Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի քաղաքապետ. «Խոստացել եմ լրատվամիջոցներին՝ մամուլի ասուլիս եմ հրավիրելու եւ խոսելու եմ»

Հուլիս 09,2019 12:12

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ եւս յոթ քաղաքացու վերաբերյալ գործով դատական առաջին նիստը չկայացավ մեղադրող դատախազի՝ դատարան չներկայանալու պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին:

Դատարանի միջանցքում լրագրողը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից հետաքրքրվեց, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրվող մեղադրանքը: Մինչ նա կպատասխաներ, նրա պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր պաշտպանյալին հորդորեց չպատասխանել՝ փաստարկելով, թե տվյալ ԶԼՄ-ն ֆեյքերի հայհոյանքները չի հեռացնում: Այդուհանդերձ, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Էս թեմայով էնքան շատ ենք զրուցել, էնքան շատ ենք խոսել… Հիմա նորից եմ ասում՝ միեւնույն է պատասխան որեւէ հարցի չեմ տալու: Ժամանակը թող գա, դատավարությունն ավարտվի՝ բոլորդ կիմանաք ինչ է եղել: Էն ժամանակ, խոստացել եմ բոլոր լրատվամիջոցներին, մամուլի ասուլիս եմ հրավիրելու եւ խոսելու եմ»:

Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է եւ հիմա նեղացա՞ծ է իշխանություններից, Դ. Համբարձումյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Ես երբեք ոչ ոքից չեմ նեղանում: Կարծում եմ, թույլ մարդու բնավորություն է նեղանալը»:

Հետաքրքրվեցին, թե իր ներկայիս կարգավիճակով Մասիս քաղաքը կառավարելը խնդիրներ չի՞ առաջացնում, նա հակադարձեց. «Շատ լավ է, որպես լրագրողներ կարող եք մասիսցիներին հարցնել՝ նրանք կպատասխանեն: Ընդհակառակը, հիմա շատ լավ կառավարում եմ, մասիսցիների հետ շատ լավ շփվում եմ: Իրենք կփաստեն դրա մասին: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:

«Քրեական գործը ես ասել եմ՝ համացանցային ավանտյուրա է եւ դրա մեջ իրենց մեղքն ունեն նաեւ որոշ լրատվամիջոցներ»,- զրույցը եզրափակեց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031