Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ խաբեությունը բացահայտվում է (պատմվածք)

Սեպտեմբեր 29,2019 23:30

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ՄԱՍ 1, ՄԱՍ 2

Մաս 3-րդ

Լանա-Անմիջապես ներողություն խնդրեք, ինչպես ես քեզ թույլ տալիս, ինձ ստոր խաբեբա անվանել, Համլո՛,  ինչպե՞ս ես համարձակվում ինձ պես ազնիվ կնոջը վիրավորել։

Դու պետք է ամեն ինչ անեիր խստորեն, ըստ հրահանգների, քանի որ հարկ վճարում են միայն իրավաբանական անձինք, ինչպիսին ես եմ, այնպես, որ ձեր նման խաղացողը չպետք է հարկ վճարի, ինչպես ես եմ վճարում: Ու այլևս չեմ պատրաստվում պատասխանել ձեր նամակներին, դուք անամոթ, ամբարտավան արարած եք երևում: Ես կյանքում ոչ ոքի չեմ խաբել և չեմ խաբում, Դուք կոպիտ և անտաշի մեկն եք, ոչ ոք չի խնդրել ձեզ, որ դուք խաղայիք, դուք եք սխալ թույլ տվել, երբ ընդհատել եք գումարի դուրս բերման գործողությունը և հաջորդ օրը շարունակել եք, հիմա էլ վարկաբեկում եք ինձ, դուք բորբոսնած կարմրություն եք,  դուք արժանի եք միայն աղքատության, դուք փորձում եք մեղքը գցել ինձ վրա, դուք միշտ կստանաք հենց այն, ինչին արժանի եք, դուք խայտառակում եք ինձ նման ազնիվ տիկնոջը, ամոթ ձեզ:

Դու հիմար, լկտի, անբարեխիղճ մարդ ես և փոխանակ ճիշտ կատարեիր իմ հրահանգները և շահեիր, հիմա որոշեցիր ցեխ շպրտել ինձ վրա, ինքներդ ձեզ մուրացկան եք դարձրել, որովհետև դուք անպիտանի մեկն եք: Դուք անհասկացողի մեկն եք, իմ հրահանգները միանգամայն ճիշտ են, ուղղակի դու շատ հիմար ես դա ճիշտ կատարելու համար և դու ինձ խաբեբա ես անվանում, որովհետև ես ճիշտ եմ, իսկ դու քո կոպտության պատճառով կորցրեցիր աշխատանքդ ու փողը:

Փայլակը իր ամբողջ գիտակցական կյանքում այսպիսի անշնորհք ու գռեհիկ բառամթերք չէր ստացել իր հասցեին և պատրաստ չէր այսպիսի հարձակման և փորձեց խաղաղեցնել ամբարտավան կնոջը:

Փայլակ-ի սկզբանե ես ձեզանից օգնություն էի խնդրել, առաջարկել էի, որ առաջին անգամ շահած գումարը դուք  հանեիք և ուղարկեիք փոստով ինձ, դուք հենց այն ժամանակ կատաղած շան նման հարձակվեցիք ինձ վրա,  խելագարի  մոլուցքով ինձ սաստեցիք, դուք արդեն համոզված էիք, որ խաղը տանուլ եք տվել: Ես քեզ նման մուրացկան չեմ, քանի որ այդպիսի գումարներ ես շատ եմ ունեցել և ծախսել: Ես պարկեշտ և նորմալ մարդ եմ, իսկ դուք անամոթ և չար արարած եք: Եթե ​​այդքան առատաձեռն եք, ապա վճարեք այն միջնորդավճարը, որը պահանջվում է և ես իմ արդար քրտինքով վաստակածի ավելի մեծ չափաբաժինը կուղարկեմ ձեզ, և մենք կհաշտվենք ու կշարունակենք մեր համատեղ աշխատանքը: Դու բորոտ անասուն ես և ես երբեք քեզանից  օգնություն չեմ խնդրել, ուղղակի առաջարկել եմ և դու մերժել ես, քանի որ դու այդքան փող չունեիր, որ ուղարկեիր ինձ: Ես համացանցում միշտ այդպես եմ պատասխանում խաբեբաներին, միշտ գրում եմ՝ իմ փոխարեն դուք վճարեք միջնորդավճարը, որը խաբեության հիմնական հայտանիշն է, և երբ կստանամ իմ հասանելիք ձեր առաջարկած այսպես կոչված “խոշոր գումարը”, ապա ձեզ կուղարկեմ այդ միջնորդավճարի տասնապատիկը: Եվ դրանով էլ ավարտվում է գրեթե բոլոր խոշոր գումարներ վաստակելու առաջարկները: Քանի որ խաբեությունը հենց կայանում է միջնորդավճար կորզելը մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր միամիտներից, որը կկազմի բավականին մեծ գումար:

