Region Monitor. Թուրքիայի Վան քաղաքում անցկացվել է զբոսաշրջության և ճանապարհորդության ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է առանձին տաղավարով։
«Region Monitor»-ի փոխանցմամբ ցուցահանդեսի բացմանը Վանի առևտրաարդյունաբերական պալատի վարչության անդամ Թ. Ավջըն հատուկ ողջունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը՝ նշելով, որ պալատը 2017 թվականից պարբերաբար գործարար այցեր է կազմակերպում Հայաստան։
«Մենք բազմիցս այցելել ենք Հայաստան և շատ լավ համագործակցություններ ենք ունեցել։ Հայաստանը մեզ համար շատ կարևոր է։»,- հայտարարել է Ավջըն։
Վանի տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների միությունը (VANTUDER) հայ մասնագետների համար կազմակերպել է նաև քառօրյա ծրագիր, որի շրջանակում նրանք ծանոթացել են քաղաքի պատմամշակութային ժառանգությանը, խոհանոցին և զբոսաշրջային հնարավորություններին։
Կարդացեք նաև
Ծրագրի ընթացքում անցկացվել են գործարար հանդիպումներ՝ զբոսաշրջային հոսքերի ավելացման, համագործակցության ընդլայնման և նոր շուկաների ձևավորման հարցերի շուրջ։
«Հավատում ենք, որ Վանն իր տարածաշրջանային դիրքով և պատմական ժառանգությամբ կարող է Թուրքիայի ու Հայաստանի միջև զբոսաշրջության և առևտրի ամուր կամուրջ դառնալ՝ Անատոլիան կապելով Կովկասին»,- նշվել է VANTUDER-ի հայտարարության մեջ։



















































