Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանն է ցանկություն հայտնել, ոչ թե խնդրել են իրեն». ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը՝ Աշոտյանի օգնության մասին

Հուլիս 10,2019 23:45

«ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ-ն ցավոք սրտի, չունի որեւէ պաշտոն: Իմ ունեցած տվյալներով, երբեւէ ՀՀ-ն չի ունեցել որեւէ պաշտոն ԵԱՀԿ ԽՎ-ում, չի ունեցել նախագահ, չի ունեցել փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ կամ փոխնախագահ, չի ունեցել զեկուցող: Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանն ունի ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տեղակալ, Վրաստանն ունի ԽՎ-ի նախագահ, նաեւ ունի հանձնաժողովի նախագահ: Մեր տարածաշրջանից միակ երկիրը, որը չունի որեւէ պաշտոն, դա ՀՀ-ն է»,- ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

ԱԺ պատվիրակության անդամները մանրամասներ ներկայացրեցին հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Խոսելով ԼՂ  հակամարտության հետ կապված խնդրահարույց դրույթներով բանաձեւի մասին՝ Կոնջորյանն ասաց, որ այսպիսի ձեւակերպում կար՝ «Ադրբեջանի 7 շրջաններ», որը խայտառակ վատ ձեւակերպում էր. «Հաշվի չէին առնում կոնֆլիկտի կարգավորման հետ կապված Մինսկի խմբի մոտեցումը, մեզ համար խնդիր էր դրված, որ բանաձեւը, երբ դրվի քվեարկության, այնպես անել, որ այդ խայտառակ կետը չպահպանվի: Նախնական տեքստում ոչ մի ձեւակերպում չկար Մինսկի խմբի ֆորմատի մասին, որը մշտապես Ադրբեջանի ցանկություն էր, ցանկանում է հասնել նրան, որ հարցը դուրս բերի ԵԱՀԿ համանախագահների ձեւաչափից ու տանել այլ ֆորմատներ: Ոչ մի նշում չկար: Եզրափակիչ ակտի երեք սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին էլ չկար, կար բավականին վատ ձեւակերպված զեկույց»:

Կոնջորյանն ասաց, որ զեկուցողը մի կողմից լավ չէր տիրապետում խնդրին, մյուս կողմից ադրբեջանական լոբբիզմն էր աշխատել. «Երբ որ մենք նայեցինք ԽՎ-ում պատվիրակներին՝ 57 երկիր են, մոտ 350 պատգամավոր, մի զգալի չափով, իսկապես վախենալու աստիճանի չափով պատգամավորներ հանդիսանում են Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ իրենց երկրների բարեկամական խմբերի անդամներ: Էդ մարդկանց հետ տարիներ շարունակ աշխատանք է տարվել: Քաղաքական կոմիտեի նախագահը հանդիսանում է շվեյցարա-ադրբեջանական բարեկամական խմբի անդամ, այդ կոմիտեում էլ քննարկվում էր այդ բանաձեւը: Այդ զեկույցը, որ այդ տեսքով եկել էր, եղել է տարիներ շարունակ երկարաժամկետ ներդրումների արդյունք՝ պաշտոններ զբաղեցնելու, այդ մարդկանց մտցնելու իրենց բարեկամական խմբերի մեջ: Արդյունքում իրենք բերել էին խայտառակ նախագիծ, որը ցանկանում էին անցկացնել»:

Թե ինչ է արել հայկական պատվիրակությունը,  ըստ Կոնջորյանի, խորհրդարանական լծակներով, ԱԳՆ-ի խողովակներով, սփյուռքահայերի հետ համատեղ կարողացել են չեզոքացնել վտանգները. «Արդյունքում 10-րդ կետի պարբերությունն ամբողջությամբ, որը ներառում էր 7 շրջանների մասին հիշատակումը, դուրս եկավ: Դրանից անմիջապես հետո Գուլիեւը մտցրեց մեկ այլ փոփոխություն, որով նորից 7 շրջանների մասին կետը մի քիչ այլ ձեւակերպմամբ մուտք կգործեր: Արդյունքում մուտք չգործեց ու կանխելը բավական մեծ ռեսուրսների ներդրման արդյունք էր»:

