում անմարդկային և անձին ստորացնող վերաբերմունքը: Նման փորձ կիրառող որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, չնայած որ եղել են որոշակի պնդումներ:

Ոստիկանության կողմից կասկածյալների նկատմամբ կոշտ վերաբերմունքը նրանց ձերբակալության, բերման ենթարկելու կամ հարցաքննության ժամանակ շարունակում է մնալ լուրջ խնդիր, հատկապես հիմնականում խաղաղ «թավշյա հեղափոխության» ժամանակ: Օրինակ, ապրիլի 23-ին բժիշկ և Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Հայկ Հովհաննիսյանը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից. մոտ 5-6 ոստիկաններ նրան դուրս են քաշել տաքսիից և հարվածներ հասցրել դեմքին ու մարմնին, ինչի հետևանքով նա ստացել է գլխի վնասվածքներ, ուղեղի ցնցում և այտոսկրի կոտրվածք: Բերման ենթարկվածները վատ վերաբերմունքի են արժանացել նաև ոստիկանական բաժանմունքներում, որոնք, ի տարբերություն բանտերի, հանրային մշտադիտարկման չեն ենթարկվում: Ըստ իրավապաշտպանների՝ ոստիկանությունը ձերբակալությունը օգտագործել է որպես պատժի միջոց:

Ըստ կառավարության վիճակագրության՝ 2015թ. հետո քրեական օրենսգրքում խոշտանգման սահմանման ընդունումից հետո, այդ մեղադրանքով միայն երկու գործ է ուղարկվել դատարան:

Ապրիլյան ցույցերի ժամանակ իրավապաշտպանները և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ցուցարարների, քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր են արձանագրել, այդ թվում անհամաչափ ուժի կիրառում և ծեծ ոստիկանների, քաղաքացիական հագուստով ոստիկանների և տարբեր թաղային խմբավորումների կողմից: Ըստ առողջապահության նախարարության՝ ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում բժշկական օգնության է դիմել 127 քաղաքացի:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՔԾ-ն 25 քրեական գործ է հարուցել ապրիլի 13-23-ը տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, որոնցից 6-ը ուղարկվել են դատարան:

Զեկույցի հեղինակները նշում են, որ քրեակատարողական հիմնարկներում սանիտարական վիճակը շարունակում է մնալ վատ, այնուամենայնիվ, նշվում է, որ գերծանրաբեռնվածությունն այլևս խնդիր չէ, չնայած որ բանտախցերի պայմանները շարունակում են մնալ ծանր և կյանքին սպառնացող: Նշվում է նաև, որ բանտերն, ընդհանուր առմամբ, հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների համար:

Իշխանությունների կողմից վստահելի քննություն չի իրականացվել և ոչ էլ գործնական քայլեր են ձեռնարկվել կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի, նրանց միջև բռնությունների և համատարած կոռուպցիայի հետ կապված խնդիրները լուծելու համար:

Զեկույցի՝ մամուլի ազատությանը վերաբերող բաժնում նշվում է, որ նախքան «թավշյա հեղափոխությունը» կառավարությունը տնտեսական ճնշում էր գործադրում լրատվամիջոցների վրա՝ ապահովելով իրենց համար բարենպաստ լուսաբանում: Լրատվամիջոցները հաճախ դիմում էին ինքնագրաքննության՝ արտահայտելով մտքեր, որոնք բարենպաստ են իրենց սեփականատերերին, գովազդատուներին կամ հարուստ գործարարներին:

Մայիսյան «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա միջավայրը դարձել է ավելի ազատ, քանի որ մի քանի լրատվամիջոցներ հրաժարվել են ինքնագրաքննությունից: Այնուամենայնիվ, որոշները մինչ այժմ զերծ են մնում նոր կառավարության հասցեին քննադատական մեկնաբանություններից՝ «հակահեղափոխական» չերևալու համար:

Անհատներն ազատ են քննադատել կառավարությանը մասնավոր կամ առցանց տիրույթում՝ առանց ձերբակալվելու վախի: Այնուամենայնիվ, հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» մի հրապարակում կատարեց՝ նշելով, որ մի քանի հեռուստաալիքներ «հակապետական» քարոզչություն են իրականացնում: Չնայած նա այդպես էլ չհստակեցրեց՝ որ հեռուստաալիքների մասին է խոսքը, որոշ մեդիա փորձագետներ կարծում են, որ դա սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ մեդիա մթնոլորտի վրա:

Մեդիա ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկատվությունը շարունակում է մնալ ոչ թափանցիկ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031