Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիզային հարկով թող հարկեն ադամանդեղենը, օլիգարխների համար ներկրվող ապխտած կոկորդիլոսը. Մովսես Արիստակեսյան

Ապրիլ 04,2019 16:00

Հարկային բարեփոխումները, որոնք կատարում է ներկայիս կառավարությունը, կատարում է Հարկային օրենսգրքի հայեցակարգին հակառակ: Այս համոզմանն է, տնտեսագետ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Մովսես Արիստակեսյանը: Նրա խոսքով, երբ փոփոխությունների փաթեթը դրվեց սեղանին, դեռեւս երկու տարի առաջ, մասնագետներից բաղկացած խումբը, կառավարության առաջ խնդիր է դրել՝ հարկային քաղաքականությունն այնպես փոխել, որպեսզի, այն իրոք նպաստի տնտեսության աճին ու զարգացմանը: Մինչդեռ, ըստ Մովսես Արիստակեսյանի, ճիշտ հակառակ գործընթացին են ականատես լինում:

Օրինակներից մեկը եկամտահարկի համահարթ տարբերակին անցնելու մտադրությունն է, որն էլ իր հետևից բերեց ակցիզային հարկի բարձրացման նախաձեռնությունը: Մեր զրուցակցի խոսքով, համահարթ տարբերակի դեպքում բյուջեն 27 միլիարդ դրամի ծախս է ունենալու, որը լրացնելու համար էլ ակցիզային հարկը փորձում են բարձրացնել. «Քաղհասարակությունը միանշանակ ասաց, որ ընդունելի տարբերակ չէ, որովհետեւ դրանով մենք, ուղղակիորեն փոքրացնում ենք աղքատ խավի տնօրինվող եկամուտը»:

Պարոն Արիստակեսյանի խոսքով, իրենք կառավարությանն առաջարկել են գազավորված ըմպելիքների փոխարեն բարձրացնել ադամանդեղենի, ոսկեղենի, ապխտած տարբեր ձկնամթերքների, օլիգարխների համար ներկրվող ապխտած կոկորդիլոսի ակցիզային հարկը եւ դրանով ապահովել երկրի բյուջետային մուտքերը:

Բացի այդ, ըստ պարոն Արիստակեսյանի, նախատեսված է, որ, եթե գնան եկամտահարկի դրույքաչափերի նվազեցման, ապա, անպայման պետք է բարձրացնեն անշարժ գույքի հարկերը. «Բայց այս իշխանությունները այդ ճեղքը լրացնելու համար անշարժ գույքի դրույքաչափերը բարձրացնելու որեւէ քայլ չեն կատարում: Իսկ ով է ունեցել ու շատացրել ու հարստացել անշարժ գույքերով: Դա, հիմնականում, ապօրինի հարստության արդյունք է: Ինչը կբերի բավականին բյուջետային միջոցներ` երկրի տնտեսական խնդիրները լուծելու եւ տնտեսական հեղափոխությանն աջակցելու համար: Չէ, որ այդ շքեղ առանձնատները, սովորական քաղաքացիները չեն կառուցել, դա ապօրինի հարստացած իշխանավորների կառուցած օբյեկտներն են, բայց դրանց մասին չեն խոսում: Ինչպես նախկին, այնպես էլ այս իշխանությունները  կարծես խուսափում են՝ դրանով պաշտպանելով նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ուժով հարստություն դիզած մարդկանց հարկային պարտավորություններից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930