«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն առաջարկության փաթեթ է ուղարկել Ազգային ժողովի պատգամավորներին և խմբակցություններին 2027 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում ավելացնելու Հանրային պաշտպանի գրասենյակի (ՀՊԳ) ֆինանսավորումը:
Կազմակերպության ուսումնասիրություններն ու պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց են տալիս, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում է, մինչդեռ հանրային պաշտպանների հաստիքների քանակը համարժեք չէ գործերի թվի աճին։
Մասնավորապես, 2023-2025 թթ․ ՀՊԳ-ի սպասարկած գործերի թիվն աճել է 50.6%-ով՝ 21,551-ից հասնելով 32,447-ի։ Մինչդեռ հանրային պաշտպանների ֆինանսավորվող հաստիքների թիվը 2025 թ․ կազմել է ընդամենը 73՝ 2024 թ․ ավելացված 84-ի դիմաց, իսկ 2026 թ․ համար ֆինանսավորվել է 78 հաստիք։
Այս պայմաններում գերծանրաբեռնվածությունը վտանգում է ոչ միայն իրավաբանական օգնության ժամանակին տրամադրումը, այլև դրա արդյունավետությունը՝ սահմանափակելով գործերի նյութերին պատշաճ ծանոթանալու, արդյունավետ պաշտպանության ռազմավարություն մշակելու և շահառուների իրավունքները լիարժեք պաշտպանելու հնարավորությունները։
ՀՊԳ-ի 2027թ․ բյուջետային հայտով պահանջվել է 146 հանրային պաշտպանի հաստիքի և դրանց հետ կապված ծախսերի ֆինանսավորում, մինչդեռ պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումը չի ապահովում այդ պահանջը։
Հաշվի առնելով արձանագրված խնդիրները՝ ԻՊԱՍ-ն առաջարկում է Ազգային ժողովի պատգամավորներին և խմբակցություններին 2027 թ․ պետական բյուջեի քննարկման ընթացքում հանդես գալ համապատասխան փոփոխության առաջարկով և ապահովել 146 հանրային պաշտպանի հաստիքների ամբողջական ֆինանսավորումը։
Անվճար իրավաբանական օգնության իրավունքը պետք է երաշխավորվի ոչ միայն օրենքով, այլև դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներով։
Այս փաստաթուղթը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ եւ ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության եւ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:



















































