Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ խաբեությունը բացահայտվում է (մաս 2)

Սեպտեմբեր 15,2019 23:11

Սկիզբը՝ այստեղ։

Իհարկե, այս բոլորից հետո, Փայլակը բավականին աշխատանք կատարեց, նույնիսկ խաղալով պայմանական գումարի վրա, շահած դուրս եկավ և դրանից հետո միայն նամակով դիմեց Լանային:

Փայլակ-Բարև Ձեզ.

Ես գրեթե պատրաստ եմ սկսել իրական խաղը, փորձել եմ պայմանականի վրա և շահած եմ դուրս եկել, իհարկե, իրական խաղի ընթացքում կշարունակեմ զարգացնել իմ ունակությունները, բայց ունեմ մեկ հարց, որից հետո պատրաստ կլինեմ ամբողջովին:

Ձեր նամակում կա այսպիսի պարբերություն. «Մենք ընտրում ենք մեկ պայմանական թիվ խաղային պատկերի վրա և մի քանի խաղադրույքներից հետ հաղթում ենք և այն այլևս չենք ընտրում”:

Հարցս այսպիսին է. հաղթելուց հետո մենք փոխում ենք այն թվային դաշտը, որի դեպքում հաղթում ենք, թե այն  թվային դաշտը, որը նախապես ընտրել էինք մինչև խաղի սկսելը:

Լանա-Սա վերաբերում է այն թվին, որը սկզբում պայմանականորեն ընտրել եք, որը նաև նույն շահող թիվն է լինելու:

Փայլակը ամբողջովին ըմբռնելով իրական խաղի կանոնները, այն փորձելով նաև պայմանական խաղով, զգուշորեն միացրեց եվրոպական ռուլետ կոչվող վիճակախաղի իրական դաշտը և սկսեց դանդաղորեն զարգացնել խաղային գործընթացը:

Հուզմունքը բավականին մեծ էր, քանի որ նա պետք է այնքան ուշադիր լիներ, որ հասկանար, թե որտեղից է սկսվելու խարդավանքը և ինչով է նա ավարտվելու:

Էկրանի վրա նախատեսված քառանկյան մեջ թվերը արագորեն փոխարինում էին մեկը մյուսին: Ավանդի հաշիվը, որը նախապես դրել էր Լանան համապատասխան քառանկյան մեջ, սկզբում բավականին արագ տեմպերով սկսեց նվազել, հասնելով մինչև 290$, որից Փայլակը մի փոքր ընկճվեց, սակայն հետագայում այն բավականին արագ սկսեց աճել և այդպես վերուվար անելով, հասավ Լանայի կողմից առաջարկված 2000$ գումարի տիրույթին: Փայլակը  բացեց Լանայի էլեկտրոնային նամակի հասցեն և սեղմելով հետադարձ կոճակի վրա, կարճ արձանագրեց.

Փայլակ-Բարև Լանա:

2415$-ի վրա դադարեցրեցի խաղը:

Փայլակը շատ էր զգուշանում երկար-բարակ գրելուց, մտածում էր, որ պետք է միշտ զգոն լինի, որ դա խաբկանք է և ինքը արդեն որոշակի տարօրինակ տարրեր է հայտնաբերել խաղի ընթացքի մեջ և պետք է անզգուշորեն  դրանց մասին հանկարծ չգրի Լանային:

Այն երևույթը, որ խաղի սկզբում անընդհատ դրամ էր կորցնում, իսկ հետո սկսեց արագորեն ետ բերել կորցրածը և բազմաթիվ տատանումներից հետո հավաքեց անհրաժեշտ գումարի չափը կասկածելի էր թվում: Կասկածելի էր նաև շահումների  գումարի նույն թիվը՝ 180$-ը, որն իր կարծիքով պետք է փոփոխական լիներ: Այս մտորումների մեջ էր նա, երբ ստացավ Լանայի պատասխանը, որը գուցե անընդհատ հետևում էր Փայլակի գործողություններին, քանի որ նույն տիրույթում էր գտնվում:

Լանա-Այո, ես տեսնում եմ, այժմ խաղը կարող եք շարունակել միայն վաղը, իսկ որքա՞ն ժամանակ պահանջվեց այդ գումարը վաստակելու համար, դժվարությունների հանդիպեցի՞ր խաղի ընթացքում:

Փայլակ-Ողջույն Լանա.

