«Կներեք, այդ էր պակաս, որ ԱԱԾ-ականը քաղհասարակությանը սովորեցնի, թե ով ինչ հարցի անդրադառնա»,- Aravot.am-ի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հորդորներին այսպես արձագանքեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր. «Քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ եմ անում եւ հորդորում եմ՝ իմ հետ կազմակերպել քննարկում՝ բաց ֆորմատով, փակ ֆորմատով, ցանկացած ֆորմատով ու իրենց հուզող բոլոր հարցերը ուղիղ ուղղել ինձ։ Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի»: Նա հավաստիացրել էր, որ բաց է շփման համար․ «Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն հարցեր, որոնք իրենց հուզում են, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, բայց ոչ թե՝ իրենք մի բան հրապարակեն, ես հերքեմ։ Եթե իրենք ուզում են ու իրոք մտահոգված են այն ամենով, ինչը բարձրաձայնում են, հորդորում եմ կազմակերպել բաց քննարկում, իսկ եթե ոչ, ուրեմն կփաստենք, որ հնչեցրած քննադատությունները ուղղակի ուղղորդված են այս կամ այն ուժի կողմից»։


Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է փակ կամ բաց հանդիպումներին, մենք մշտապես պարզ գործել ենք, պարզ գործում ենք ու պարզ գործելու ենք: Չեմ կարծում՝ ամեն որոշում ընդունելուց, ամեն գործողություն իրականացնելուց առաջ քաղհասարակության ներկայացուցիչները պետք է մասնակից դառնան այդ որոշումների կայացմանը, եթե դրանք չեն վերաբերում համակարգային խնդիրներին: Իսկ համակարգային խնդիրների հետ կապված, երբ անցած տարի ԱԱԾ-ն որոշեց նշել ծառայության հիմնադրման 100 ամյակը, այդ միջոցառման վերաբերյալ մենք գնահատական տվեցինք, թե արդյոք ժողովրդավարական պետություն դառնալու հայտ ներկայացրած պետության ԱԱԾ-ն իրեն համարում է Խորհրդային միության ՊԱԿ-ի (պետական անվտանգության կոմիտե) իրավահաջորդը: Հստակ հարցեր են, որոնց պատասխանները մինչեւ հիմա չունենք: Այդ հարցերը դեռ օրակարգում են, մինչեւ այդ միջոցառման իրականացումն էլ Արթուր Վանեցյանը կարող էր հանդիպել մեզ հետ: Եթե պարոն Վանեցյանն ունի մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ առաջարկներ ու մոտեցումներ, մենք կուզեինք լսել դրանք, բայց փորձել գնահատականներին մոտենալ ուղղորդվածության տեսակետից, դա այն ոճը չէ, որ կարող է ունենալ: Այդ դեպքում, ես նմանապես կարո՞ղ եմ արդյոք ենթադրել, թե ում հրահանգով է պարոն Վանեցյանը նման գործողություններ կատարում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































