Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ երկրների ղեկավարներ՝ Երեւանում

Հոկտեմբեր 03,2019 12:00

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության մեկնարկը տպավորիչ էր

Հոկտեմբերի 1-ին Երեւանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստն էր, որը կարելի է համարել տարածաշրջանային նշանակության, քանի որ Երեւան ժամանեցին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

ԵԱՏՄ նախագահող Հայաստանի իշխանությունները, սակայն, մինչեւ հավաքը երկկողմ հանդիպումներ ունեցան գործընկերների հետ։

Հայաստանը համախոհ եւ կարեւոր գործընկեր է Սինգապուրի համար

Նիկոլ Փաշինյանի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի երկկողմ պաշտոնական բանակցությունների ավարտից հետո տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում երկու երկրների վարչապետները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնել Սինգապուրի հետ մեր բարեկամական հարաբերությունները եւ իրականացնում է հետեւողական քայլեր։

Հայտնի է, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի երեւանյան նիստի շրջանակում Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների միջեւ Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագրի եւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումն էր նախապատրաստվել, իսկ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ՝ Ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրը։ «Ուրախ ենք, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում։ Մենք՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկիր, զգալի ջանքեր ենք գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ, եւ Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Հուսով ենք, որ այս կարեւոր իրավապայմանագրային հենքի ստեղծումը կնպաստի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում մեր երկրների համագործակցության աշխուժացմանը»,- ասաց Փաշինյանը։

Սինգապուրի վարչապետն իր խոսքում տեղեկացրեց, որ քննարկել են ԵԱՏՄ-Սինգապուր Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, եւ էական առաջընթաց են ձեռք բերել՝ Փաշինյանի հետ նախորդ հանդիպումից ի վեր։ «Հայաստանը համախոհ եւ կարեւոր գործընկեր է Սինգապուրի համար Եվրասիական տնտեսական միությունում։ Առաջին հայացքից մեր երկրները շատ տարբեր են. երկուսն էլ աշխարհագրական մեծ հեռավորության վրա են, մեկը կղզի պետություն է, մեկը դեպի ծով ելք չունի, երկուսն էլ տարբեր ճանապարհներով են գնացել դեպի անկախություն, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ որպես փոքրիկ պետություններ, որոնք ձգտում են դարպաս ծառայել մեր տարածաշրջաններում։ Երկուսս էլ կարեւորում ենք ազատ եւ բաց առեւտուրը, երկուսս էլ կարեւորում ենք բազմակողմ միջազգային օրակարգը, եւ երկուսս էլ կրում ենք իրավունքի գերիշխանության արժեքները միջազգային հարթակներում։ Այս իմաստով երկուսս էլ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի Ազատ առեւտրի մասին համաձայնագրի կարեւոր ջատագովներ ենք»։ Խոսելով ԵԱՏՄ առաջին համապարփակ Ազատ առեւտրի համաձայնագրի մասին, նա հավելեց, որ Սինգապուրի համար մեծ պատիվ է լինել գործընկեր այդ համաձայնագրում, շնորհակալություն հայտնեց Փաշինյանին իր անձնական առաջնորդության, այդ արդյունքն ապահովելու համար։

Հայաստանի ու Սինգապուրի միջեւ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից երկու երկրների միջեւ համաձայնագիրը կարեւոր քայլ կարելի է համարել թե՛ բիզնեսի, թե՛ ներդրումների առումով։

Բելառուսը պատրաստ է «Հայաստանի մեջքին կանգնել»

Սեպտեմբերի 30-ին Երեւան ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը Փաշինյանի հետ հանդիպումից հետո ուշագրավ մտքերով կիսվեց։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը կարեւորելով երեւանյան նիստը, նախ նշեց, որ դա նշանակում է, որ Հայաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ գործընկերների շրջանակն ընդլայնվում է. «Վստահ եմ, որ դա կբարձրացնի ԵԱՏՄ-ի գրավչությունը եւ ԵԱՏՄ բոլոր երկրներում բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի»: Ապա հավելեց. «Իհարկե, Բելառուսը մեր ռազմավարական գործընկերն է, շատ կարեւոր գործընկերը, եւ մենք շատ արգասաբեր աշխատում ենք: Հույս ունեմ, որ այդ համագործակցությունը գնալով առավել արգասաբեր կդառնա»:

Իսկ Լուկաշենկոյի խոսքը անկեղծություն պոռթկում կարելի է անվանել. «Երբ ինձ զեկուցեցին այն մասին, որ մենք պետք է մշակենք Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետեւ մեր տնտեսությունները նման են, եւ չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որեւէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաեւ մեզ: Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը եւ մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել: Ձեր յուրաքանչյուր դիմումին մենք մշտապես աջակցել ենք, եւ պետք է ասեմ, որ դա առաջին դեպքն է, երբ մեկ տարվա ընթացքում Դուք կարողացաք ոչ միայն առաջ շարժվել, այլեւ մշակել համապատասխան համաձայնագիրը: Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին: Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի: Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը»,- ասաց Լուկաշենկոն:

Նա խոստացավ՝ աջակցել հայկական բիզնեսին Բելառուսում, հավելելով, եթե՝ «ձեզ հետաքրքիր են մեր ձեռնարկությունները, մենք կգանք Հայաստան, համատեղ ձեռնարկություններ կստեղծենք»: Ապա հավելեց. «Ես դա ասում եմ այն առնչությամբ, Նիկոլ Վովայի, որպեսզի Դուք չմտածեք, թե մեզ մոտ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է: Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միեւնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, եւ Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել: Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, եւ Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիեւն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որեւէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են»: Այնուհետեւ իր խոսքում Լուկաշենկոն հարկ համարեց ընդգծել, որ նման ոչ դիվանագիտական թեմա է շոշափում, որը միգուցե պետք չէր անել, բայց նա  անում է, որպեսզի երկու երկրների միջեւ որեւէ՝ «մինչեւ վերջ չասված, չպարզված բաներ լինեն»:

Ուշագրավ էր, որ Լուկաշենկոյի խոսքերից հետո Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց ընդգծել՝ նախ, որ Սինգապուրի հետ համաձայնագրի մշակումը՝ թիմային աշխատանքի արդյունք էր, ապա նաեւ հավելեց. «Ինչ վերաբերում է ուղղախոսությանը, մենք վաղուց արդեն պայմանավորվել ենք, ես դա շատ եմ գնահատում, շատ բաց ոճ է, եւ մենք հենց այդպես էլ մշտապես շփվում ենք: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, որպեսզի մեր հարաբերություններում մութ անկյուններ չլինեն, եւ մենք միշտ բաց բոլոր հարցերը քննարկում ենք: Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաեւ ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, յուրաքանչյուր պետություն պետք է հաշվի նստի սեփական շահերի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, ինչպես որ խոսել էինք այդ մասին, մենք նաեւ հավաքական շահեր ունենք, եւ շատ ուրախ եմ, որ մենք ունակ ենք միասին աշխատել եւ քննարկել բոլոր նյուանսները՝ միասնական կարծիքի հանգելու համար: Իհարկե, ոչ բոլոր հարցերն են հեշտ, եւ ընդհանրապես զբաղվել այն գործով, որով մենք զբաղվում ենք, հեշտ գործ չէ: Վստահ եմ, որ մենք բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն եւ բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար եւ այնպես լուծելու համար, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների բարեկամությունը եւ եղբայրությունը զարգանան եւ գնալով ավելի ու ավելի ջերմանան: Ես դրանում վստահ եմ»:

Թեհրանը կարեւորում է ՀՀ-ի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը

«Կարեւոր բանակցություններ ունեցանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո։ Ողջունելով հարեւան երկրի առաջնորդին՝ Փաշինյանը փաստեց, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները լավ են եղել եւ մինչ այսօր էլ շարունակում են մնալ։ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է. «Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետեւ մենք անմիջական հարեւաններ ենք եւ ունենք շատ ընդհանուր շահեր, եւ մենք դեռ շատ երկար դարեր եւ հազարամյակներ պետք է համագործակցենք»։ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր խոսքում ընդգծեց, որ մեծապես կարեւորում են Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը եւ ընդլայնումը` որպես բարեկամի եւ հարեւանի, եւ հավելեց, որ պատրաստ են կառավարության հետ շարունակել աշխատանքները՝ նոր ծրագրեր մշակելու եւ կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: «Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու եւ արեւի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ եւ ենթակառուցվածքների զարգացմամբ»: Հասան Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:

Պաշտոնական Երեւանը ողջունեց իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Փաշինյանն ու Ռոհանին երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել եւ ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ: Նրանք նաեւ անդրադարձել են երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ռոհանին հարկ է համարել ընդգծել, որ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են: Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների ծավալները, ազատ առեւտրի գոտիների միջոցով առեւտրաշրջանառության ծավալները:

Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում ասվում էր, որ Փաշինյանն ու Ռոհանին մտքեր են փոխանակել նաեւ Պարսից ծոցը Սեւ Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ, եւ որ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, եւ որ Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Խիստ կարեւոր էր Իրանի նախագահի կողմից արձանագրումը, որ պատրաստ են ընդլայնել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի -ժամանակ այդ հարցը քննարկվել էր իրանական կողմի հետ, պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ որեւէ խոչընդոտ չի տեսնում եւ պատրաստ է իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան կամ այլ ուղղությամբ արտահանելու։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031