Լրահոս
Օրվա լրահոսը

Թամանյանական գլուխգործոցի անակնկալը

Հուլիս 18,2019 12:30

Թամանյանական գլուխգործոցը՝ Երեւանի օպերային թատրոնի 87-ամյա (կառուցված 1932թ.) շենքը ոչ միայն մշտակենդան օրգանիզմ է, այլեւ անակնկալների յուրատեսակ շտեմարան, որն իր գոյության տարբեր տարիների ընթացքում պարբերաբար ի հայտ է գալիս ամենատարբեր դրսեւորումներով։ Այսօր շատերի համար զարմանալի կհնչի այն միտքը, որ երբ 1926-ին նախատեսվում էր «գերժամանակակից» թատերական դահլիճ նախագծել, շատերը համարում էին, որ ի՞նչ իմաստ ունի այդ հսկա շինությունը կառուցել Էրիվանից դուրս գտնվող այգիներում, ո՞վ պիտի այդքան հեռու գնա եւ ինչո՞ւ պետք է այդ այգիների միջից «հանել» Գեթսեմանի սուրբ մատուռը եւ արդյո՞ք երկար կյանք կունենա մի շինություն, որի հենց կենտրոնով անցնում էր ծաղկուն այգիները ոռոգող ամենահայտնի Մամռիի ջրանցքը, իսկ այգիներն էլ ունեին բազմաթիվ սեփականատերեր։ Հիմա, երբ Երեւանի կենտրոն ասելով հասկանում ենք հենց Օպերային թատրոնը, դժվար է պատկերացնել, որ եղել է ինչ-որ ժամանակ, որ այն համարվել է քաղաքից դուրս տարածք։ Շենքին անծանոթ մարդու համար գրեթե անհավատալի է, որ 3-4 խոշոր հարկերի տպավորություն թողնող շենքն իրականում 14-ից ավելի հարկ է պարունակում, որի միայն ստորգետնյա հատվածը բաղկացած է երեք հարկից։ Իսկ հիմքերի հիմքում «դրված է» Թամանյանի եւ շենքի կառուցմանը մասնակից անձանց ստորագրությամբ մասունքը։ Առավել իրական մասունք է առաջին հարկի ձախ կողմում տեղադրված թամանյանական խաչքարը, որը շենքի անբաժան բաղադրիչն է, քանի որ այն կռուցված է Գեթսեմանի մատուռի տեղում, որն իր հերթին կառուցված է եղել մինչքրիստոնեական շրջանի տաճարի տեղում եւ ըստ հնագույն ավանդույթի՝ հազարամյակներ շարունակ այնտեղ միշտ հնչել է խորհրդավոր երաժշտություն։ Չանդրադառնալով օպերային շենքի մյուս բազում գաղտնիքներին, գանք շենքի խորհրդավոր բաց կտուրին, որը հենց Թամանյանի նախագծով ամենատարբեր լուծումներ է ունեցել, որոնցից մի քանիսում նույնիսկ այն ծածկված տանիքի տեսք ունի, սակայն վերջնական տարբերակում հանճարեղ ճարտարապետը այն թողել է որպես բացօթյա մշակութային տարածք, որի սյունաշարերը (ըստ նախագծի) ամբողջովին բոլորել է խոշորակազմ արձաններով, որտեղ այժմ էլ շատ մոտիկից կարելի է տեսնել հայկական շքեղագույն նուռ-խաղող, մեկը մյուսին չկրկնող բազում զարդաքանդակները եւ որը 87 տարի որպես տանիք ծառայելուց հետո, միայն 2019թ. հուլիսի 14-ին կիրառվեց որպես մշակութային հարթակ։

Թերեւս (տա Աստված), կգա մի ժամանակ, երբ վերակառուցման մի նոր նախաձեռնությամբ (շենքը վերակառուցվել է երեք անգամ) նախատեսված շքեղ արձանաշարը կկանգնեցվի եւ բեմի դեռեւս բետոնապատ թմբուկը կերեսպատվի խորազդեցիկ հայկական գրանիտով, ինչպես նախատեսել էր Թամանյանը։

Ի դեպ, տասնամյակների ընթացքում ամենատարբեր կերպ են փորձել «օգտագործել» օպերայի տանիքը, ինչն այդպես էլ մնացել է որպես տանիք, որը խորհրդային տարիներին երկար քննարկումներից հետո ընդամենը մեկ անգամ է վերանորոգվել հենց որպես տանիք։

