Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ միանգամից չի լինում, ամեն ինչն իր ժամանակն ունի»․ Նատալյա Օրեյրո

Ապրիլ 07,2019 21:57

Ապրիլի 6-ին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստան ժամանած հանրահայտ ուրուգվայցի եչգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոյի մամլո-ասուլիսը։ «Ինչպե՞ս եք»,- իր լուսավոր ժպիտով, հայերեն հստակ արտասանությամբ ողջունեց լրագրողներին Օրեյրոն։

Նրբանկատ և անմիջական այս արտիստն, իրոք, յուրօրինակ է. վստահորեն կարելի է ասել, որ «աստղային հիվանդությունն» իրեն շրջանցել է։ Այն տասնյակ ռուս երկրպագուները, որ երեկ Հայաստան են ժամանել հենց իր համար, ասես իրեն չեն սպասում դռներից այն կողմ, այն գլխապտույտ հաջողությունները, որ Օրեյրոն ունեցել է և ունի այսօր…, ասես այս ամենն իր կողքով է «անցել»։ Նատալիան մնացել է այն նույն հասարակ և շփվող 18 տարեկան Միլին, ում մենք սիրեցինք «Վայրի հրեշտակը» սերիալից հետո։

«Ես հիշում եմ Ձեզ, Դուք ինձ հարցեր էիք ուղղում օդանավակայանում,- անսպասելիորեն ասաց նա ինձ։ – Կներեք, որ անչափ հոգնած էի և չկարողացա ավելի շատ շփվել Ձեզ հետ։ Եկել եմ հյուրանոց և մի ողջ օր քնել եմ. շատ հոգնած էի»։ Երգչուհին ասաց, որ հոգնածության պատճառով, ցավոք, երեկ իրեն չի հաջողվել ընտանիքի հետ զբոսնել Երևանով. «Ամուսինս՝ Ռիկարդոն, և որդիս՝ Ատաուալպան, հասցրել են տեսնել մի քանի պատմական եկեղեցիներ։ Նրանք շատ տպավորված էին և ինձ հիացմունքով պատմեցին իրենց տեսածը։ Նրանք մի շատ մեծ հաց էին բերել՝ լավաշ. ամբողջ գիշեր ուտում էինք»։

-Նատալիա, հայտնի մարդիկ հաճախ դեպրեսիոն շրջան են ունենում իրենց կյանքում։ Դուք այն եզակի արտիստներից եք, ով, միշտ ուրախ է, բարձր տրամադրությամբ, կարծես, երբեք չի տխրում։ Արդյո՞ք իրականում դա այդպես է։ Ինչպե՞ս եք կարողանում միշտ լինել ուրախ՝ հաջող կերպով համատեղելով ընտանիքն ու կարիերան։ 

-Շատ լավ հարց է. բոլորս էլ մեր կյանքում ունենում ենք հոգնածության պահեր, անհաջողություններ և հիասթափություններ։ Կարծում եմ, այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ տագնապային հոգեվիճակն ամենուր է։ Կյանքի ռիթմն անչափ արագ է։ Այս խնդիրը լուծել անհրաժեշտ է դեռ մանուկ հասակից՝ երեխաներին մեջ սերմանելով, որ ոչինչ միանգամից չի լինում, ամեն ինչն իր ժամանակն ունի։ Ես միշտ շատ քրտնաջան եմ աշխատում և փորձում եմ հետևողական լինել իմ բոլոր ցանկությունների հանդեպ։ Պետք է կարողանալ գտնել հավասարակշռություն հանգստի և քրտնաջան աշխատանքի միջև, ինչը փորձում եմ անել։ Ինձ համար փրկություն է բնության գրկում գտնվելը, երբ կարողանում եմ  ներդաշնակ լինել ինքս ինձ հետ՝ գտնելով այն խաղաղությունը, որն ինձ օգնում է վերականգնել ուժերս՝ հետագայում ավելի ակտիվ աշխատելու համար։

