Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է պատկերացնել, որ բոլոր ազգերի վրա ծանր մետաղներն ազդում են եւ քաղցկեղածին են, հայերի վրա չեն ազդում». Կարինե Դանիելյան

Օգոստոս 25,2019 19:29

Բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը համամիտ չէ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ուղիղ եթերում հնչեցված այն տեսակետին, որ «Մենք ունենք վիճակագրություն, բայց չունենք ուղիղ կապ հանքարդյունաբերության եւ քաղցկեղի առաջացման միջեւ»:

«Ես համաձայն չեմ այդ մոտեցմանը, բավական է հանքարդյունաբերության ոլորտներում հատկապես՝ Լոռու, Սյունիքի մարզերում նայել այն տվյալները, որոնք արտացոլում են շրջակա միջավայրի աղտոտվածությունը, հատկապես՝ ծանր մետաղներով, եւ նայել առողջապահական տվյալները, եւ՝ քաղցկեղն ընդհանուր հիվանդացության մեջ եւ նաեւ մահացությունը, արյան, շնչառական համակարգերի հիվանդությունները, շեղումներով ծնունդները, որպեսզի տեսնել այդ կապը»:

Այս մասին նախարարը խոսել էր 1in.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք առողջապահության նախարարությունում քննարկում է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր ռիսկերի առնչությամբ: Պատասխանելով հարցին, թե գիտականորեն ապացուցվա՞ծ է հանքարդյունաբերության եւ քաղցկեղի միջեւ կապը, պարոն Թորոսյանն ասել էր. «Հանքարդյունաբերությունը մի ոլորտ է, որի որոշ կոմպոնենտներ կարող են ազդել մարդու առողջության վրա: Գիտականորեն ապացուցված է բազմաթիվ քաղցկեղածին գործոնների կապը քաղցկեղի հետ, նորմայից ավելի դոզաների դեպքում կարող է առաջանալ այս կամ այն օրգանի քաղցկեղ»:

Ըստ նախարարի. «Մենք ունենք վիճակագրություն, բայց չունենք ուղիղ կապ հանքարդյունաբերության եւ քաղցկեղի առաջացման միջեւ: Օրինակ՝ Սյունիքի մարզը համարվում է մեր ամենամեծ հանքարդյունաբերական գոտին, բայց Սյունիքի մարզը չունի քաղցկեղով հիվանդացության եւ մահացության ամենամեծ ցուցանիշները»:

Ըստ տիկին Դանիելյանի, դրանք վիճակագրական տվյալներն են: Բացի այդ, կան փորձագիտական ուսումնասիրություններ այդ ոլորտում, եւ այդ բոլորը խոսում են նրա մասին, որ ազդեցությունը խիստ արտահայտված է. «Եվ, ի վերջո կան միջազգային տվյալներ՝ ծանր մետաղները մարդու օրգանիզմի վրա եւ դժվար է պատկերացնել, որ բոլոր ազգերի վրա ծանր մետաղներն ազդում են եւ հատկապես՝ քաղցկեղածին են, մուտագենեզ են առաջացնում, հայերի վրա չեն ազդում»:

Կարինե Դանիելյանի խոսքով. «Ճիշտ է, ամեն հիվանդություն բազմաթիվ երեւույթներից է կախված, բայց, եթե մեզ մոտ նույն Լոռիում, Սյունիքում կան պոչամբարներ, բաց հանքեր, ծանր մետաղներով աղտոտված շրջակա միջավայր, ինչը ցույց են տվել բազմաթիվ ուսումնասիրություններ, եւ տեսնում ես այդ բարձր ցուցանիշները, ապա այդ կապն ակնհայտ է: Եթե չես ուզում տեսնել դա ուրիշ հարց է»:

Մեզ հետ զրույցում տիկին Դանիելյանն ասաց, որ այս հարցով ինքն «անընդհատ վեճերի մեջ» է առողջապահության նախարարության հետ. «Նախարարությունն արդեն որքան ժամանակ է դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որպեսզի այնտեղից փորձագետ գա եւ քննարկեն միջազգայնորեն ընդունված գործիքակազմը, ուսումնասիրությունները՝ ազդեցությունը շրջակա միջավայրի բնակչության առողջության վրա: Բայց ինչքան ժամանակ է փորձագետը դեռ չի գալիս»:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանի ամերիկյան համալսարանը Լոռու մարզի Ալավերդի եւ Ախթալա քաղաքներում ուսումնասիրություն էր կատարել հանքարդյունաբերության ազդեցությունն առողջության վրա: Աշխատության մեջ, մասնավորապես, ասված է. «Այն մարդիկ, ովքեր ապրում են վտանգավոր գոտիների մոտակայքում, կարող են ենթարկվել կապարի ազդեցությանը օդի, խմելու ջրի, սննդի կամ կապարով աղտոտված փոշի շնչելու միջոցով: Նորածինները և փոքր երեխաներն առավել զգայուն են փոշի կամ հող շնչելու առումով: Հղի կանայք ևս համարվում են խոցելի` զարգացող պտղի վրա ազդեցության առումով»:
Ուսումնասիրվել էին նաեւ Հայաստանի 10  համայնքների՝ Արարատի մարզի Արարատ քաղաքում, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա քաղաքներում եւ Արմանիս գյուղում, Սյունիքի մարզի Ագարակ, Կապան, Քաջարան քաղաքներում, Արծվանիկ, Աճանան, Սյունիք գյուղերում դպրոցների ու մանկապարտեզների ծորակներից վերցված ջրի նմուշները: Համաձայն հետազոտության, բոլոր այդ համայնքների դեպքում հողում արսենի, պղնձի պարունակությունը մտահոգության տեղիք է տվել։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031