«Դա աբսուրդի ժանրից է: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ հերոս անձնավորությանը, որն ունի բազմանդամ ընտանիք, թոռներ, որն ազատագրման գործում բացառիկ դեր ունի, թողնի այդ ազատագրված հողն ու գնա Ֆրանսիա… որքանո՞վ է հարիր»,-Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի մտավախությանն այն մասին, որ Գրիգորյանը, բուժվելու նպատակով արտասահման մեկնելու հնարավորություն ստանալով, կարող է խուսափել դատաքննությունից, ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Նա վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանը փախնող չի, եւ այդ կասկածներն այս ընթացքում փարատել է: Արսեն Մկրտչյանը պնդեց, որ Մանվել Գրիգորյանը չպետք է գտնվի կալանքի ներքո, նա անհրաժեշտություն ունի արտերկրում բուժման հերթական կուրս ստանալու, որը չի ստացել՝ կալանավորված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/2176739905782546/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