Անկեղծ ասած, ես մի անգամ սխալ թույլ տվեցի և մկնիկի ձախ կոճակը սեղմեցի  երկու բջիջները միացնող գծի վրա և դրույքաչափը դարձավ 10$, բայց հաջորդ անգամներին աշխատում էի չսխալվել: Իսկ աշխատանքը տևեց  մոտ 3 ժամ: Կարծում եմ, որ ես հետագայում ավելի ուշադիր կլինեմ:

Լանա-Կարծում եմ, որ դու հետագայում անպայման պետք է ավելի զգույշ լինես, ձեր յուրաքանչյուր սխալը կարող է հանգեցնել շահած գումարի կորստի, հա, չմոռանամ հարցնել, որոշե՞լ եք ձեր բաժին գումարի դուրսբերման եղանակը:

Փայլակ-Խոստանում եմ, սրանից հետո ես ավելի ուշադիր կլինեմ, իսկ գումարի դուրս բերման մասին կարող եմ հայտնել, որ  երկու եղանակ եմ ընտրել և դրա մասին գրել էի ձեզ, բայց պատասխան չստացա, նորից եմ գրում,  հնարավո՞ր է, որ 1400$-ի չափով մուտք անեմ Payeer դրամապանակ, իսկ 1000$-ին համարժեք գումարը՝ MasterCard-ին փոխանցեմ, որոշել եմ վաղը գնալ ինձ սպասարկող բանկի մոտակա մասնաճյուղ և պարզել` կարո՞ղ եմ այս քարտին 1000$-ից ավելի դրամ մուտք անել և եթե դրական պատասխան ստանամ, ապա Payeer-ը դուրս կգա խաղից:

Լանա-մի քանի անգամ կայք մուտք գործել և գումար հանել այնտեղից հնարավոր չէ, մեկ անգամ պետք է ես կատարեմ այդ գործողությունը և մեկ անգամ էլ՝ դու, իսկ երրորդ անձի մուտքի դեպքում պետք է հաստատվի նրա ինքնությունը խաղատան կողմից, և քանի որ ես միշտ նոր անուններ եմ հորինում, որոնք, բնականաբար կեղծ են լինում, ուստի անհնար կլինի հաստատել նրա ինքնությունը: Եվ մի բան էլ հիշեցնեմ, որ MasterCard-ը պետք է ԱՄՆ դոլարային լինի, ասեմ նաև, որ բումարի դուրս բերման տարբերակի մասին ես ձեզանից նամակ չեմ ստացել:

Փայլակ-իմ ունեցած MasterCard-ը ԱՄՆ դոլարի է և նրան կանոններում գրված է, որ  քարտից քարտ տեղափոխում թույլատրվում է առավելագույնը 1000$-ին համարժեք դրամ, բայց վաղը կպարզեմ, գուցե համացանցից կարելի է ավելին փոխանցել: Եթե դա այդպես չլինի, ապա ես Ձեզ կխնդրեմ  որ 1400$-ը Դուք դուրս բերեք ձեր հաշվի հետ, իսկ հետո սովորական եղանակով փոխանցեք իմ քարտին,  իսկ գումարի մնացած մասը՝ 1000$ ես կփոխանցեմ իմ  քարտին: Խոստանում եմ, որ հաջորդ անգամների համար անպայման կգտնեմ  օպտիմալ լուծում: Մի հարց ևս, այսօր ե՞րբ ես պետք է սկսեմ խաղալ: Երեկ սկսել եմ ցերեկվա 15:00-ի սահմաններում:

Փայլակը կանխամտածված գրել էր Լանային, որ նա իր փոխարեն ստանա և ուղարկի իրեն հասանելիք 1400$-ը, փորձելու համար, թե ի՞նչ կպատասխանի դրան նա: Նա ենթադրում էր, որ եթե սա հնարամտորեն ստեղծված  խարդախություն է, ապա Լանան կհրաժարվի 1400$-ը իրեն ուղարկելու մտքից, իսկ եթե իրականություն է, ապա այստեղ ոչինչ վտանգավոր բան չկա, եթե նա իր գումարը 60%-ի փոխարեն դուրս գրի, ասենք 70%-ի չափով և հետագայում այն ուղարկի Փայլակի հաշվի վրա:  Լանայի պատասխանը, ինչպես և սպասվում էր առավել զայրացկոտ էր, կոպիտ ու հրամայական, որը ևս մեկ անգամ հուշում էր Փայլակին, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

Լանա-ես ձեր գումարը չեմ ստանա և ոչինչ էլ չեմ փոխանցի, և քո փողերով չեմ զբաղվի, սա գրասենյակային աշխատանք չէ, յուրաքանչյուրը պետք է կարողանա կազմակերպել իր աշխատանքը, կազմի իր ժամանակացույցը, այդ թվում նաև գումարի դուրս բերման եղանակը: Ես սկզբից էլ նախազգուշացրել եմ  ձեզ, որ դուք մտածեք գումարի դուրս բերման մասին,  ընտրեք բազմաթիվ եղանակներից լավագույնը,  վերջապես փորձեք ձեր հետույքը բազմոցից պոկել,  ձեր հարցերը ինքներդ լուծել, ոչ ոք ձեր փոխարեն պարտավոր չէ կատարելու ձեր գործերը:  Եվ այսուհետ, նախազգուշացնում եմ, որ այդպիսի խոսակցություն այլևս տեղի չունենա և դուք չփորձեք  ձեր խնդիրները ուրիշի վրա բարդել:

Կանոնները բոլորի համար նույնն են, ամեն մեկը իր գումարն է հանում խաղատնից՝ իր քարտին կամ դրամապանակին, և այնտեղից ոչ-ոք 2500$-ից պակաս չի ստանում, իսկ վաղը որ ժամին կսկսես խաղալ, դա կարևոր պայման չէ, այն կարող եք սկսել ցանկացած պահի, բայց միայն վաղը, ոչ այսօր:

Փայլակը, իհարկե այսպիսի կոպիտ և գռեհիկ արձագանքի չէր սպասում, բայց որ իր գուշակելը գրեթե ճիշտ ուղու վրա էր, ևս մեկ անգամ հուշում էր խաղի ոչ ազնիվ բնույթի մասին:  Ուրեմն այնտեղ ոչ մի դոլար էլ չկա, ուղղակի սա դատարկ  թվերի հետ ծրագրային խաղ է և դրա համար էլ Լանայի այդ վարմունքը այնքան էլ տեղին չէր և նա չէր պատրաստվում Փայլակի շահած 1400$ դոլարը ստանալ և իրեն  ուղարկել:

Բայց դա դեռ բոլորը չէր, դրա համար էլ Փայլակը փորձեց որոշ չափով մեղմել Լանայի զայրույթը և միամիտ ձևանալ, սպասելով հետագա կատվա-մկնային խաղի ընթացքին և հասնելու այն շրջադարձային պահին, երբ կբացահայտվի խաղի կեղծիքի գագաթնակետը ու խաղը չտապալելու և նրա ընթացքը շարունակելու համար, հաջորդ օրը գրեց.

