Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է ներկայացվել 8 հոդվածով

Նոյեմբեր 17,2026 16:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներխուժած եւ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 8 հոդվածով։ Այս մասին Aravot.am-ը տեղեկանում է «Դատալեքսից»։ Գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ու մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։

Ըստ դատական գործի, Մուսաեւը Ադրբեջանում ծառայության է անցել 2026 թվականի հունվարի 28-ից։ Նրա տիրապետության տակ է եղել 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ, 7,62 մմ (7,62×39) տրամաչափի 140 հատ մարտական եւ 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաեւ մեկ սվին-դանակ։

Ն. Մուսաեւը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Լաչինի շրջանում տեղակայված մարտական դիրքում։ Հենց այդ ժամանակ էլ նա ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի պետական սահմանը՝ ապօրինի մուտք գործելով ՀՀ տարածք։

Միաժամանակ, Ն. Մուսաեւը վերոհիշյալ հրազենը, ռազմամթերքը եւ սառը զենք հանդիսացող սվին դանակը, դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը խախտելով, առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխել է ՀՀ տարածք։

Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածք ապօրինի ներխուժել է սեպտեմբերի 26-ին՝ ապօրինի հատելով ՀՀ պետական սահմանը եւ մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել եւ կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը եւ 7,62 մմ (7,62×39) տրամաչափի ռազմամթերքը, ինչպես նաեւ ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։

Ըստ մեղադրանքի՝ Մուսաեւը Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ներխուժելուց հետո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել բնակարան, սենյակներից մեկում տեղադրված մահճակալի վրայից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց եւ մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9.000 ՀՀ դրամ գումար եւ մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ՝ բնակարանի փաստացի սեփականատեր՝ Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահաս երեխաները, որոնց Ն.Մուսաեւը փաստացի պատանդառել է։ Մասնավորապես, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ «AKM» ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին եւ հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։ Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Ն. Մուսաեւը անչափահասներին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու եւ գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։

Այդ ընթացքում Անի Ավետիսյանը դստեր հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան։ Ն. Մուսաեւը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ Ռոզի եւ Քաջիկ Ավետիսյանների կյանքին կամ առողջության համար վտանգավոր եղանակով եւ զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։ Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին եւ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների եւ այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման եւ ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձեւով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների եւ նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսության։

Նշված արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւը դիմել է փախուստի եւ թաքնվել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել եւ ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից։

Նասիմի Մուսաեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 469 հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը), 340 հոդվածի 1-ին մասով (ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը), 334 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը), 335 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը), 207 հոդվածի 1-ին մասի (մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), 254 հոդվածի 1-ին մասով (գողությունը՝ գաղտնի հափշտակությունը), 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 4-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ անչափահասի նկատմամբ եւ այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով), 192 հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 7-րդ կետերով (ազատությունից ապօրինի զրկելը՝ անչափահասի նկատմամբ եւ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ):

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30