Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը մտահոգվեց. «Պատերազմական ժամանակաշրջանում մենք էս գլխից ամրագրում ենք, որ առողջապահության նախարա՞րն է դառնալու ընդհանուր ղեկավարը»

Հոկտեմբեր 24,2019 12:19 Share

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առողջապահության նախարարությունը ԱԺ էր բերել մի օրինագիծ, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ առողջապահության նախարարությունը կկարողանա կառավարել ոչ միայն իր ենթակայության տակ գտնվող հիվանդանոցները, բուժհիմնարկները, այլեւ մասնավորները:

Սա տարաբնույթ մտահոգությունների տեղիք տվեց: Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց միասնական շտաբ ստեղծելու գաղափարը ե՞րբ է առաջացել, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ դա դիտարկվե՞լ է ու եթե մասնավոր հիվանդանոցները ռազմական դրության ժամանակ եթե դառնում են շտաբի անդամ, այդ հիվանդանոցների ծախսերը պետությո՞ւնն է հոգում, թե՞ այդ ծախսերն էլ են մնում հիվանդանոցների վրա:

Առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը պատասխանեց, որ ծախսերի փոխհատուցում է լինելու կառավարությունից՝ սահմանված կարգով: Նա նաեւ ասաց, որ որեւէ շտաբ չի ձեւավորվում, պարզապես ամբողջ առողջապահական համակարգը ուղղաձիգ կառավարման է բերվում:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ առողջապահության նախարարը պետք է ունենա կառավարման լրացուցիչ լիազորություննե՞ր ռազմական դրության ժամանակ: Փոխնախարարը պատասխանեց, որ ռազմական դրության պլանով գերատեսչությունների պլանով այդ լիազորությունները ներկայացված են լինելու, բայց հիմա հանրային քննարկման ժամանակ չի բացի փակագծերը, թե ինչպես է իրականացվելու ռազմավարությունը:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը փորձեց պատգամավորների մտահոգությունները փարատել՝ ասելով, որ ռազմական դրության ժամանակ տրամաբանական է, որ կառավարումը լինելու է մեկ կետից. «Բարդ է ընկալվում հարցը, քան իրականում կա: Այսօրվա դրությամբ որոշ բուժհիմնարկներ գործում են նախարարի անմիջական կառավարման ենթակայության տակ, մեծամասամբ բուժհիմնարկները մասնավոր են, ռազմական դրության ժամանակ հիվանդանոցների կառավարումը փոխանցվում է առողջապահության նախարարությանը, որպեսզի ճիշտ իրականացվի բուժսպասարկումը, բուժօգնությունը եւ կազմակերպվի զորահավաքային առաջադրանքը: Այս պահին որոշ մասնավոր բուժհիմնարկներ անում են սա»:

Սասուն Միքայելյանը հարցրեց. «Ես ուզում եմ հասկանամ, պատերազմական ժամանակաշրջանում մենք էս գլխից ամրագրում ենք, որ առողջապահության նախարա՞րն է դառնալու ընդհանուր ղեկավարը ամբողջ մարտական գործողությունների՝ վերադասավորում, առաջին գծի օգնություն, որ հիվանդանոց, այդ վերաբաշխումը առողջապահության նախարարի վրա՞ է, նա ենթարկվո՞ւմ է հոսպիտալին, թե՞ հակառակը: Մարտական դրության ժամանակ բոլորին պետք է ղեկավարի բանակը»:

Լեւոն Հակոբյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարության ամբողջ գործառույթը՝ սկսած խրամատից, առաջնագծից, բոլոր օղակներով մինչեւ հոսպիտալային օղակ արվելու է եւ իրականացվելու է ՊՆ ռազմաբժշկական վարչության եւ հոսպիտալային օղակի միջոցով: Դրանից հետո թիկունքային օղակը, առողջապահական ողջ համակարգը բուժելու, նեղ մասնագիտական, շտապ, անհետաձգելի դեպքերը կատարելու, խաղաղ բնակչության առողջությունն ապահովելու, իսկ ռազմականացված կոնտինգենտին արագ շարք վերադարձնելու գործառույթն իրականցվելու է քաղաքացիական առողջապահական համակարգի միջոցով: Հստակ տարանջատումը ոնց կա, կարգավորումից հետո ոչինչ չի փոխվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031