Լանա-Դու ներողություն խնդրելու փոխարեն, ինձ անպատիվ խոսքեր ես գրում և մոռանում ես, որ օգնություն ես խնդրել: Դու պարզապես բորբոսնած աղբարկղ ես, չար արարած և զազրելի գազան, որի համար կստանաս այն, ինչին արժանի ես, կարծում ես, որ դու կարող ես ինձ խորհուրդ տալ,  դու վերջին հիմարի պես գործեցիր,  դու արժանի ես խոզի պես ապրելու ցեխի մեջ՝ քո կոպտության և անշնորհք պահվածքի համար: Ինձ դժվար չէր քեզ օգնելը: Ես միշտ էլ օգնում եմ նույնիսկ այն ապուշներին, ովքեր չեն կարող հրահանգներ կատարել, նույնիսկ այն դեպքերում երբ  դա խաղացողի սխալն է լինում,  ես օգնում եմ: Ես օգնում եմ նորմալ մարդկանց, այլ ոչ թե քեզ նման անհասկացողներին: Եվ հիմա դու ցանկանում ես, որ ես համակերպվեմ քեզ հետ աշխատելու մտքի հետ, ձեզ նման կեղտոտ արարածի հետ, ով անտեղի  վիրավորում է ինձ: Այն ամենից հետո, որ դու ինձ անպարկեշտ, հիմարի մեկն ես անվանել և դու դեռ համարձակվում ես մտածել, որ ես պատրաստ կլինեմ աշխատել քեզ հետ, անշնորհակալ արարածի հետ: Դու փչացրեցիր իմ տրամադրությունը քո կոպիտ վերաբերմունքի պատճառով, ես չեմ էլ փորձի օգնել քեզ որևէ բանով, քանի որ դու կեղտոտ, արարած ես, որը իրեն խոզի պես է պահում, դու նախ պետք է ներողություն խնդրեիր և ապա նոր օգնություն խնդրեիր: Այո, դու հիմա պետք է ծնկի գայիր իմ առջև և ներողություն խնդրեիր ինձանից, որպեսզի օգնեի քեզ: Դու առաջինը հարձակվեցիր  ինձ վրա, անվանելով ինձ խաբեբա, սրիկա, գրեցիր տհաճ խոսքեր, դուք ինքներդ եք սկսել և ոչ, թե ես, անշուշտ, կփորձեմ այնպես անել, որ այդ հաշվից դուք ոչինչ էլ չստանաք, քանի որ մտադրություն չունեմ հանդուրժել, երբ ինչ-որ մեկը վիրավորում է ինձ և կարծում է, որ կարող է անպատիժ մնալ: Կարող եք այժմ աղաչել, ներողամտություն հայցել, ենթադրել, թե ես կօգնեմ ձեզ և հետագայում աշխատել ձեզ նման  ամբարտավանի, փտած անձի հետ:

Փայլակը արդեն վստահ էր, որ գողին բռնել է հենց այն ճանապարհի հանգրվանում, որտեղից նա պետք է գումար վաստակեր, դա կլիներ իր այսպես կոչված միջնորդավճարի փոխանցումը այն հասցեին, որը հենց կարող էր պատկանալ Լանային: Նա արդեն վստահ էր, որ այդ հազարավոր դոլարները, որոնք շրջանառվում էին կեղծ խաղատանը, ուղղակի սարքովի թվեր էին և Լանան պետք է գումարը վաստակեր միայն այդ միջնորդավճարից, բայց խաղը չստացվեց, չստացվեց այն պատճառով, որ ինչ-որ տեղ սխալ գործողություն էր կատարվել և ծրագիրը ավելի գումար էր պահանջել, քան նախատեսված էր: Ապացուցված համարելով արդեն բացահայտված կեղծիքի բնույթը նա գրեց.

