Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցույթը բաց, մաքուր տիրույթում է եղել»․ հանձնաժողովի նախագահը՝ դիահերձարանի նախկին տնօրենին

Հոկտեմբեր 31,2019 23:52

Ինչպես տեղեկացրել ենք, 7 տարի շարունակ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Շահբազյանը դժգոհ էր մնացել  հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզպետարանում այս հիմնարկի տնօրենի պաշտոնի թափուր հաստիքի համար անցկացված մրցույթի արդյունքներից։ Նա դուրս էր մնացել երկրորդ փուլից՝ հարցազրույցից, սակայն համաձայն չլինելով հանձնաժողովի կողմից իր գնահատման արդյունքների հետ՝ բողոքարկել էր այն։ Նա Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին գրավոր դիմում էր հղել՝ խնդրելով իր հարցի քննարկման ժամանակ մասնակից դարձնել նաև իրեն։ Աշոտ Շահբազյանը, սակայն, մինչ օրս, պաշտոնական ոչ մի պատասխան չի ստացել։

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի փոխարինող Կարեն Բադիշյանից, որը, ի դեպ, եղել  է հանձնաժողովի նախագահը, հետաքրքրվեց, թե  քննվե՞լ  է արդյոք Աշոտ Շահբազյանի բողոքը, և եթե քննվել  է՝ ինչո՞ւ նրան մասնակից չեն դարձրել։

«Ամսի 21-ին եղել է մարզպետի որոշումը, ձևավորվել  է հանձնաժողովը՝  բաղկացած 7 հոգուց, որոնք լսել են մասնակիցների պատասխանները։  Մրցույթը երեք փուլով է իրականացվել՝ առաջինը թեստն է, երկրորդ փուլը բանավոր հարցազրույց է, երրորդը՝ զարգացման ծրագրի ներկայացումն է։  Երեք մասնակիցներ են եղել՝ Աշոտ Շահբազյանը, Գագիկ Մարկոսյանը և Արշակ Ալեքսանյանը, վերջինս թեստային շեմը չի հաղթահարել։  Երկրորդ փուլ  են անցել Աշոտ Շահբազյանը և Գագիկ Մարկոսյանը։ Հարցազրույցի փուլում  Աշոտ Շահբազյանը, չհավաքելով համապատասխան ճիշտ պատասխանների միավորները,  հաղթող չի ճանաչվել և մեկ ժամվա ընթացքում հնարավորություն ուներ ներկայացնելու  իր բողոքը։  Ներկայացրել  է բողոքը մարզպետի անունով, և այդ բողոքը քննվել է։  Դիմել ենք առողջապահական բնագավառի համապատասխան ներկայացուցիչներին, որպեսզի ներկայացուցիչներ ապահովեն՝ տվյալ բողոքը քննելու և ուսումնասիրություն կատարելու։

Տվյալ  հանձնաժողովը բաղկացած էր  չորս անդամից, երկու անդամ առողջապահության բնագավառից՝ լիազոր մարմնից և երկու հոգի մարզպետարանի լիազորված անձինք են եղել։ Հանձնաժողովն  է որոշում, թե տվյալ դիմումում  նշված անձին հրավիրելու են, թե չեն հրավիրելու։ Կարգով նշված է հետևյալը՝ իրենք կարող են ներգրավել հանձնաժողովի անդամին կամ անդամներին, իրենք  հինգօրյա ժամկետում համապատասխան եզրակացություն են ներկայացնում լիազորված մարմնին, վերջինս այս պարագայում մարզպետն է,  քանի որ մարզպետը գտնվում է արձակուրդում, իրեն փոխարինողը փոխմարզպետն է։ Դրա շրջանակներում համապատասխան լիազոր մարմինը կայացնում է որոշում»,-պարզաբանեց Կարեն Բադիշյանը։

