Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն կպարզի, թե ով է հրամայել քաղաքացիական հագուստով ոստիկաններին բռնություն գործադրել «Էլեկտրիկ Երևանի» ցուցարարների նկատմամբ. ՀՔԱՎ

Մայիս 31,2019 10:57

Epress.am լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդումը 2019թ․ ապրիլի 23-ին կցվել է «Էլեկտրիկ Երևանի» վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործին։

Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցին տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ․ Ավետիսյանը։

Epress.am-ը 2019թ․ մարտի 12-ին «Էլեկտրիկ Երևանի «կորած» մեղադրյալներից շատերը բարձր պաշտոններ են ստացել» վերնագրով հրապարակման մեջ ներկայացրել է 2015թ․ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով 39 օպերլիազորների լուսանկարները։ Ոմանց անունները ևս հայտնի են։ Ըստ լրատվական կայքի՝ նրանց մի մասը դեպքից հետո պարգևատրվել է, մի մասը՝ ավելի բարձր պաշտոն ստացել։

ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Դավթյանին ուղղված հանցագործության մասին հաղորդման մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել է նաև lragir.am լրատվական կայքում հրապարակված տեսանյութեր, որոնցում երևում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հատուկ մշակված պլանով բռնության գործադրմամբ բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին։

Քաղաքացիական հագուստով այդ ոստիկանները գործում են համակարգված և միմյանց հետ համագործակցելով, ինչը նշանակում է, որ նրանք գործել են պաշտոնատար անձի հրամանով։

Քաղաքացիական հագուստով օպերլիազորների գործողությունները միանշանակ չեն բխել «Օպերատիվ –հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական գործունեության էությունից ու նպատակներից։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ պահանջել էր բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարներին բռնությամբ բերման ենթարկելու հրաման տված պաշտոնատար անձին։

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ հաղորդումը կցվել է արդեն հարուցված քրեական գործին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031