Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադրային ջարդը դիտարկվեց իբրև հարմար առիթ՝ ինձ «վեթինգի» ենթարկելու համար». Գեւորգ Դանիելյան

Հունիս 29,2019 23:00

«Մանկուց սիրել եմ արվեստը, հաճախել եմ նկարչական խմբակ: Երազանք չէի ասի, բայց ճարտարապետ լինելու ցանկություն անթաքույց կար, հավանաբար, եղբորս նույնաբնույթ մասնագիտությունն էր հրապուրել: Անգամ արդեն կատարելության աստիճանի հղկել է ձեռագիրս, սակայն ավարտական դասարանում անսպասելի երկու համադասարանցիներով միանշանակ նախընտրեցինք իրավաբանությունը: Եթե անկեղծ լինեմ, իմ մասնագիտության մեջ անգամ այսպիսի ձեռքբերումների պարագայում, երբեմն մտածում եմ, որ չարժեր չհետևել հոգու թելադրանքին: Պարզապես մասնագիտական աշխատանքն ինձ անչափ շատ հոգեկան տառապանք է հրամցրել»,- «Հայտնի մարդկանց առաջին քայլերը» շարքի շրջանակում պատմեց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նրա խոսքով, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվել է հենց առաջին փորձից, ինչն այդ տարիներին արտառոց էր, քանի որ իրավագիտության միակ ֆակուլտետն էր, տեղերը սահմանափակ էին, իսկ մեկ տեղի համար դիմողների թիվն անցնում էր տասից.« Ընդունվում էին միայն լավ ու գերազանց գնահատականներով, այն էլ՝ ոչ միշտ էր հնարավոր լինում հաղթահարել նվազագույն շեմը: Կուրսի ամենափոքրն էի՝ 17 տարեկան, իսկ կուրսում արդեն կային ոստիկանության ավագ սպաներ: Մասնագիտության ընտրության հարցում լրջագույն քննարկում չի եղել, ավելի շատ լսել եմ ավագների հորդորները, բացի այդ, առանձնակի հույս չունեի, թե կընդունվեմ: Ավելի շատ հակված էի լրջորեն պատրաստվել զինծառայությունից հետո, սակայն ստացվեց այնպես, որ ծառայության մեկնեցի 3-րդ կուրսից:

Ուսանողական տարիներին բարեխոսող չեմ ունեցել, հայրս մահացել էր, երբ 9 տարեկան էի, բացի այդ, ֆակուլտետում ինձ ճանաչում էին, որպես գերազանց սովորողի, դասախոսները միանշանակ ինձ համարում էին, որպես իրենց ապագա գործընկեր, ինչպես և եղավ: Հենց դասախոսների միահամուռ կամքով գործուղվեցի Մոսկվա՝ Ազգային ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա: Այստեղ դարձյալ մեծ մրցույթ էր՝ մեկ տեղի համար մասնակցում էին տարբեր միութենական հանրապետություններից 6-ը: Աստծո կամոք հաղթահարեցի մրցույթը, նախատեսված 3 տարում պաշտպանեցի թեկնածուական թեզը և վերադարձա ԲԵՀ: Ի դեպ, երբ վերադարձա, ԵՊՀ-ի ռեկտորը տարաբնույթ պատճառաբանությամբ ձգձգում էր հրամանագրումը, քանի որ տեղը նախատեսել էին յուրայինի համար, որը դեռ չէր էլ պաշտպանել, և միայն Մոսկվայից ղեկավարիս «զայրույթից» հետո անհապաղ հարցը լուծվեց:

Գլուխ չգովեմ, համեստ ուսանող եմ եղել, դասերից չեմ փախչել, եթե, իհարկե, բոլորը կազմակերպված չեն փախչել:

Ճակատագրի բերումով իմ կարիերայի սկզբնական հատվածում բոլոր գլխավոր դատախազներն ինձ դեռ ֆակուլտետից էին ճանաչում ու բարձր գնահատում: Երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանը նշանակեց ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, նրան փոխարինող դարձյալ երջանկահիշատակ Արտավազդ Գևորգյանը նշանակեց Հրազդանի միջշրջանային դատախազ: Իմ կեցվածքը ՀՀՇ-ական իշխանությունների քիմքին այնքան էլ հաճո չէր, ուստի դեռ 1996 թ. կադրային ջարդը դիտարկվեց իբրև հարմար առիթ՝ ինձ «վեթինգի» ենթարկելու համար, արդյունքում «համեստ» պաշտոնի անցա դատախազության համակարգում, բայց արդեն երկու-երեք տարի անց նշանակվեցի վարչության պետ, ապա՝ գլխավոր դատախազի տեղակալ:

Պաշտոնները հեշտ չեն տրվել, սակայն անասելի հեշտությամբ դրանց հրաժեշտ եմ տվել, բոլոր դեպքերում՝ արդեն երրորդ անգամ, երբեք չեմ կառչել աթոռից, թեպետ՝ ցավ եմ ապրել, որ ինձ չճանաչողները սոցիալական ցանցերում մեղադրում էին պաշտոնամոլության մեջ: Բայց կյանքը դեռ ցույց կտա, թե ովքեր են պաշտոնամոլները:

Մեր հարցին՝ հաճա՞խ են իրեն պաշտոնավարման տարիներին կաշառք առաջարկել, Գեւորգ Դանիելյանը դրական պատասխան տվեց.