Մեր դիտարկմանը՝ թե Աշոտ Շահբազյանը պնդում է՝  չկա օրենք, որը կարգելի իր մասնակցությունը իսկ բողոքարկմանը, հատկապես  մարզպետին գրավոր խնդրել  էր  ապահովել իր մասնակցությունը, մեզ հետ ունեցած զրույցում էլ  նշում  է՝ «դիցուք՝ ես կասկածվում եմ գողության մեջ, ինչպե՞ս կարող է դատարանը քննել այդ գործն առանց իմ մասնակցության»,  Կարեն Բադիշյանն ասաց․  «Այստեղ  ի՞նչ գողության մասին է խոսքը, այստեղ իր արդյունքների հետ համաձայն չլինելու մասին է խոսքը՝  իր պատասխանների հետ կապված, տվյալ հանձնաժողովը ինքն է որոշում  կայացնում։  4 հոգուց բաղկացած հանձնաժողովը տարբեր բնագավառներից լիազորված անձինք են, իրենք են որոշում, ձայնագրությունը լսում են և համապատասխան սղագրության շնորհիվ որոշում են կայացնում, եթե անհրաժեշտություն կա, կարող են ներգրավել։ Գործընթացում իրենց եզրակացության մեջ կարող են անդրադառնալ այդ հարցին՝ արդյո՞ք կարիք եղել է ներգրավել, թե ՞ չի եղել։ Բացի դա, հարցազրույցի ամբողջ փուլը տեսանկարահանվել է «Ցայգ» հեռուստաընկերության կողմից, այնպես որ մրցույթը թափանցիկ և պարզ ձևով ընթացել է, հատկապես տնօրենների մրցույթը բաց է, ազատ է»։

Մեր դիտարկմանը, թ ե փաստն այն է, որ Աշոտ Շահբազյանը  մինչև օրս պաշտոնապես տեղյակ չէ իր բողոքը քննվե՞լ է, թե՞ ոչ, հետևաբար և նորից գրավոր դիմում է հղել մարզպետին՝ տեղեկանալու, մեր զրուցակիցն ասաց․ «Յուրաքանչյուր բողոք օրենքով սահմանված կարգով քննվում է, իսկ եթե ինքը ներկայացնում է հարցում՝ թե տվյալ հարցը ի՞նչ ելք ունեցավ, կա  «Տեղեկատվության ազատության մասին» օրենք, դիմելու դեպքում  հինգօրյա ժամկետում իր հարցի պատասխանը տրամադրվում է։ Քանի որ դեռ ժամկետը չի լրացել, դրա համար չի տրամադրվել»:

Մեր հարցին՝ թե ինչո՞ւ է մրցույթն անցել առանց  ՀՀ առողջապահական բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացուցչի մասնակցության, երբ ՀՀ կառավարության 07․07․ 2011 թվականի թիվ 992 N որոշման ընդհանուր դրույթների 1-ին գլխի 7-րդ կետի պարտադիր է նրա մասնակցությունը, Կարեն Բադիշյանն ասաց․ «Չարաչար սխալվում են ՝ ասելով, թե  լիազոր մարմնի ներկայացուցչին չենք հրավիրել․ օրենքով սահմանված կետերը մենք պահպանում ենք։  11․10․2019 թ․-ին իմ կողմից ուղարկվել  է գրություն առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարին։ Հիմք ընդունելով 992 N որոշման կարգի 7-րդ կետը՝ խնդրել եմ, որ կազմակերպեն նախարարության ներկայացուցչի մասնակցությունը մրցութային հանձնաժողովների աշխատանքներին՝ որպես դիտորդի։

Այդ գրություն ուղարկելուց հետո ես 15․10․ 2019 թվականին ստացել եմ պատասխան, որտեղ հստակ նշված է՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին դիտորդի կարգավիճակով հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության բժիշկ- փորձագետ Արմեն Սաֆարյանը։ Այսինքն` մեր կողմից և՛ տեղեկացվել է, և՛ ծանուցվել է իր մասնակցության մասին»։

Մեր ճշտող հարցին՝ տվյալ անձը ներկա գտնվե՞լ է, Կարեն Բադիշյանն ասաց․ «Ո՛չ, ներկա չի գտնվել»։

