Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու ո՞վ ես». Մարուքյանն ու Մխիթար Հայրապետյանը բղավեցին իրար վրա

Ապրիլ 16,2019 12:26

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած մեկ, եւ ԲՀԿ-ի ներկայացրած երկու օրենքի  նախագծերը լիագումար նիստում քննարկելու հարցը, ինչը պատգամավորների միջեւ լեզվակռվի հանգեցրեց:

«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը դիմեց ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին. «Չեմ ուզում որեւէ մեկը խափնվի մեր տարիքին: Փոխեք ձեր ոճը, այլապես մենք էլ կփոխենք մեր մոտեցումը»: «Լուսավոր Հայաստան»-ի շարքերից ռեպլիկներ հնչեցին, ինչին ի պատասխան Հայրապետյանն ԱԺ նախագահությանը կոչ արեց սաստել տեղից խոսողներին:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նետեց՝ «դու ո՞վ ես», Մխիթար Հայրապետյանն էլ թե՝ «բա դո՞ւ ով ես. «Ինձ հետ «դուք»-ով խոսեք»: Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին կոռեկտության կոչ անելով. «Որեւէ մեկի «դուխն» այստեղ պակաս չէ»:

Էդմոն Մարուքյանն այնուհետեւ հայտարարեց. «ԱԺ-ն կիսապարապ վիճակում է, որովհետեւ պատգամավորների նախագծերը մերժվում են եւ անգամ քննարկման հնարավորություն չի տրվում: Չէ՞ որ քննարկումները նոր լուծումների կարող են բերել: Անընդունելի է, երբ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս որեւէ նախագծի, ԱԺ-ի հանձնաժողովներն էլ հետեւում են այդ որոշմանը»:

Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը կասկածի տակ էր դրել ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ընդդիմություն լինելը, ինչին ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց. «Համազասպ Դանիելյան, ընդդիմությունը «տարբեր բաներ» չի ներկայանում, ինչպես դուք եք ասում: Հետո կբացատրեք, եթե կարող եք: ԼՀԿ-ն ԼՀԿ է եւ ընդդիմություն: Ինչ վերաբերում է պոպուլիզմին, ապա դեռեւս «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր բերել նախագիծ, որը պատասխանատվություն էր սահմանում պատգամավորի օրինական գործունեության խոչընդոտման համար: Նախորդ ԱԺ-ն այն մերժել է, ինչպես այսօր: Այնպես որ, Համազասպ Դանիելյան, կարդացեք, սովորեք, նայեք պատմությանը եւ տեսեք, թե ով ինչ է արել, չի կարելի այսպես»:

Մարուքյանի ելույթին ծափեր հաջորդեցին: Նա շարունակեց. «Կամ, այդ ի՞նչ սաբոտաժի մասին եք խոսում: Հեղափոխությունը եղել-ավարտվել է, դուք մեծամասնություն եք, գործ արեք: Այսօր չկա ուժ, որը կարող է ձեզ սաբոտաժ անել: Ինչ լավ բան անեք՝ կանգնած ենք ձեր եւ վարչապետի կողքին»:

Ի դեպ, Մխիթար Հայրապետյանն իր ելույթն ավարտել էր իր գործընկեր Համազասպ Դանիելյանին ուղղված այս հարցադրմամբ. «Կուզենայի՞ք ունենալ Էդմոն Մարուքյանի քաղաքական հետագիծը»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ակնարկեց, որ իրենց նախագծերը գիշերային երազների ցերեկային շարադրանքը չեն, այլ ուսումնասիրությունների արդյունք: Նա նշեց, որ նախագծերն ԱԺ լիագումար նիստում «դեմ» քվեարկողներից մեկը՝ «Իմ քայլի» պատգամավոր, ժպտացել է. «Եթե մենք պոպուլիստ ենք, դուք էլ «դեմագոգ» եք: Մթնոլորտը մի փչացրեք ձեր չիմացությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930