Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սեյրան Սարոյանը ՀՀԿ-ի հետ որեւէ աղերս չունի». Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ Փաշինյանին որեւէ խանգարող չկա

Օգոստոս 21,2019 14:04

Երեկ գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ խոսելով Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին, ասաց, որ իհարկե, գոհ է նրանից, կարգուկանոն է մտցնում երկրում: Սարոյանը վստահեցրեց, թե ՀՀԿ-ի կաթսայից ոչինչ չի կերել: Ավելին, նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանն օգնել է պետք, խանգարողներ կան, որովհետեւ նախկին պաշտոններից հեշտ չեն ազատվում. «Դրանցից շատերը իրանց տան զուգարանի թուղթ էլ առած չկային»:

Այս առնչությամբ մենք զրուցեցինք ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Երբ ճշտեցինք՝ Սեյրան Սարոյանի ասուլիսին հետեւե՞լ է՝ նա պատասխանեց. «Ի՞նչ է ասել, որ: Էնպիսի լուրջ քաղաքական բան է ասել, որ ոչ մեկի ուղեղին չէր հասնի՞ դա»:

Հարցին՝ նախկինները դեռ չե՞ն հարմարվել պաշտոնից զրկվելու իրավիճակի հետ եւ խանգարո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք միայն մտածում ենք, որ էս երկիրը չձախողվի եւ դա իրեն զգուշացնում ենք: Զգուշացրել ենք եւ երկու տարի առաջ, ե՛ւ մեկ տարի առաջ եւ հիմա: Որեւէ խանգարող չկա: Եթե չկան ներդրումներ, չկա տնտեսական ցուցանիշ, նրան խանգարելու հանգամա՞նք են, թե՞ պարզապես ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառներ»:

Հարցին՝ հիմա տեսնո՞ւմ եք երկիրը ձախողելու վտանգ՝ նա պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել, պարզապես կոչ եմ անում, որ պետք է զգոն լինել եւ ավելի լուրջ մոտենալ բոլոր խնդիրներին, ե՛ւ արտաքին քաղաքականության, ե՛ւ ներքին, ե՛ւ առավել եւս տնտեսությանը, որը շատ զգայուն է: Յուրաքանչյուր բացթողում տարիներ շարունակ չեն կարող վերականգնել: Պետք է այդպիսի բացթողումներ չարվեն»:

Սեյրան Սարոյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հարցին, մի ուշագրավ հայտարարություն արեց՝ «Մենք թավշյա հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք, չէ՞»: Լրագրողների զարմանքին՝ դո՞ւք էլ եք արել հեղափոխություն՝ նա պատասխանեց. «Բա ես ո՞ւր էի»:

Ուստի հարցին՝ Սեյրան Սարոյանը ձեր խմբակցության անդամ է եղել, գիտեի՞ք, որ հեղափոխություն անողների մեջ է՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա խմբակցություն չկա, բոլորն ազատ մարդիկ են: Սեյրան Սարոյանը Հանրապետականի հետ որեւէ աղերս չունի, ինքը կուսակցական չի, ազատ մարդ է իր խոսքերի մեջ: Եվ ես չեմ ցանկանում ազատ մարդկանց ասածները մեկնաբանել: Եթե կլիներ կուսակցական, ես կմեկնաբանեի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031