Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը` Ամուլսարի եւ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մասին

Մայիս 15,2019 16:52

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Ամուլսարի ծրագրի մասին, նշեց. «Կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ կառավարության հետ աշխատենք բիզնեսի, ներդրումների համար` նպաստավոր, կանխատեսելի եւ թափանցիկ միջավայր ձեւավորելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլեւ ներդրողների համար ընդհանրապես: Ինչ վերաբերում է «Լիդիանին», այն միջազգայիին ներդրողներից մեկն է, եւ կարեւոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքների համապատասխան: Այժմ ուսումնասիրություն է ընթացքի մեջ գտնվում, արդյունքները կարեւոր են, եւ կարեւոր է նաեւ նմանատիպ վեճերի ժամանակ հասնել արագ եւ արդյունավետ կարգավորման»:

Հարցին` ՀՀ հեղափոխությունից հետո ընկալվում էր ամերիկյան զգալի աջակցություն, սակայն մեծածավալ ամերիկյան աջակցություն կարծես չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում, ինչո՞վ է դա պայմանավորված, տիկին դեսպանը նշեց. «Նախ սկսեմ նրանից, որ ԱՄՆ-ը իր ամուր հանձնառությունն է հայտնել աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին եւ տնտեսական զարգացումներին, 1992-ից սկսած ԱՄՆ-ը 2 մլրդի հասնող աջակցություն է տրամադրել Հայաստանին, Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը: Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ համաձայնագրերը, որ ստորագրվեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության համատեքստում, եւս փաստում են դա»:

Դեսպանը հավելեց, որ կշարունակեն դիտարկել, թե որ ոլորտներում կա ամերիկյան աջակցության անհրաժեշտությունը: «Մենք համակարգում ենք աշխատանքները դոնորների հետ, որպեսզի միջոցներն արդյունավետ ծախսվեն, եւ Հայաստանում մարդիկ վստահ լինեն, որ այդ միջոցները ծառայում են իրենց նպատակին»,-շեշտեց Լին Թրեյսին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031