«Նիկոլ Փաշինյանը փորձում է հարաբերությունները հարթել ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի հետ, իրենց խոսելաոճի փոփոխությունը ցույց է տալիս, որ զգում են իրենց կատարած սխալները և թե ինչ արհավիրք կարող են մեր երկրի գլխին բերել։ Այս պարագայում դրա վճարողը լինելու է ՀՀ քաղաքացին»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների՝ ՌԴ-ի հետ վերջին շրջանում ակտիվ շփումներին։
Ըստ նրա՝ սա նաև կապված է գազի գնի հարցի հետ․ «Այս ամենը գազի գնի համար է, որ նույն գնով շարունակվի, հունվարի 1-ին պետք է լինի բանակցություն, բայց ոչ մի չինովնիկ այս հարցին չկարողացավ պատասխանել։ Այսօր ՌԴ-ի հետ ամենաշատը ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն են շփվում, հետևաբար իրենցից ավելի լավ ոչ մեկը չգիտի, թե ինչքան են փչացրել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Ինչքան ես տեսնում եմ՝ հարաբերությունները շատ վատ են։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԵՄ, բոլոր տեղերում փող ուզելու ՀՀ-ի համար, ՀՀ-ի ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումն ուզում էր Արևմուտքի վրա վաճառել, մի բան ստանալ, բայց տեսանք՝ ոչ մի բան չստացավ»։
Ըստ Մեսրոպ Մանուկյանի՝ հայկական ապրանքները եվրոպացիների քիմքին հարիր չեն, ունենք լոգիստիկ խնդիրներ և այլն․ «Հայկական կոնյակն ու գինին եվրոպական շուկայում մրցունակ չեն․ դա պարզ է։ Մեր սպառման հիմնական շուկան ԵԱՏՄ շուկան է։ Գյուղմթերքը, պահածոները՝ ո՞նց եք պատկերացնում, որ Եվրոպան ուտի մեր պոպոքի մուրաբա՞ն կամ ծիրանի ջե՞մը»։
Լրագրողների փաստմանը՝ եվրոպական խանութներում հայկական ծիրանի ջեմն է վաճառվում, Մեսրոպ Մանուկյանն այսպես արձագանքեց․ «Ես, սովորելով Գերմանիայում, 5 տարի էլ Փարիզում եմ ապրել, արձանագրում եմ, որ հայկական մթերքները եվրոպացիների քիմքին համապատասխան չեն։ Մեր հիմնական սպառման շուկան Եվրոպայում մեր սփյուռքն է։ Հիմնական սպառումը Ֆրանսիայում է, որտեղ կա մեծ հայկական համայնք»։
Կարդացեք նաև
Հարցին՝ որ հայկական ապրանքները ԵԱՏՄ-ում ազատորեն վաճառվեն, դրա գինն ա՞յն է, որ ՀՀ իշխանությունները պետք է ռուսական թրի տակով անցնե՞ն, քանի որ հենց այլակարծություն եղավ, պարզվեց՝ մեր խաղողն ու ծիրանը դեռ չհասած՝ ունեն խնդիրներ, Մեսրոպ Մանուկյանն արձագանքեց․ «Այսօրվա իշխանության քաղաքականության արդյունքում դեռ չհասած խաղողը համարում են, որ խնդիր ունի։ Դրա մեղավորը իրենք են, որ շփվում են ռուսների հետ»։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԽՔ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ԵՄ անդամակցության անհեռանկարության հետ կապված դիտարկումները, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց․ «Այս ամենի մասին խոսում է ՔՊ-ի ամբողջ թիմից ամենաշատ եվրոպական արժեքներով, արևմտամետ հայացքներով գործիչը։ Իրենց պետք է կառավարվող արևմտամետ ուժ, քանի որ կա արևմտամետ հայացքներ ունեցող մեծ ընտրազանգված, որ Փաշինյանին չի ընտրելու»։
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում՝ քիչ անց
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































