Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղուկասյան. «Շնորհակալ կլինենք, որ շատ չխանգարեն»

Հոկտեմբեր 01,2019 21:15

The meaning is now (Իմաստը ներկայում է) խորագրով Երեւանում բացվեց 17-րդ «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը, որը վերջերս Եվրոպական փառատոների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Թատերական լավագույն փառատոն ու ընդգրկվել 24 լավագույնների ցանկում, մրցանակաբաշխությունն էլ կայացել է սեպտեմբերի 26-ին Բոզարում՝ Բրյուսելի գեղարվեստական կենտրոնում:

«Հայֆեստն» այս տարի բացվեց Ռյազանի պետական դրամատիկական թատրոնի «Ֆաուստ» ներկայացմամբ, իսկ դրանից առաջ Հ. Պարոնյանի անվան թատրոնի հարակից տարածքում ցուցադրվեց Սանկտ Պետերբուրգի «Միմո կրոկոդիլ» թատրոնի «Ճանապարհորդություն» բացօթյա ներկայացումը:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընտրել են բազմաշերտ, բայց ոչ պարզունակ ներկայացումներ, հրավիրել են հեղինակավոր արվեստագետների, արթ-մենեջերների, միջազգային փառատոների նախագահների՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Գերմանիայից,Շվեյցարիայից եւ այլ երկրներից:

Aravot.am-ը հարցրեց՝ արդյոք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից շնորհավորել են իրեն՝ «Հայֆեստի» եվրոպական լավագույն 24 փառատոների ցանկում ընդգրկվելու առիթով: Արթուր Ղուկասյանն ասաց, որ փոխնախարար Արա Խզմալյանն է զանգել ու շնորհավորել:

«Ես նախարարության տեղը լինեի, ավելի շատ կանդրադառնայի այս ամենին, մեր երկիրը Ֆրանսիան չէ կամ մեկ այլ երկիր, որ ունի Ա դասի փառատոներ եւ հեղեղված է մրցանակներով, ու այնպես չէ, որ ասենք՝ օֆ, հերթական մրցանակն է: Կարելի էր այլ վերաբերմունքի արժանացնել, այդ թվում եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից, բայց ոչինչ, շնորհակալ կլինենք, որ շատ չխանգարեն»,-ասաց Արթուր Ղուկասյանը:

Ռյազանի դրամատիկական թատրոնի տնօրեն Սեմյոն Գրեչկոն նշեց, որ «Ֆաուստը» միշտ արդիական է եւ գնալով էլ ավելի արդիական է դառնում, որովհետեւ այսօր մեծ թվով գայթակղություններ կան, որոնց պետք է դիմակայել: Ինչ վերաբերում է թատրոնի առաքելությանն ընդհանրապես, հույս հայտնեց, որ այն կրթում է հանդիսատեսին, հույզեր փոխանցում եւ դրանց միջոցով լավը դարձնում: Ասաց, որ իրենց «Ֆաուստ» ներկայացումը դիտելու են գալիս ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ, այլեւ անգամ 15 տարեկաններ:

Հավելենք, որ «Հայֆեստը» կտեւի հոկտեմբերի 1- 8-ը, ներկայացումներ կխաղան 18 բեմահարթակներում, կմասնակցի 48 թատերախումբ՝ հայկականը ներառյալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031