Մեր օրերի հանդիսականին հայտնի է մի քանի տարի առաջ օպերայում «ռեստորան եւ շոգեբաղնիք» հիմնելու մեծ վիճաբանությունների տեղիք տված նախաձեռնությունը, որը նախատեսված էր իրականացնել հրաշալի երեւանյան համայնապատկեր ունեցող օպերայի տանիքում։ Բարեբախտաբար, այդ եւ նման մի քանի նախաձեռնություններ չիրականացան եւ միայն մի քանի օր առաջ (2019-ի հուլիսի 14-ին) կայացավ օպերայի տանիքին պատշաճ առաջին «Օպերա բաց երկնքի տակ» նախագիծը, ինչն, ըստ էության, համերգ էր տանիքում:

Միանգամից նշենք, որ միջոցառումը թողեց հրաշալի տպավորություն։ Այն մտայնությունները, թե շրջակա սրճարանների աղմուկը կարող է խանգարել դասական երաժշտության ունկնդրին, շատ արագ ի դերեւս եղան։ Բացօթյա համերգը, զով եղանակը, երեւանյան հաճելի մթնոլորտը թողեց բացառիկ եւ յուրահատուկ տպավորություն ու համոզված կարելի է ասել, որ առաջին համերգի մասնակից թվով 50 եւ ավելի հանդիսականները անհամբերությամբ կսպասեն նոր համերգների եւ թվում է, թե այն կդառնա համաշխարհային «փոքր» օպերաների ներկայացման հրաշալի միջավայր։

Նախաձեռնողներն ու կազմակերպիչներն էին օպերային թատրոնի մարքեթինգի եւ PR բաժինը՝ Իրինա Գոգինյանի ղեկավարությամբ:

Տպավորիչ էր նախ հանդիսատեսի մուտքը թատրոնի արտիստական դռնից, ուր մինչեւ տանիք հասնելը, սանդղավանդակներին սիրալիր ժպիտով դիմավորում եւ «ուղեկցում» էին թատերային հանդերձանքով արտիստները:

Երեկոյի ընթացքում բարձրարվեստ կատարումներով հանդես եկան թատրոնի մեներգիչներ Աննա Այվազյանը, Դիանա Հարությունյանը եւ Հովհաննես Անդրեասյանը՝ կոնցերտմայստեր Արմեն Աղաջանյանի ընկերակցությամբ: Հնչեցին համաշխարհային եւ հայ օպերային գրականությունից ճանաչված ու սիրված արիաներ, դուետներ, նեապոլիտանական երգեր, հայ եւ ռուս կոմպոզիտորների ռոմանսներ: Իսկ վերջում երեք մեներգիչների մատուցմամբ Լառայի հանրահայտ «Գրանադայով» ավարտվեց երեկոն, հանդիսատեսն էլ հրավիրվեց ֆուրշեթի:
Բաց երկնքի տակ «Առավոտի» հետ զրույցում Իրինա Գոգինյանը հայտնեց, որ կայացած երեկոն, ըստ էության, իրականացվեց «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում, որի մեկնարկը տրվել էր 86-րդ թատերաշրջանի սկզբում. «Այս երեկոյի համերգային ծրագիրը, փաստորեն, ավարտն է ողջ տարվա ընթացքում (ամսական 4-5 երեկո) իրականացված նախագծի: Նշեմ, որ 2014-ից թատրոնում գործում է «Շրջայց օպերայում» նախագիծը, որի ընթացքում մեր համերկրացիներին ու հյուրերին բացառիկ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ թատրոնի պատմությանը, թանգարանին, լինել թամանյանական շինության այն հատվածներում, օրինակ, հետնաբեմում, որ, հասկանալի պատճառով, հասանելի չէ «կողմնակի» անձանց»:

Մեր զրուցակիցը հավելեց՝ շնորհակալական խոսք հղելով թատրոնի տեխնիկական սպասարկող անձնակազմից մինչեւ գեղարվեստական ղեկավար, որոնք առաջին իսկ պահից հույսով ու հավատով համախմբվեցին այս ծրագրի շուրջ: Տիկին Գոգինյանը շնորհակալական խոսք հղեց նաեւ «Մեգերյան կարպետ» եւ Wine Works ընկերություններին, իր խոսքերով՝ երեկոյի տեսքն ու համը ապահովելու համար:

Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում բաց երկնքի տակ դիտել նաեւ կամերային օպերաներ, Իրինա Գոգինյանը նշեց, թե «Բաց երկնքի տակ» նախագիծը կդառնա ավանդական, հետո պատասխանեց. «Փակագծեր, թույլ տվեք, այս պահին չբացել, միայն ասեմ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար մաեստրո Օրբելյանն ունի շատ կրեատիվ մտահղացումներ, մինչեւ անգամ հայաստանյան եւ, ինչու ոչ, արտասահմանյան կամերային կազմերով անսամբլներին ու մեներգիչներին այս հարթակը տրամադրելու համար, որը, ինչպես համոզվեցիք, կարծես մագնիսի նման ձգում է հանդիսատեսին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

17.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031