Մենք հետաքրքրվեցինք՝ մի՞թե պարտադիր չէ իր ներկայությունը և մի՞թե ներկա չգտնվելու պարագայում պարտավոր չէին մրցույթը հետաձգել, Կարեն Բադիշյանն ասաց․ «Նման ընթացակարգ չկա, որովհետև նրանք դիտորդի կարգավիճակով են, ձայնագրությունները կան, իրենք կարող են ներկա գտնվել կամ չգտնվել, մենք ունեցել ենք շատ գործընթացներ, որ դիտորդներն ընդհանրապես չեն եկել։ Սա միակ դեպքը չէ, իրենք են որոշում՝ կարող են գալ, կարող են չգալ, քանի որ ձայնի իրավունք չունեն, դիտորդ են, կարող է ամբողջ պրոցեսին ներկա չգտնվեն, մի պահ մտնեն, դուրս գան։ Իրենք են որոշում կայացնողը, համենայնդեպս մեր կողմից կարգը պահպանված է, ծանուցված է և ստացել ենք հավաստում, թե ով  է գալու գործընթացին»։

Մենք նաև նշեցինք՝ Աշոտ Շահբազյանի բողոքարկման տեքստի մեջ նշվում է, որ խախտվել է նաև ՀՀ Կառավարության 992 որոշման 3-րդ կետը, ըստ որի՝ ՀՀ մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի ընտրության մրցույթի թեստային առաջադրանքների և հարցազրույցի հարցաշարերը, հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատվում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի և մարզպետի հրամանով։

Մեր հարցին՝ ինչո՞ւ բանավոր պատասխանի համար կոնկրետ հարցաշար չի տրամադրվել, այլ ուղղակի նշվել է, որ հարցերը լինելու են 5 օրենսգրքերից ու կառավարության երեք որոշումներից, որը, ըստ դիահերձարանի նախկին տնօրենի, հսկայական ծավալ ունի, օրինակ՝ միայն «Քաղաքացիական օրենսգիրք»-ը 537 թուղթ է՝ 1074 էջ,  մինչդեռ նախկին մրցույթներում 300 հստակ հարցեր են կազմվել, Կարեն Բադիշյանն ասաց․ «Ինքը սխալվում է, ընդհանրապես հարցաշարերը հաստատվում են և՛ առողջապահության նախարարի հրամանով, և՛ մարզպետի որոշմամբ, և՛ համապատասխան գրությամբ, որ հարցազրույցի հարցաշարերը՝ թվով 300 հարցը և իրավական ակտերի ցանկը պարտադիր մուտքագրում ենք համապատասխան ծրագիր, որպեսզի քննության պրոցեսում ծրագրի պատահականության ընտրության ընթացքում իրենց տրամադրվի և ամբողջ ցանկը։ Երբ որ իրենք դիմում են գրում, այդ ժամանակ իրենք ստանում են և՛ թեստային աշխատանքների ամբողջ փաթեթը, և՛ օրենքների բոլոր ցանկը, որի հիման վրա կազմվել է հարցազրույցի հարցաշարը։ Իր դժգոհությունը եղել է այն, ես լսել եմ, արտահայտվել է, թե այսքան օրենսդրություն պետք է միանգամից սովորե՞մ, ինքը հստակ ստացել է ցանկը․ և մենք ունենք հանձնարարական, որպեսզի իրավական ակտերի ներկայացման ցանկը իրենց տրամադրվի, և իրեն տրամադրվել է»։

Մեր հարցին՝ դուք պնդում եք, որ մրցույթն անցկացվել է արդար, առանց խախտումների՞, Կարեն Բադիշյանն ասաց․ «Իհարկե, ես կարող եմ ասել, որ բաց, մաքուր տիրույթում է եղել և  մեզ համար մտահոգիչ է, որ մրցույթի գործընթացներն այսպես շահարկում են կամ շահարկման առիթ են դարձնում»։

Հիշեցնենք, որ մրցույթում հաղթող է ճանաչվել Գագիկ Մարկոսյանը, որը Սիսանում աշխատել է դատաբժիշկ, որոշակի աշխատանքային փորձ ունի նաև Գյումրու «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031