Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ոչ թե պետք է անունը որոշի, թե ինչ որոշում է կայացնում դատարանը, այլ արարքը». Երեմ Սարգսյանը՝ Գագիկ Խաչատրյանի կալանավորման առիթով

Օգոստոս 30,2019 23:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան) ժամը 13.00-ից մեկնարկած և շուրջ 9 ժամ տևած դատական նիստին դատարանը որոշեց կալանավորել Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ բավարարելով ԱԱԾ միջնորդությունը:

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալումն ապօրինի էր, ոչ իրավաչափ, չկար օրենքով սահմանված նպատակը, դատարանը գտավ, որ վեց-ութ տարի վաղեմության սահմանում դեպքերի համար ձերբակալումը ոչ իրավաչափ էր. «Դատարանը նաև գտավ, որ հիմքերը բավարար են, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորի: Դատարանի որոշման քանակը և մեր գրավոր առարկությունների քանակը, եթե համադրենք, արդեն ակնհայտ է, որ դատարանը մեր փաստարկներից որևէ մեկին չի անդրադարձել»:

Ըստ փաստաբանի՝ իրենց հակափաստարկների վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, քանի որ գործում նման նյութեր չկային, որ կարող էին իրենց հակափաստարկները չեզոքացնել. «Սա կբողոքարկվի Վերաքննիչ դատարան, ավելի մանրակրկիտ կներկայացնենք դատարանի խախտումները: Հույս ունենք, որ Վերաքննիչում իրականում արդարադատություն կլինի: Պետք է անցնի այն իրավիճակը, որ անձանց են դատում: Ոչ թե պետք է անունը որոշի, թե ինչ որոշում է կայացվում, այլ արարքը»:

Երեմ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց մի կարևոր հանգամանքի վրա ու պարզաբանեց. «Օրենքի մակարդակում և տրամաբանության մեջ ասվում է, որ կալանքն ամենախիստ խափանման միջոցն է, եթե անձի նկատմամբ ազատության իրավունքը սահմանափակված է, կալանք է կիրառվում, դատարանը պետք է փաստի, որ որևէ այլ խափանման միջոց ավելի նվազ չի կարող անձի պատշաճ վարքագիծ ապահովել: Կալանավորում են այն պատճառով, որ վախենում են՝ կարող է անձը քննությունից թաքնվի, խոչընդոտի, նոր արարք կատարի: Ուղիղ վեց ամիս Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ծանր հանցագործության մեջ մեղադրվելով գտնվում էր ստորագրության տակ, և այդ ընթացքում երբևէ չի փորձել թաքնվել,խոչընդոտել քննությանը, նոր հանցանք չի կատարել: Եթե խափանման միջոցը չեն փոխել, ուրեմն նման արարքներ չի կատարել: Բայց որոշում են, որ այս պահից սկսած հանկարծ մտավախություն ունենք, որ կարող է թաքնվել և այլն, որևէ պատճառ անհնար է ներկայացնել: Այս ամենը, որ ներկայացվում է, կապ չունի իրավաբանության հետ: Մեր փաստարկներից որևէ փաստարկի չի անդրադարձել դատարանը»:

Լրագրողների խնդրանքին՝ ներկայացնել բուն մեղադրանքը, Երեմ Սարգսյանն արձագանքեց. «Նաև գույքի իրացման մեջ խախտումների մասին է խոսվում: Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում որևէ գույք կոնկրետ, որ պետք է իրացվեր պետական մարմնի կողմից, դրա իրացման ընթացքում խախտումների մասին էին խոսում, բայց հիմնավորումներ չկան, որ նման խախտումներ տեղի են ունեցել: Եթե անգամ եղել է, որևէ փաստական տվյալ չկա, որ Գագիկ Խաչատրյանը առնչություն չունի: Խոսքը մոտ երկու հարյուր միլիոն դրամի մասին է: Մենք սպասում էինք, որ դատարանները պետք է ավելի արդար ու անկախ լինեն, բայց, ըստ էության, այս առումով բան չփոխվեց»:

Հիշեցնենք՝ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար: Օգոստոսի 27-ին նա ձերբակալվել է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031