Ուզբեկստանի Կարակալպակիայի դատարանը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քաղաքացի Կարեն Գեւորգյանի նկատմամբ, մեղադրելով նրան 0, 0725 մգ դեղորայքի համար: Կարենը դատապարտվել էր 5 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ նրա «Մերսեդեսն» իր քարշակով առգրավվել էր:
«Առավոտն» անդրադարձել է այս դատական գործին, նաեւ նրան, որ դեղն արգելված չէր, քանի որ «Արտմեդ» ընկերությունը Թուրքմենստանի դեսպանատան միջոցով Կարենին ուղարկել էր կենտրոնի տեղեկանքը եւ այն դեղատան տվյալները, որտեղից գնվել էր առանց խոչընդոտի տվյալ դեղամիջոցը:
Մեր քաղաքացին իր ծանր օրերն անցկացրեց Նուկոսի բերդում:
Մեկ ամիս հետո երկրում համաներում էր, եւ այն տարածվեց բարձրագույն կրթություն ունեցող, սակայն վարորդական գործունեություն ծավալած հայ քաղաքացու վրա:
Կարդացեք նաև
Համաներումից հետո պարզվեց, որ Կարենի նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է եղել, իսկ նրա օտարերկրացի պաշտպանը՝ Նադյա Բեզռուչենկոն, հայտնել էր, որ ցանկացած տրանզիտային քաղաքացի կարող էր այդ դեղամիջոցն օգտագործել առանց դեղատոմսի: Ի դեպ, Ուզբեկստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով էլ կար այդ մասին՝ 241, 242, 243:
Կարենին հապշտապ ազատությունից զրկելը հետագայում պարզվեց. այդ օրերին դիվերսիա էր եղել Սամարղանդ քաղաքում, եւ ինչպես ասում են, որպես «օտար», Կարենն ընկել էր կասկածյալների ցուցակի մեջ:
Կարենն ազատվելուց հետո դիմել էր Ուզբեկստանի գլխավոր դատախազին՝ մեքենան իր քարշակով վերադարձնելու դիմումով:
«Պարզվեց մի մեծ այլանդակություն. մեքենաս իր քարշակով վաճառվել էր առանց ինձ տեղյակ պահելու, առանց իմ ներկայության: Այն գնահատվել էր 38.709.000 սում, մինչդեռ իրական գինը եղել է 15 000 դոլար, երեք անգամ իրենց գնահատածից թանկ»,-երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Կ.Գեւորգյանը:
Կարենը ութ ամիս առաջ դիմել էր Հայաստանի ԱԳ նախարարին, հայտնելով, թե նրանց օրենքի համաձայն՝ գումարը պետք է վերադարձվեր, ինչը 6 տարի է՝ դեռ չի տրվել:
Մեր քաղաքացին, որն ունի ողնաշարի հետ կապված խնդիր, ներկայումս չի աշխատում, դիմել է մեր իրավապաշտպան կառույցներին, արտաքին գերատեսչությանը, գլխավոր դատախազներին ներկայիս, նախկին, սակայն լռություն է:
Նա պարտք է բանկերից մեկին չորս հարյուր հազար դրամի չափով, բանկերը չեն վարկավորում, եւ աշխատող մարդը, երբեմնի ակտիվ հաճախորդը հայտնվել է բանկերի «սեւ» ցուցակում:
Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից Կարենին ուղարկվեց հետեւյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը հանձնարարել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը իր իրավասության սահմաններում համապատասխան միջոցներ ձեռնարկել»:
Մեկ այլ գրությամբ էլ հայտնվում է. «Դեսպանատնից պատասխան ստանալուն պես Ձեզ կհայտնենք լրացուցիչ» ու խոսքը Թուրքմենստանի դեսպանատան մասին է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2018


















































