Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջանալու ժամանակը

Հունիս 30,2019 12:00

Շատ հաճախ հակահեղափոխական գործիչներն ու լրագրողներն ակնհայտ հեգնանքով են վերաբերվում այն երեւույթին, որ հեղափոխականներն իրենց հեղափոխությունն անվանում են՝ «թավշյա». նրանք համարում են, որ այս «թավշյա» անվանումը բացարձակապես չի համապատասխանում մեր հեղափոխության էությանը: Նրանք օրինակ բերելով Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի եւ նախկին այլոց հանդեպ Նոր Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը, համարում են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ոչ թե թավշյա էր, այլ, ընդհակառակը, չափազանց կոպիտ:

Մենք հակառակ կարծիքին ենք: Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առաջին փուլի արդյունքում մի ամբողջ համակարգ է փոխվել, բայց, փաստորեն, որեւէ մեկի քթից մի կաթիլ արյուն չի թափվել, իրավամբ կարելի է այս հեղափոխությունն անվանել «թավշյա»:

Սա եւս մի ապացույց է, որ մենք արյունարբու ժողովուրդ չենք: Արյունարբու չենք, բայց ընկերական, բարեկամական ու ազգակցական առումով չափազանց զգայուն ենք: Պատկերացրեք՝ ինչպիսի ահռելի քանակությամբ ժողովուրդ կհավաքեր Փաշինյանի թիմը, եթե նրանցից ոմանց ընկերներից կամ ազգականներից որեւէ մեկին նոր իշխանությունները դատական պատասխանատվության չկանչեին: Չնայած, սրանով հանդերձ, Փաշինյանի իշխանությունն էլի ահռելի քանակությամբ համակիրներ ունի: Ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում էլ: Ոչ միայն մեր հայրենակիցների մեջ, այլեւ օտարերկրացիների:

Մի խոսքով, հանգիստ խղճով կարելի է ասել, որ Նոր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային մասշտաբի քաղաքական դեմք է, եւ ակնհայտ է, որ չնայած ԵԱՏՄ-ում հեղափոխականներ եւ Փաշինյանի հետ գաղափարակից չեն, ակնհայտ հարգանքով ու պատկառանքով են վերաբերվում նրան: Եթե կոպիտ համեմատություն անենք, կարող ենք ասել, որ հակահեղափոխականների մեջ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ համակիրներ ունի, քան, ասենք, այլ հեղափոխականներ: Օրինակ, ասենք, Միխեիլ Սահակաշվիլին, չնայած Փաշինյանի համեմատ Սահակաշվիլին ոչ թե հեղափոխական էր, այլ ընդամենը՝ ռեֆորմիստ, եւ այն էլ՝ ոչ միշտ հաջողակ, եւ պատահական չէ, որ բացարձակ հիացմունքով է խոսում հեղափոխական Նիկոլ Փաշինյանի մասին, որովհետեւ Փաշինյանը հեղափոխությունը հասցրեց արվեստի աստիճանի, եւ իր կազմակերպած ու ղեկավարած հեղափոխությամբ հասավ ֆանտաստիկ ու անհավանական արդյունքների: Անարյուն ու շատ իմաստներով իսկապես թավշյա հեղափոխությամբ:

Ասում ենք, որ Փաշինյանի ղեկավարած ու առաջնորդած հեղափոխությունն ընդգրկեց ահռելի քանակությամբ ժողովուրդ: Փաշինյանի հանրահավաքներին հավաքվում էր մոտավորապես այնքան ժողովուրդ, որքան որ հավաքվում էր 88-ին՝ «Ղարաբաղ» կոմիտեի հանրահավաքներին: Բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ եթե Ղարաբաղյան շարժումը Գորբաչյովյան պերեստրոյկայի արդյունք էր եւ ոչ միայն Հայաստանում ծավալվեց ու տեղի ունեցավ, այլեւ հետխորհրդային այլ հանրապետություններում եւս, ապա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «թավշյա» հեղափոխությունն ունիկալ էր բոլոր առումներով, եւ առաջին հերթին՝ հենց այս «թավշյա» ինքնաբնութագրմամբ:

Բայց Նիկոլ Փաշինյանի փորձը նաեւ ցույց է տալիս, որ հեղափոխական լինելը այնքան էլ շնորհակալ գործ չէ: Մանավանդ՝ հեղափոխության առաջնորդ լինելը: Հակահեղափոխականները ցանկացած քայլդ սուր քննադատության են ենթարկում: Որդիդ Արցախում է ծառայում, քննադատում են: Արցախից տեղափոխում են Երեւան, ավելի սուր են քննադատում: Եվ այլն, եւ այլն:

Կարճ ասած, հակահեղափոխականներն ամեն ինչ անում են, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ուժը ժողովրդի աչքից ընկնի: Այդպես՝ իրար վարկաբեկելով ու ժողովրդի աչքից գցելով էլ ապրում են: Համաձայնվեք, որ սրանք ավելի շուտ տղայական հարաբերություններ են, քան՝ քաղաքական:

Մեզանում միշտ էլ ընդդիմությունն իշխանությանը չի հանդուրժել եւ հնարավորինս քննադատել ու նսեմացրել է: Բայց անհանդուրժողականությունն էլ չափ ու սահման ունի, եւ այդ սահմանը մենք արդեն անցել ենք: Մանավանդ վերջերս: Շատ կզարմանայինք, ընդ որում՝ հաճելիորեն, եթե մեր ընդդիմադիր գործիչներից որեւէ մեկը որեւէ հարցում իշխանության ներկայացուցչին իր համաձայնությունը հայտներ: Գեթ մեկ անգամ:
Զարմացրեք մեզ, պարոնայք: Հանուն Հայաստանի Հանրապետության:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

28.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930