Փայլակ-բարև Լանա:

Դուք չափազանց  զայրացել եք և իզուր, ես Ձեզ չեմ թելադրել իմ կամքը, պարզապես, բարեկամաբար խնդրել էի, որ քանի դեռ հիմնական ելք չէի գտել գումարը դուրս հանելու համար, ապա որոշեցի, որ իմ առաջարկը հարմար տարբերակ կարող է լինել առաջին անգամվա համար, մինչև որ կգտնեմ այլ մի վերջնական տարբերակ: Բայց, քանի որ դուք այն հարմար չեք գտնում, ապա ես դրա համար հարյուր անգամ ներողություն եմ խնդրում ձեզ զայրացնելու համար, պարզապես չէի սպասում այդպիսի կոշտ արձագանքի:

Տեղեկացնեմ նաև, որ երկրորդ օրվանից հետո, իմ հաշվեկշռում արդեն 4515$ է, բայց այսօր ինչ-ինչ պատճառներով  աշխատանքը մի փոքր երկար տևեց,  մոտ 4 ժամ աշխատեցի, նորից ներողություն եմ խնդրում Ձեզ զայրացնելու համար: Ես արդեն որոշել եմ, որ գումարը կփոխանցեմ իմ Qiwi դրամապանակին: Հարգանքներով՝ Փայլակ: ,

Իհարկե Փայլակը այս տիպի դրամապանակից ուներ գրանցված և Լանային հանգստացնելու համար էր այն գրել, մինչև համոզվեր, որ կեղծիքը շուտով կբացահայտվի և հարցը վերջնական լուծում կստանա: Բայց Լանան բավականին կատաղած էր և փորձում էր իր հաձակողական ոճով Փայլակին մոլորեցնել և հետևեց գրեթե նույն սաստող բնույթի  պատասխանը, որը սովորաբար չէր սկսվում ողջույնի բառերով, չնայած նրան, որ Փայլակը ամեն անգամ նամակը սկսում էր բարի ողջույնով:

Լանա-ես ձեզ ամեն ինչով պատրաստ աշխատանք եմ տվել, ավանդային գումար եմ հատկացրել, կայք եմ նախանշել, հաշիվ եմ բացել ու այս բոլորը ոչ մեկ ամսվա աշխատանքի արդյունք է, և երևում է, որ դուք չափազանց ծույլ եք, որպեսզի կարողանաք գումար վաստակել, սա միայն ինձ չէ, որ զայրացնում է: Այն կարող է ցանկացած մարդու զայրացնել, երբ մարդուն տրվում են այնպիսի կատարյալ պայմաններ՝ գումար վաստակելու համար, բայց դեռ այդ բոլորը քիչ է, պետք է նրան տալ սպասվածից ավելին: Իսկ Qiwi-ն պետք է ստուգվի:

Լանայի գրելաոճը բավականին տարօրինակ էր, նա մի մտքից կտրուկ շրջադարձ էր կատարում հաջորդին և Փայլակը հասկացավ, որ Qiwi դրամապանակն էլ Լանայի սրտովը չէ և պետք է մի այլ ճանապարհ գտնել խաղը շարունակելու համար, գուցե նաև նա գլխի էր ընկել, որ Փայլակը հասկացել է խաղի կեղծ լինելը ու հաջորդ օրը գրեց նրան.

Փայլակ-Բարև Լանա:

Մի անհանգստացեք, ես ծույլ մարդ չեմ, ես առաջին անգամ եմ անում այս գործը, և դրա պատճառով է, որ կան դժվարություններ, որոնք ես համառորեն հաղթահարում եմ և կարծում եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ լավ կլինի, իսկ գումարի վերջնական չափը երրորդ օրվա վերջում արդեն կազմում է ուղիղ 650$, սպասում եմ ձեր հետագա հրահանգներին:

Հարգանքներով՝ Փայլակ:

Նամակը ուղարկելուց քիչ անց Փայլակը նկատեց, որ գումարի վերջում մոռացել է երկրորդ “0” թվանշանը դնել, որը կարող էր Լանային կրկին զայրանալու առիթ ընձեռնել, արագորեն ուղարկեց ճշտող նախադասությունը՝ «Ներեցեք 6500$»:

Լանան այս անգամ անտարբեր գտնվեց գումարի սխալականության հանդեպ և գրեց.