Փայլակ-Ես ամեն ինչ կատարել եմ ձեր ցուցումների համաձայն և որևէ քայլ չեմ կատարել առանց ձեզ հետ խորհրդակցելու, բացեք ձեր նամակները և ապացուցեք, թե որտեղ է իմ սխալը: Այնտեղ նույնիսկ հնարավոր չէ սխալներ թույլ տալ, ծրագիրը ներկայացնում է ամեն ինչ, և ես դա կատարել եմ քայլ առ քայլ: Այնպես որ, սիրելիս, դուք ձեր մեղքը չեք կարող բարդել ինձ վրա, դա չի գործի, դա արդար չէ, դուք իրականում խաբեբա և ստոր արարած եք, ինչպես ես գրել էի և հիմա առավել ևս համոզված եմ, որ դուք մի քանի դոլար փախցնելու համար զազրելի խարդավանքների եք դիմում:

Լանա-դուք ել բացեք ձեր նամակները և տեսեք, թե ինչպես եք պախարակել ինձ, անվանել ստոր արարած, սատանա, կոպիտ ու լկտի: Ի՞նչ ես կարծում, ես թույլ կտամ, որ դա անպատիժ մնա: Դուք կմնաք այդպես հիմար և կմեռնեք աղքատության մեջ. Ոչ ոք չի օգնի ձեզ, քանի որ դուք արժանի եք մեռնել աղքատության մեջ: Դուք էլ կարդացեք ձեր նամակները, թե ինչպես եք սկսել կոպիտ արտահայտություններ անել իմ հասցեին: Ոչ, դու հիմար և ապուշ  արարած ես: Դու համարձակվել ես ինձ վիրավորել այն բանի համար, որ դու ինքդ ի վիճակի չես ինչպես հարկն է կատարել: Եվ այն բոլորը, որ դու գրել ես ինձ, վիրավորել, զայրույթ առաջացրել իմ մեջ, հասկացեք ինքներդ, որ դուք ոչնչություն եք: Դուք կմեռնեք փոսի մեջ, և ոչ ոք չի օգնի ձեզ, քանի որ դուք արժանի եք շան պես սատկելու, սովից, ծարավից, դուք կփորձեք օգնություն խնդրել, բայց ոչ ոք այլևս չի օգնի ձեզ, իսկ մեռնելուց կհիշես, որ դու արժանի էիր նման ճակատագրի, դու ինձ իզուր տեղն ես վիրավորել, վիրավորել ես քո սեփական հիմարության պատճառով, քեզ դա չի ներվի:

Փայլակն, իհարկե մի քիչ զայրանում էր կարդալով Լանայի բարբաջանքները,հիստերիկ արտահայտչամիջոցները, բայց մտնելով այդ հիմար լեզվակռվի մեջ, երբեմն տուրք էր տալիս նրա գարշելի բառապաշարին ու  պատասխանում  այդ ոճով, որն էլ ավելի էր զայրացնում նրան: Տանուլ տված արարածը արդեն փրփուրներից էր կախվում և փրփուրը բերանին պախարակում էր գործընկերոջը, որին չէր կարողացել խաբել:

Փայլակ-Ես վերջնականապես հասկացա, որ գործ ունեմ շիզոֆրեննիկի և սատանայի հետ: Բայց նաև հիշեցնում եմ Ձեր առաջներում գրածը իմ մասին, որը մեջ եմ բերում այստեղ, չփոխելով նույնիսկ ոչ մի տառ. Ահա թե ինչ էիր գրել դու. “Հիանալի է, քանի որ ժամանակին հասցրեցիր կատարել առաջադրանքը, ապա կարող ես հաջորդ հաշիվը վերցնել 5 օրվա համար, նախօրոք պլանավորել ժամանակացույցը, սկսել հաջորդ խաղը ամսի 28-ին: Ես ձեզ թողել եմ շահումների ոչ թե  40%-ը, այլ 50% -ը, ես արդեն վերցրել իմ մասը, հիմա դուք կարող եք վերցնել ձեր մասը, ես օգտագործում եմ Perfect Money դրամապանակը, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ դրամն ինչքան հնարավոր է շուտ փոխադրեք դրամապանակ կամ քարտային հաշվին”: Եվ այս ամենը գրել եք անպատկառորեն, հաստատ իմանալով, որ ինձ խաբում եք և հույսը դրել էիք իմ միամտության վրա: Ես վաղուց եմ ծանոթ համացանցային խարդավանքներին և ցանկանում էի պարզել, թե որտեղ է թաքնված որոգայթը և այն պարզեցի ամենավերջում:

