Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» խմբակցության հաշվետվողական ասուլիսը. Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ «Քննիչ հանձնաժողովի արդյունքները պետք է լինեն հասարակության համար անհերքելի»

Հուլիս 12,2019 13:59

«Իմ քայլը» խմբակցություն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 6-7 ամսվա իրականացրած աշխատանքները:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախ ողջունեց իրենց խմբակցության ներսում եղած ժողովրդավարությունը. «Չնայած այն հանգամանքին, որ երբեմն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արժանանում են քննադատության՝ տարբեր կարծիքներ հնչեցնելու համար, մեզ համար սա չափազանց կարեւոր արժեք է, որովհետեւ եթե չկա ներքին ժողովրդավարություն, ապա արտաքին ժողովրդավարության մասին խոսելը կարող է մի փոքր տարօրինակ լինել»:

Մակունցը կարեւորեց նաեւ խմբակցության՝ վերահսկողական գործիքներից օգտվելը եւ նշեց, որ դրա արդյունքն են գործադիր իշխանության անդամների հետ այդքան շատ հանդիպումները, որոնք չեն եղել դեկլարատիվ բնույթի:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը թվարկեց, թե քանի նիստ են իրենք հրավիրել, ինչ ծավալի աշխատանք տարել. «Հանձնաժողով է ուղարկվել 111 նախագիծ, որից 56-ն ամբողջությամբ ընդունվել է, 41-ը դեռեւս օրակարգում ընդգրկված չի, հանձնաժողովն ընդունել է 41 քաղաքացու»:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներկայացնելով իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքները, ասաց, որ լուրջ քայլեր են անում քննիչ հանձնաժողովի շրջանակներում. «Առաջին նախապատրաստական փուլն անցել է, աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած»: Նա ասաց, որ հնարավորության դեպքում ԶԼՄ-ներին տեղեկատվություն կտան. «Քննիչ հանձնաժողովի արդյունքները պետք է լինեն հասարակության համար անհերքելի, որովհետեւ պետք է կառուցված լինեն միայն ճիշտ փաստերի վրա»:

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ ունեցել են 17 նիստ, եւ օրակարգում ընդգրկված է եղել 69 նախագիծ, որոնցից 50-ը ամբողջությամբ ընդունվել են. «Այս պահին շրջանառության մեջ 14 նախագիծ ունենք: Նախկինում խոսակցություն է եղել, թե ինչու է նախագծերի մեծ մասը գալիս կառավարությունից, ոչ թե խորհրդարանից, դա բնական է, խնդիրները իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները, մենք նույն գծի մեջ ենք ու նույն թիմն ենք ներկայացնում, իրար փոխլրացնում ենք»: Թունյանը նաեւ հիշեցրեց, որ հունվար-փետրվար ամիսներին իրենց մեղադրում էին պարապուրդի մեջ, բայց ցույց տվեցին, որ ԱԺ-ն աշխատում է ու բավականին արդյունավետ:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ խորհրդարանական դիվանագիտությունը եղել է շատ ակտիվ. «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները այցելել են ՌԴ, Գերմանիա, Շվեդիա, Կիպրոս, շուտով կմեկնեն ԱՄՆ: Հայաստան են այցելել բազմաթիվ պատվիրակություններ՝ Գերմանիայից մինչեւ Եթովպիա, Չինաստանից մինչեւ Ավստրալիա: Կիզակետում եղել են արցախյան հակամարտությունը, ցեղասպանության ճանաչումը եւ ՀՀ-ի համար կարեւոր այլ հարցեր: Ակտիվ աշխատանք են կատարել բարեկամական խմբերը»:

Ռուբինյանն ասաց, որ ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակությունը ակտիվ աշխատանք է տարել ու մանրամասնեց. «Վերջին հաջողությունը Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումը եւ կոչը մյուս խորհրդարաններին ճանաչել, երբ մեր պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն հանել ոչ հայանպաստ ձեւակերպումները, այլ նաեւ առաջին անգամ վերջին տասը տարվա մեջ բանաձեւում ամրագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը արցախյան հակամարտության համատեքստում»:

Այսպես հաջորդաբար մյուս հանձնաժողովի ներկայացուցիչներն ամփոփեցին իրենց կատարած աշխատանքները: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանն ասաց, որ հիմա ակտիվ քննարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը. «Պետռեգիստի հետ կապված խնդիրն է քննարկվում, հիմա աշխատանք է տարվում, որ բացառենք որեւէ տարընթերցում՝ կապված ԶԼՄ-ների նկատմամբ որեւէ տեսակի ճնշման շահարկման հետ»:

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, որ իրենք գումարել են 3 նիստ, բացի այդ, հանդիպումներ են ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ՀՀ-ում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող կառույցների հետ, ԵՄ ներկայացուցչության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անդամների հետ:

Տարածաշրջանային եւ եվրասիական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի հետ, աշնանը նախատեսվում է այց Մոսկվա հանձնաժողովի հետ համատեղ նիստին: Որպես կատարած աշխատանքի արդյունք՝ ասաց, որ վավերացվել է ԵԱՏՄ-ի եւ անդամ պետությունների՝ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը շատ կարեւոր է ՀՀ-ի համար, ինչպես նաեւ կնքվել է ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական եւ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031