Լանա-Նշեք ձեր գումարի դուրսբերման վերջնական եղանակը, որպեսզի ես ուղարկեմ այն դուրս բերելու համապատասխան հրահանգ:

Փայլակ-Վերջնական ընտրությունս Master Card-ն է, քանի որ պարզեցի, որ այն բավարարում է ինձ հասանելիք առավելագույն գումարից ավելի գումար մուտքագրելու պահանջներին:

Լանա-Քարտերը միայն արժույթային պետք է լինեն:

Փայլակ-Քարտը դոլարային է:

Լանա-Դե՛, քանի որ ժամանակին կարողացաք հանձնարարված աշխատանքը կատարել, ապա հաջորդ խաղը արդեն 5 օրվա համար կարող եք վերցնել, նախօրոք պլանավորեք ձեր ժամանակացույցը, հիշեք, որ հաջորդ խաղը ամսվա վերջին է լինելու, 28-ից սկսած: Ասեմ, նաև, որ ինքս, դրամի մուտքագրման համար օգտագործում եմ «Perfect Money» դրամապանակը: Հա՛, մոռացա, զգուշացնեմ, որ քո հաշվի մեջ օգտատիրոջ անունը և ազգանունը չփորձես փոխել, ինչպես, որ գրել եմ, այնպես էլ թող մնա՝ Արկադի Դեմենտև, սակայն, որ ուզենաս էլ չես կարող փոխել:

Փայլակ-Բայց նամակում գրել էիք, որ անհրաժեշտ է փոխել օգտատիրոջ որոշ տվյալներ:

Լանա-Իսկ ես անուն-ազգանվան մասին գրել ե՞մ ինչ-որ բան: Պետք է փոխել երկրի, էլեկտրոնային փոստի և հեռախոսի տվյալները միայն, իսկ օգտատիրոջ ազգանունն ու անունը չեն փոխվում: Ես այս մասին գրում եմ երկրորդ անգամ, դու իմ ուղարկած հրահանգներում որևէ տեղ կարդացել ե՞ս, որ պետք է փոխել օգտատիրոջ անուն-ազգանունը՞՞՞

Փայլակ-Հարգելի Լանա, մի բարկացեք, առաջին անգամ եմ ես այսպիսի գործարքի մեջ մտնում, դժվարություններ կան, խոստանում եմ, որ երկրորդ անգամ ամեն ինչ ավելի սահուն կընթանա, ես բացարձակապես ծանոթ չէի գործարքի մանրամասներին և միշտ խուսափել եմ համացանցում խաղային կայքերի հետ շփվելուց:

Լանա-Դուք կարող եք ցանկացած պահի խաղի մեջ մտնել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում: Ուշադրությամբ ստուգեք և փոխարինեք խաղատան հաշվի ոչ բոլոր կոնտակտները, ստուգեք ուշադրությամբ, արդյոք դրանք համընկնում են նախապես գրանցված տվյալների հետ: Դուք նշեք ձեր երկրի անունը, բայց իմացեք, որ երկրների մեծ մասում ծառայության գումարը ինքնավար հանվում է շահած գումարից, բայց ոչ ամեն տեղ, նաև իմացիր, որ իրավաբանական անձինք – միշտ վճարում են առանձին, անկախ կացության երկրից:

Փայլակի համար ավելի պարզորոշ էին գծագրվում խաղի կասկածելի թվացող ընթացքը, քանի որ արդեն ակնարկվում էր դրամը ստանալու համար որոշակի մուծումներ կատարել ծառայությունների դիմաց, բայց քանի որ որոշել էր մինչև վերջ գնալ ու տեսնել, թե որտեղ է թաքնված հիմնական կեղծիքը, ապա իրեն միամիտ էր ձևացնում, իսկ Լանայի դյուրագրգիռ և նյարդային պահվածքը ցույց էր տալիս, որ խաղի վերջնական նպատակն է Փայլակից ինչ-որ չափի գումար կորզել հենց երևակայական շահած գումարի համար միջնորդավճարի մուծման հաշվին:

Եվ ահա, երբ Փայլակը փորձեց կատարել համացանցի խաղարկային կայքից երևակայական շահած գումարի դուրս բերման գործընթացը, էկրանին հայտնվեց կանխատեսելի հաղորդագրությունը, որտեղ պահանջվում էր որոշակի միջնորդավճար կատարել դրամի փոխանցման վրա ծախսված ծառայությունների դիմաց:

Ահա հենց այս գումարն էլ պետք է լիներ Լանայի շահած գումարը, եզրակացրեց Փայլակը և իսկույն էլեկտրոնային փոստով ահազանգեց Լանային, որպեսզի իմանա նրա կարծիքը.

Փայլակ-Բարև Լանա:

Գումարը հանելիս ծրագիրը պահանջեց, որ ես 90$ չափի  միջնորդավճար կատարեմ, ես դադարեցրի գործողությունը, քանի որ քարտիս վրա պահանջվող գումարը չկար, ես այսօր կգնամ բանկի մասնաճյուղ, կավելացնեմ կայքի պահանջվող գումարը և այդ մասին ձեզ անպայման տեղյակ կպահեմ:

Հարգանքներով՝ Փայլակ:

Լանա-ավելի լավ է գրեք այն մասին, թե հաջորդ անգամ երբ կարող եք սկսել խաղը, քանի որ այս ամսվա համար արդեն նոր կայք եմ նախապատրաստել:

Սակայն Փայլակը այս անգամ այլևս չարձագանքեց պատասխանեց Լանայի պահանջին, թողնելով այն հաջորդ օրվան: Իսկ հաջորդ օրը էլեկտրոնային փոստով հաղորդեց նախապես պատրաստված տեքստը.

Փայլակ-Ողջույն  Լանա, երեկ բանկի մասնաճյուղում քարտիս վրա ավելացրեցի պահանջվող գումարը, բայց երբ տուն եկա, միացրեցի համակարգիչը և փորձեցի շահած գումարը տեղափոխել քարտիս վրա, այն չտեղափոխվեց և սխալի պատճառը չհաղորդվեց: Ես հեռախոսով կապվեցի մեր բանկի աշխատակցուհու հետ և նրանք ինձ տեղեկացրին, որ գործարքի համար ավելի գումար է պահանջվում, քան ծրագրով նախապես առաջարկվող 90$-ը, որ ես մուտք եմ արել նախատեսվածից ավելի քիչ գումար: Ես վաղը ստիպված կլինեմ կրկին այցելել բանկ և քարտը համալրել պահանջվող գումարով:  Գործարքը ավարտելուց հետո ես ձեզ կտեղեկացնեմ արդյունքի մասին: Այսօր արդեն երկրորդ անգամ  ժամանակ չկա քարտը լիցքավորելու համար, քանի որ բանկը արդեն փակ է և վաղը միայն կգնամ: Ես այսօր համացանցում ստեղծեցի նաև Ձեր առաջարկած Perfekt Money դրամապանակ, բայց այն պահանջում է փոխանցել դոլարի այնպիսի բարձր նվազագույն չափ, որը ես չունեմ:

Հարգանքներով՝ Փայլակ:

Փայլակը անընդհատ փորձում էր խաղը ձգձգել, հասկանալու համար, թե իրո՞ք ինքը ճիշտ է կռահել Լանայի միտքը, թե դեռ այլ խաղեր կան խաղալու նրա կողմից:

Լանան իսկույն արձագանքեց:

