Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ շաբաթ փակվել էի մի սենյակում, որտեղ համացանցի հետ կապ չկար և այդ ժամանակ գրեցի գրքիս մեծ մասը». Ալեքսիս Օհանյան

Հոկտեմբեր 08,2019 22:55

«Մեկ ամիս աշխատեցի գրքիս վրա, որից հետո մեկ շաբաթ ինձ փակել էի մի սենյակում, որտեղ համացանցի հետ կապ չկար և այդ ժամանակ գրեցի գրքիս մեծ մասը»,-իր հեղինակած «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում պատմեց գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Նա գրքի շնորհանդեսի ընթացքում խոսեց այն պատասխանատվության մասին, որը զգում է որպես հայ՝ ապրելով ԱՄՆ-ում. «Այն պատասխանատվությունը, որ ես ունեմ, մի փոքր ինձ զգում եմ որպես դեսպան՝ իբրև հայ ԱՄՆ-ում, նաև ծնվել եմ ապրիլի 24-ին, մի անձ, որ ուզում է՝ իր երկիրը կարողանա իր ներուժը գործարկել: Հազարավոր տարիների մի ժողովուրդ՝ մենք շարունակում ենք ծաղկել, ճնշումների տակից դիմակայել: Վերջապես իսկապես մեր ներուժը կկարողանանք վեր հանել ու բացահայտել»:

Ալեքսիս Օհանյանը հիշեց նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը. «Անցյալ տարի զարմանալի էր տեսնել այն թավշյա հեղափոխությունը, որ այստեղ տեղի ունեցավ՝ այնքան օրգանական և խաղաղ, արդյունավետ: Սա օրինակ է ողջ աշխարհի համար: Այնքան մարդիկ կան ամբողջ աշխարհով մեկ, որոնք ոգևորված են այն աշխատանքով, որ դուք՝ բոլորդ կատարեցիք:  Զարմանալի չէ, որ հայերն էին դրա հեղինակը: Այնքան շատ բաների ենք հասել դարեր շարունակ, հուսամ այս գիրքը դրա մի մասնիկը կլինի»:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրեն շատերն էին հարցնում, թե որն է իր հաջողության գաղտնիքը, ուստի այդ հարցերին ի պատասխան որոշեց գրել գիրք: Այս առիթով Ալեքսիս Օհանյանն ասաց. «Կարծեցի, որ այդ բոլոր հարցերին պատասխանելու ամենաարագ ձևը կլինի գիրքը: Մեկ գիրք՝ ի պատասխան բոլոր հարցերի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ նախագծեր ունի ապագայում Հայաստանի հետ կապված, ներդրումներ պատրաստվո՞ւմ է կատարել, նա նշեց, որ ունի նման նպատակ և հայտնեց. «Առաջին իմ ներդրումը շախմատի արտադրությունն էր, ստեղծումը , որն արեցի որոշ ընկերների համար այնտեղ և այստեղ: Դա փոքրիկ ձեռնարկ էր»:

Հարցին՝ ի՞նչ կարող է անել առանց թույլտվության, Ալեքսիս Օհանյանը պատասխանեց. «Այս ձեռնարկը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես առցանց իմ նախաձեռնությունն իրականացրի առանց թույլտվության: Ուզում եմ, որ այս նախաձեռնությունն  այլոց թիկունք տա, որ զգաք՝ դուք կարող եք շատ քայլեր անել ինքներդ՝ առանց թույլտվության: Համացանցն այսօր ստեղծում է այդ հնարավորությունները, տալիս գործիքներ»:

36-ամյա Ալեքսիս Օհանյանը, որ երեք տարի առաջ ընտանիք է կազմել աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, չբացառեց, որ հաջորդ անգամ Հայաստան կգա կնոջ հետ։ Նա լրագրողներին տեղեկացրեց, որ ընդամենը մի քանի օրով է ժամանել Հայաստան, որից հետո մեկնելու է ԱՄՆ` քրոջ հարսանիքին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031