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր.  «Ուզում եմ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով նաեւ անձամբ ես եւ կուսակից ընկերներս լծվել էինք համապետական, համազգային կարեւորության այս խնդրի լուծման ջանքերին: Կարծում եմ, որ պարտավոր եմ սա ասել, գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատանքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ բոլոր զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից: Ավել փակագծեր չեմ բացի, հուսով եմ դրա կարիքը չի լինի»:

Աշոտյանի աջակցության կարիքը զգալու հետ կապված Կոնջորյանն ասաց. «Ես անձամբ եւ մեր պատվիրակությունից որեւէ մեկը Արմեն Աշոտյանի հետ չենք խոսել ու որեւէ բան չենք խնդրել: Իմ տեղեկությամբ, Ռուբեն Ռուբինյանի հետ խոսակցության ընթացքում Արմեն Աշոտյանն ինքն է այդ թեման բացել ԵԱՀԿ ԽՎ-ի, պարոն Ռուբինյան ասել է, որ զեկուցողը մեր բոլոր առաջարկները հանդիպելու մերժում է: Մինչեւ նիստը սկսելը ես եմ զանգահարել, տիկին Նազարյանն է գրել, նա մերժում էր: Ասել է՝ եթե կարող եք, քանի որ ժամանակին եղել եք իշխանություն, ենթադրվում է, որ ունեք կապեր, եթե կարող եք, քանի որ ցանկություն է հայտնել, ոչ թե խնդրել են իրեն…Դրան ես շատ լավ եմ նայում, դրսում չկա ընդդիմություն-իշխանություն: Ասվել է, որ եթե հնարավոր է հանդիպում կազմակերպել, շատ ուրախ կլինենք, էդ հանդիպումը չի կազմակերպվել, պարոն Աշոտյանը չի կարողացել այդ հանդիպումը կազմակերպել»:

Կոնջորյանն ասաց, որ գուցե այլ մակարդակներում փորձ է արվել աջակցել, բայց իրենք դրա մասին տեղյակ չեն:

Հայկ Կոնջորյանը նաեւ ասաց, որ չի կարողացել գտնել եւ խոսել ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ: Ինչ վերաբերում է Աշոտյանի այն հայտարարությանը, որ Արարատ Միրզոյանը նույնպես եղել է պատվիրակության մեջ ու տեսել է իրենց ջանքերը, Կոնջորյանն ասաց, որ Արարատ Միրզոյանը պատվիրակության կազմում եղել է 2017-2018-ին՝ շատ կարճ ժամանակ:

Հ. Գ. – Ավելի ուշ Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում պատասխանել էր Կոնջորյանին՝ ասելով, որ այսքան ամիսների ընթացքում կարող էր գտնել Նաղդալյանին ու խոսեր. «Իմ իմաստնությունը, տարիքն ու փորձը թույլ են տալիս չտրվել գայթակղությանն ու չբացել հայկական դիվանագիտության հնարավոր ազդեցության բոլոր լծակներն ու քարտերը։ Պարզապես պետք է ասեմ, որ ավելին ենք արել, քան այն տեխնիկական նկարագիրը, որ փորձեց տալ Կոնջորյանը։ Չեմ մեղադրում իրեն, գուցե նա տեղեկացված չէ, բայց արվել է շատ ավելին…Բացեք ու ցույց տվեք, թե ի՞նչն է այդտեղ դրական իմաստով աննախադեպ, եթե միասնական ուժերով, բոլորիս ջանքերով՝ պատվիրակությանն ընդամենը հաջողվել է այդ բանաձևում զետեղել այն ձևակերպումները, որոնք խարսխված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ դեռևս 2009թ. ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա, և ոչ մի նոր բան այդ բանաձևում չկա։ Այդ ձևակերպումները մշտապես եղել են մեր իշխանության օրոք, տեղ են գտել տարբեր Խորհրդարանական վեհաժողովներում ընդունված փաստաթղթերում։ Աննախադեպ կլիներ, եթե, ենթադրենք, իրենց հաջողվեր ամրագրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերադառնար բանակցային սեղան, ինչի մասին իշխանության գալով հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031