Լանա-Իսկ դու համոզվա՞ծ ես, որ քո քարտը, հաստատ, արժութային է:

Փայլակ-Իհարկե, ես վստահ եմ, քարտը ձևակերպելիս, ես հատուկ դոլարային եմ պատվիրել, որի հետ աշխատել եմ մի քանի անգամ փոխանցումներ կատարելիս տարբեր համացանցային դրամապանակների: Նույնիսկ, երբ ես բանկից դրամ եմ ուղարկում ազգային արժույթով, օպերատորները այն վերափոխում են դոլարի, ապա նոր ուղարկում հասցեատիրոջը: Այնպես որ, ես 100%-ով վստահ եմ դրանում: Վաղը ես կավելացնեմ պահանջվելիք գումարը, տեսնենք, ինչ կստացվի: Եթե ​​ցանկանում եք, ես ձեզ կուղարկեմ գործարքների սքրինշոթերը, որտեղ դուք կարող եք հստակ տեսնել փոխարկելի կայքի հասցեն և փոխարկման համար պահանջվող ռուբլու քանակը: Կարծում եմ, որ փոխարկումը կատարվում է այլ արժույթով, ենթադրում եմ, որ միջնորդ երկիրը Ռուսաստանը չէ:

Լանա-Դե, ես էլ նույնպես Ռուսաստանցի չեմ, ես ապրում եմ Նիդեռլանդներում, բայց  ծնունդով Լիտվայից եմ և հաճախ եմ լինում այնտեղ: Դուք այն երկրից եք, որտեղ գուցե և պահանջվում է միջնորդավճար կատարել, եթե ցանկանում եք, ես կարող եմ իմանալ և ձեզ հաղորդել, թե ինչ եղանակով են նրանք կատարում այն:

Փայլակը վերջնականապես համոզվեց, որ կեղծիքը հենց այս միջնորդավճարը կորզելու մեջ է, որը Լանայի վերջին հույսն է և նա պատրաստ է դրա մասին մանրամասներ իմանալ և տեղեկացնել իրեն:

Հաստատապես հենց այստեղ է թաքնված չարաբաստիկ “շան գլուխը”, որ այսքան խորամանկ ձևով գրված սցենարով,  հմտորեն փորձում է խաղալ գլխավոր դերակատարը՝ Լանա Դորես կեղծ անունով տիկինը: Ու չհամբերելով Լանայի վերջնական պատասխանին, մի քիչ էլ նյարդայնացած տոնով, արդեն բաց տեքստով, Փայլակը գրեց.

Փայլակ-Ես վերջնականապես համոզվեցի, որ Դուք ինձ ստորաբար խաբել եք , ուղղակի ես համբերատար տանելով ձեր խարդավանքների ծանր բեռը, ուզում էի հասկանալ, թե սրա վերջնական և շրջադարձ կետը, որտեղ է գտնվում և պարզեցի, որ այն հաշիվը, որի վրա ես պետք է միջնորդավճար փոխանցեի, հենց ձեր անձնական հաշիվն է: Դուք ստոր և այլանդակ արարած եք և այդպիսի խորամանկ խաղով ցանկանում էիք ինձանից կորզել այդ 90$-ը կամ ավելին: Բայց, ավաղ, այս անգամ դուք տանուլ տվեցիք խաղը: Իմ այն խնդրանքին, որ կայքից իմ փոխարեն գումար հանեք և ուղարկեք ինձ, դուք չցանկացաք կատարել և հոխորտանքով պատասխանեցիք, իսկ հիմա բարի աղավնի եք դարձել և հոժարակամ ցանկանում եք իմանալ, թե ինչպես պետք է ես ձեզ գումար ուղարկեմ կեղծ միջնորդավճարի անվան տակ:

Այս պաթետիկ տոնով հաղորդագրությանը  Լանան, կարծում եմ, չէր սպասում և անմիջապես արձագանքեց և այն էլ ինչպես…

(Շարունակելի)

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել