Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդ չկա, սանհանգույց չկա». մետրոյի գետնանցումի տնտեսվարողները դժգոհում են աշխատանքային պայմաններից

Հոկտեմբեր 24,2019 14:30

Մետրոյի «Բարեկամություն» կայարանին հարակից գետնանցումով անցնելիս, անգամ ցուրտ եղանակին, շոգը «խեղդում է», մի քանի րոպե քայլելուց հետո քրտինքը հոսում է, շունչդ կտրվում, սրտխփոցն արագանում:

Այստեղ, կարելի է ասել՝ օդ չկա շնչելու: Սա դեռ անցորդի համար: Պատկերացրեք տեղի խանութների աշխատողների վիճակը:

Այս գետնանցումը, կարծես թե բարեկարգված է, կոկիկ, գոնե գարշահոտ չկա, ի տարբերություն այլ գետնանցումների, բայց խանութների ու կրպակների աշխատակիցների համար առավոտից երեկո աշխատելը ծանր փորձություն է: Անգամ ցուրտ օրերին գրեթե բոլոր խանութներում եւ կրպակներում հովացման սարքեր են միացված. խանութներ  կան՝ 2-3 հատ:
Այստեղ առեւտրով զբաղվողները, որոնք ենթավարձակալներ են, ասում են. «Առանց «վինտիլյատորի» չենք կարող, կխեղդվենք, նույնիսկ ձմռանն ենք միացնում, իսկ ամռանն անտանելի է, չենք դիմանում: Օդ չկա, մեռնում ենք, առողջ մարդն էլ վատ է զգում: Ճնշման տատանումներ են լինում, պայմաններն՝ ահավոր են: Ահագին գումար ենք ամսական տալիս, բայց աշխատանքային պայմաններն անտանելի են»:
Այստեղ սանհանգույց էլ չկա, աշխատակիցները մետրոյի զուգարանից են օգտվում:

Արաբկիր վարչական շրջանը գետնանցումի տարածքները վարձակալության է տալիս 1 քմ-ն 3 հազար դրամով, այս վարձակալներն էլ կրպակ են կառուցել կամ խանութ եւ իրենց հերթին այլ տնտեսվարողներին են վարձակալության տվել: Այսպես է խանութների մեծամասնության դեպքում: Տնտեսվարողներից մեկը վստահեցնում է՝ 4 քմ կրպակի համար ամսական վճարում է 120 հազար դրամ, մեկ այլ տնտեսվարող էլ 20-25 քմ-ի համար վճարում է 400 հազար դրամ: Այսինքն, համայնքային բյուջե չնչին գումար է գնում, ենթավարձակալների վճարած խոշոր գումարները համայնքի հետ պայմանագիր կնքած վարձակալներին է բաժին հասնում: Արաբկիր վարչական շրջանից հայտնեցին, որ համայնքային բյուջե այս տարածքների վարձակալությունից ընդհանուր առմամբ 3.5 միլիոն դրամ է գանձվում:
Համայնքի հետ կնքած պայմանագրի համաձայն, տարածքի բարեկարգման պարտավորությունը դրված է հենց վարձակալների վրա, ինչպես նաեւ նրանք պարտավոր են ապահովել օդափոխության, անվտանգության եւ սանիտարահամաճարակային պայմանները: Այսինքն, վարձակալները պարտավոր են պատշաճ պայմաններ ապահովել ենթավարձակալների աշխատանքի համար:
Տեղում աշխատող տնտեսվարողները վստահեցնում են՝ գետնանցումում օդափոխման համակարգ, թեեւ, տեղադրված է, բայց այն չի աշխատում: Մենք նույնպես տեղում համոզվեցինք՝ օդափոխման համակարգը չի գործում:
Տնտեսվարողները պատմում են՝ մի քանի տարի առաջ տարածքի վարձակալներն իբրեւ թե վերանորոգեցին ամբողջ տարածքն, օդափոխման համակարգ տեղադրեցին, առաստաղն ավելի ցածրացրեցին, ու, ըստ էության, իրավիճակը ոչ էլ բարելավվեց, հակառակը, ավելի վատացավ. «Ինչ-որ խողովակներ անցկացրեցին: Մի կողմից շնչելու օդ չկա, մյուս կողմից էլ՝ արագ սննդի կետերից արտանետվող հոտն ու գոլորշին է խեղդում: Տհաճ վիճակ է, բայց ի՞նչ կարող ենք անել»:
Արդյոք վարձակալները համայնքային իշխանության եւ համապատասխան մարմինների հետ համաձայնեցրե՞լ են այդ տարածքում վերանորոգման եւ օդափոխության համակարգերի տեղադրման պայմանները, սահմանված չափանիշներով են գործել, թե՞ ըստ իրենց ճաշակի են կատարել, կանդրադառնանք առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
23.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031