Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանի արձագանքը՝ Սամվել Բաբայանի հայտնած տեղեկությանը

Մայիս 27,2019 19:30 Share

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը պնդում է, որ ինքը տեղեկություն չունի, թե ՊԲ սպաներին ցուցակագրել են, հրամանի տակ ստորագրել տվել, ըստ որի, նրանք այլեւս չեն մասնակցելու քաղաքական գործընթացներին:

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակն այսօր նման տեղեկություն է տարածել ու ՀՀ իշխանություններին էլ կոչ արել չդիմել անպատվաբեր քայլերի:

«Նման բան չկա, թե Հայաստանի իշխանության մատն է խառնված կամ չգիտեմ ինչ: Ես էլ եմ քաղաքական ուժի առաջնորդ, մենք ակտիվորեն քարոզարշավ ենք իրականացնում, ըստ օրենքի՝ բանակի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայողները իրավունք չունեն անդամակցել քաղաքական ուժի, սա օրենքի պահանջ է: Նրանք կարող են քվեարկել, բայց մասնակցել քաղաքական գործընթացներին, անդամագրվել, ինչպես ասացի, չեն կարող  օրենքի պահանջով  ու վաղուց է այն աշխատում: Եթե բանակը կուսակցական է , արդեն լուրջ խնդիրներ է առաջացնում:

Կարծում եմ՝ դա է ճիշտը, ինչքան էլ ուզենայինք բանակը մասնակցի՝ հաշվի առնելով ծանոթների քանակը, պետք է պահպանենք օրենքի պահանջը, ես տեղեկություն չունեմ որեւէ լրացուցիչ հրամանի մասին, ձեզ ասացի այն կարգը, որը գոյություն ունի վաղուց: Սամվել Բաբայանին չեմ մեկնաբանի, ես դրա կարիքը չունեմ, իրենից հարցրեք՝ ինչու է էդ կոչն արել ու ինչու է նման բան հայտարարել »,- ասաց Դավիթ Բաբայանը:  Ըստ նրա ժամանակին եղել է, որ Արցախի բանակը մասնակցել է քաղաքական գործընթացներին, բայց. «Եղել է ժամանակին, բայց մենք այդ փուլը, բարեբախտաբար, անցել ենք, դժվարությամբ, բայց անցել ենք»:

Հիշեցնենք, որ 2020-ին Արցախը պատրաստվում է անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, մեր հարցին, թե նկատելի է, ում են սատարում ՀՀ իշխանությունները, պարոն Բաբայանը պատասխանեց. «Հայաստանի իշխանությունները Արցախում պետք է սատարեն բոլոր նրանց, ում սատարում է  ժողովուրդը, որովհետեւ ՀՀ իշխանությունները չեն կարող որեւէ մեկին սատարել, նույնիսկ, եթե կան նախասիրություններ, քաղաքական գործընթացն այնպիսին է, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի, երբեւիցե նման բան, միջամտություն  չի էլ եղել, դա սխալ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Այս հրապարակումից հետո Սամվել Բաբայանի գրասենյակից «Առավոտին» ուղարկել են ցուցակագրման, ստորագրության, ինչպես նաև հրամանի լուսանկարները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031