Լանա-դու ինձ անվանել ես սատանա, շիզոֆրեննիկ, թաքցնելով քո վախկոտ և ոչ համարձակ էությունը, դրանով  փորձելով ուրիշներին մեղավոր դարձնել  քո հիմարության պատճառով: Ես չեմ ամաչում այն արարածից, որը առաջինը սկսեց վիրավորել ինձ ՝ իր իսկ սխալի պատճառով, փոխանակ գրելու ճշմարտությունը, որովհետև դու փտած, անպիտան ու բութ արարած ես:

Փայլակ-Ձեր բառապաշարը միայն անեծք, հայհոյանք, զրպարտություն ու զանազան պատրվակներ են պարունակում: Իմացած եղեք, որ ես չեմ իջնի ձեր գռեհկության ու փողոցայինի մակարդակին, չնայած նրան, որ երբեմն սայթաքում եմ: Ես գրագետ մարդ եմ, քաղաքակիրթ և պարկեշտ, իսկ դուք անուղեղ, հոգեկան խանգարումով  անառողջ ծեր կին եք: Դուք մեղավոր եք ամեն ինչի համար: Ես ճշգրիտ կատարեցի ամեն ինչ, ինչպես որ դուք հրահանգում էիք, և ես զեկուցում էի ամեն մի գործարք կատարելուց առաջ և հետո կետ առ կետ և հիմա դուք ուզում եք ինձ մեղադրել ձեր անմարդկային գործողությունների համար, անեծքներ ու լուտանքներ թափելով ինձ վրա: Ամոթ է ձեզ, որ ես կյանքում երբևէ չեմ լսել այնպիսի անպատկառ խոսքեր, ինչպիսին դուք եք գրում, որպիսիք ձեր աղտոտված ուղեղում են գտնվում: Դուք կաշվից դուրս եք գալիս, ամեն ինչ փորձում եք անել, ապացուցելու համար, թե իբր այդ խաղը դուք տանուլ եք տվել իմ պատճառով, փոխանակ զղջալու ձեր արարքի համար, որ ստոր խաղ եք խաղացել, փորձելով դրամ շորթել: Դա չաշխատեց իմ դեպքում, ես քո պես աղքատ ու ընչաքաղց չեմ, ես քո պես փողի համար չեմ ապրում, այլ պատվի և մարդկային երջանկության համար եմ ապրում: Դուք չեք էլ ամաչում, որ ինձ տհաճ ու փողոցային ժարգոնի խոսքեր եք ասում: Ես ամաչում եմ ձեր փոխարեն: Ես պատճենել եմ ձեր նամակները և դրանք կուղարկեմ համապատասխան օրգաններին, միևնույն ժամանակ փաստաթղթեր կպատրաստեմ ձեզ դատի տալու համար ու նաև կպահանջեմ բարոյական վնասների հատուցում՝ անպարկեշտ բառերի և փողոցային արտահայտությունների համար: Թող օրենքը պատժի ձեզ նման խաբեբա անառակին:

Իհարկե, Փայլակը համոզված չէր, որ իր գրածը կարող է իրականություն դարձնել, դատարանի միջոցով պատժել այդպիսի մեկին, բայց որոշակի վախի ազդեցություն գործելու համար նա այդ ամենը գրեց:

Եվ իրոք, այդ նամակից հետո, Լանան գուցե և վախեցավ բացահայտվելուց, այլևս լռեց և դադարեցրեց պատասխանել, երևի նաև սպառել էր իր անեծքների և գարշելի բառապաշարի զինանոցը:

Սակայն մինչև այսօր էլ Փայլակը դժվարանում է պատկերացնել, թե ինչպես են մարդիկ կարողանում այսպիսի բարդագույն ճանապարհներ ընտրել, ժամանակ և միջոցներ ծախսել սրանից-նրանից խաբեությամբ որոշակի գումարներ կորզել, առանց խղճի խայթ զգալու:

Զարմանալի է նաև այն հարձակողական պաթոսը և դիմացինի վրա չեղած մեղքը գցելը,  նողկալի բառապաշարի հարստությունը օգտագործելը, որը կուտակված է այդպիսի նրբագույն էակների բորբոսնած ուղեղում, ինչպիսին կին արարածն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր դեպքում, երբ բացահայտվում է նրանց մասնակցությամբ խաբեություն գործելը և նախատեսված գործարքը  հիմնովին ձախողվում է:

Իհարկե, Լանայի համար այս փորձությունը ձախողվեց, բայց նա հիմա ավելի կատաղի մոլուցքով կփորձի մոլորեցնել այն սկսնակներին, որոնք անտեղյակ են այսպիսի պատմություններից:

 

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30