«Այո, ընդ որում, նաև դասախոսի կարգավիճակում: Դե ուսանողներին կարող եք և չհարցնել, միահամուռ կվիրավորվեն, եթե անգամ սոսկ այդպիսի հարց տաք, ինչ վերաբերում է թույլատրելի նվերներին, ապա այդպիսիք ընդունել եմ միայն մտերիմներից: Այդ նվերները եղել են իմ աշխատասենյակում»:

Մեր հաջորդ հարցին, թե դուք թեեւ աշխատանքային երկարամյա փորձ ունեք, բայց 2010-ին ազատվեցիք արդարադատության նախարարի պաշտոնից պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ընդունեցի՞ք ձեր մեղքը եւ ինչո՞ւմ թերացաք,մեր զրուցակիցը պատասխանեց․

«Այո, դա իմ երկրորդ պաշտոնանկությունն էր: Երկրի նախագահի հրամանագրում այդպես է ձևակերպված, բայց փակագծերը չբացեմ, քանի որ այն ժամանակ էր պետք դա անել: Մեղքի կամ թերացման մասին խոսելը բացարձակապես տեղին չէ՝ իրեն հարգող իրավագետը այլ կերպ չէր կարող վարվել, սրանով ամեն ինչ ասված է:

Ինքս ներքուստ չեմ հարգել հլու-հնազանդ իմ ենթականերին, որոնք պատրաստ են եղել իմ բոլոր սխալներն արդարացնել ակնհայտ էժանագին հնարքներով և երբևէ չբարձրաձայնել  դրանց մասին: Այդպիսիք վտանգավոր են, պետականաշինության նժարը կարող է կշիռ ունենալ միայն սեփական դեմք ունեցող մարդկանց շնորհիվ, ինձ մասամբ դա հաջողվել է.:

Մեր հաջորդ հարցին, թե Ի՞նչ է սովորել պաշտոնավարման տարիներին, Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Ոչ միայն սովորել եմ, այլև սովորեցրել, որ ոչ մի դեպքում չի կարելի պաշտոնը գերնպատակ դիտարկել, չի կարելի համազգեստի պատիվը խեղաթյուրել կեղծ արժեքներով և հակադրվել մյուս պետական ծառայություններին, քաղաքացիական հասարակությանը: Առնվազն անտանելի էր, երբ անկախության սկզբնական տարիներին, Վանո Սիրադեղյանի գործոնը հաշվի առնելով, միլիցիայի որոշ պատեհապաշտներ սեղանի շուրջ ոչ սթափ վիճակում՝ շեֆին նվիրվածության սուտի երդումներ էին տալիս, իրենց պատկերացնում իբր ողջ իրավապահ համակարգի առանցքը, իրականում խաթարելով նույն այդ համակարգի էությունը:

Ինքս եղել եմ աշխատավորի ընտանիքից, ուստի մշտապես մեծագույն հարգանք եմ ունեցել աշխատավոր մարդու նկատմամբ և երբեք գլուխս չեմ կորցրել էժանագին քծնանքով: Իմ երեխաները մեծացել են առողջ մթնոլորտում և ոչ մի պարագայում այլոց ի ցույց չեն դրել իրենց ծնողի բարձրաստիճան լինելը: Այ սա է իմ հպարտության աղբյուրը»:

Գեւորգ Դանիելյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունները ոլորտում բարեփոխումներ կբերե՞ն, ի պատասխան. «Դատական համակարգի նկատմամբ ցանկացած բռնություն կամ ճնշում, ինչպիսի փաթեթավորմամբ էլ այն հրամցվի, երբեք չի կարող բարեփոխման գրավական լինել: Հանրության մի որոշակի հատված դա ոչ միայն չի ընդունում, չի պատկերացնում, այլև պատրաստ է ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր այլ կերպ, սակայն իրականում սթափ են մտածում: Բայց ինքս լավատես եմ, ես հավատում եմ մեր ժողովրդի ոգուն, այն հիմա արդարացիորեն նեղացած է, տևական ժամանակ՝ անտեսված է եղել, ժամանակ է պետք: Բա ես ինչ ասեմ, երբ անասելի շատ տեղեկացված եմ, գիտեմ այնպիսի խիստ մտահոգող երևույթների մասին, որոնց վերաբերյալ շատերի մտքով անգամ չի անցնում, ես ևս բազմիցս վիրավորված եմ, սակայն հարկ է մնալ ամուր և առաջ նայել՝ ժամանակը շատ թանկ է, որպեսզի այն վատնենք անձնական նեղացվածության ու վրեժխնդրության վրա»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930