Օրեյրոն ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան է։ «Վերջերս Արգենտինայում կայացած հերթական հանդիպման ժամանակ քննարկման է դրվել Հայաստանի համար ֆինանսավորում գտնելու հարցը, – պատմեց Օրեյրոն։- Մեր նպատակն է սոցիալական կարևորության խնդիրները տարածել ոչ միայն մեր երկրում և տարածաշրջանում, այլ նաև, ծանոթանալով այլ երկրներում տիրող իրավիճակին, ներկայացնել նաև մերը»։

«Անմոռանալի շրջագայություն» շոու-ծրագրի շրջանակներում Նատալիան արդեն 11 համերգ է ունեցել Ռուսաստանի մի շարք քաղաքներում, ինչպես նաև՝  Բելառուսում և Մոլդովայում։ Լրագրողների այն հարցին, թե համերգների ժամանակ, արդյո՞ք, եղել են հետաքրքիր իրադարձություններ, Նատալիան պատմեց, որ Սվետլոգորսկում մարտի 31-ին՝ Ֆակունդո Առանայի (Վայրի Հրեշտակի Իվոն) ծննդյան օրը, հենց համերգի ժամանակ բեմից նա Ֆեյսթայմով զանգահարել է Ֆակունդոյին և իր հանդիսատեսի հետ միասին շնորհավորել նրա ծնունդը: «Ես շատ կուզեի, որ մի օր Ֆակունդոն ինձ ուղեկցեր իմ շրջագայություններից որևիցե մեկի ընթացքում։ Միշտ ստիպված եմ  լինում լրացուցիչ ճամպրուկ գնել՝ իրեն հասցեագրված նվերները Արգենտինա տեղափոխելու համար։ Այնպես որ, թող հետս ճամփորդի, որ իր նվերների ճամպրուկի գումարը ինքը վճարի», – կատակեց Օրեյրոն։

Ֆակունդո Առանայի հետ համագործակցության արդյունքում էր, որ 90-ականները հիշարժան և ճակատագրական դարձան Օրեյրոյի կարիերայի համար։ Այն հարցին, թե առաջիկայում սպասվո՞ւմ են նոր համագործակցություններ Ֆակունդո Առանայի հետ, Նատալիան անկեղծացավ. «Հաճախ հեղինակները փորձում են կրկնել ֆիլմի հաջողությունը, բայց միշտ չէ, որ ստացվում է»։ Այնուամենայնիվ, Ֆակունդո – Նատալիա զույգն այնքան վառ ու տպավորիչ էր, որ իրենց համատեղ երկրորդ՝ «Դու իմ կյանքն ես» (Sos Mi Vida) նախագիծն, անկասկած, կարելի է համարել ստացված։ «Կյանքի այս փուլում ես կգերադասեմ չմարմնավորել երիտասարդ կերպարներ։ Եթե մի փոքր երկար սպասենք, ապա մեր «զույգը» կվերամիավորվի արդեն տատիկ-պապիկի կերպարով», – ծիծաղում է Նատալիան։

Օրեյրոն շատ զգացված էր հայ լրագրողների ջերմ ընդունելությունից։ Մամլո-ասուլիսի շրջանակներում նա նույնիսկ ստացավ հայկական «անձնագիր»՝ դառնալով «բազմաքաղաքացի». ինչո՞ւ միայն ռուսականն ունենա։

-Նատալիա, Ցեղասպանությունից հետո մենք՝ հայերս սփռվել ենք ողջ աշխարհով մեկ։ Մենք ունենք աշխարհահռչակ հայեր՝ Շառլ Ազնավուր, Սերժ Թանկյան և այլն։ Եթե շատ լավ փնտրենք, գուցե Ձեր մեջ էլ հայի արյուն գտնենք։ 

-Այո, այո, իմ քեռիներից մեկի կինը հայ է։

Եվ ահա նա «հայ» է, ու պետք է համտեսի հայկական բարիքները։ Մամլո-ասուլիսը հիշարժան դարձրեցինք ոչ միայն հանրահայտ արտիստի հայկական կերպարանափոխությամբ, այլ նաև մեր խմբագրության անունից կազմակերպեցինք մեծ քաղցր հյուրասիրություն։ Օրեյրոն տեղում համտեսեց հայկական սուջուխը, իսկ մնացած հյուրասիրությունը խնդրեց իր սենյակ տեղափոխել։

 

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930