Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր հանրային ներկայացումը սատանիստական որակվել

Նոյեմբեր 02,2019 12:20

Ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը սինթեզող «Հուզանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծը ոմանց մոտ թյուրընկալման տեղիք է տվել, եւ ներկայացման փորձից հետո հեղինակին ու մասնակիցներին վերագրվել են զանազան «մեղքեր»: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց պարագիր, արվեստաբան եւ նախագծի կազմակերպիչ ու կատարող Հասմիկ Թանգյանը, ներկայացումը վերցված է 1920-ական թվականների ֆուտուրիստ արվեստագետներից մեկի՝ Գևորգ Աբովի «Հուզանք ու Զանգը» գրքից:

«Ներկայացումը հետազոտական է, ես ինքս սկսել եմ շատ տարիներ առաջ իմ մագիստրոսական թեզից՝ առաջին մասնագիտությամբ արվեստաբան եմ, երբ հետազոտում էի ֆուտուրիստ պոետների գրքերի ձեւավորումները՝ արված կոնստրուկտիվիստ ճարտարապետների կողմից (Կարո Հալաբյան, Գեւորգ Քոչար, Միքայել Մազմանյան): Գրքերի բովանդակությանը ես չէի անդրադարձել եւ սպասում էի որեւէ հարմար առիթի:

Քանի որ ինքս պարող եմ՝ պերֆորմեր, պարի տեսանկյունից էի ուզում անդրադառնալ ֆուտուրիստական պոեզիային, ինչը քիչ է շոշափվում գրականության մեջ: Ժամանակակից պոետ Լիլիթ Պետրոսյանի հետ փորձեցինք համագործակցել, իրեն եւս հետաքրքրեց նախագիծը: Դիմեցինք ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների մրցույթին, դրամաշնորհ ստացանք, որպեսզի իրականացնենք մեր նախագիծը, նաեւ քաղաքապետարանից մեծ դժվարությամբ թույլտվություն ստացանք, որ Հանրապետության հրապարակի մետրոպոլիտենի դիմացի շատրվանի հատվածում իրականացնենք այն»,-տեղեկացրեց Հասմիկը:

«Ներկայացումն ինքնին պոեզիայի վրա է հիմնված, փորձել ենք երկխոսության մեջ մտնել պոեզիայի հետ: Դա 1920-ականների տղամարդկանց խոսքն է՝ կնոջ մասին են խոսում, հեղափոխական մտքեր են հայտնում: Հարյուր տարի է անցել, եւ պետք է տարօրինակ չհնչեր այդ ամենը, բայց պարզվում է՝ դեռ տարօրինակ է ընկալվում: Մենք երկուսս էլ կին ենք, փորձեցինք տղամարդու խոսքը ժամանակակից կնոջ ներկայությամբ ամփոփել, վերամտածենք, վերընթերցենք այդ պոեզիան՝ ես պարի տեսանկյունից, Լիլիթը՝ խոսքի:

Իմիջիայլոց իմ պարն անընդհատ խնդիրների է բախվում, հատկապես, երբ հանրային տարածքներում է տեղի ունենում: Ժամանակին ոստիկանների ու պետական մարմինների հետ էր խնդիր լինում, իսկ այս պարագայում՝ մի քանի քաղաքացիների հետ, որոնք ազգայնական մտքերով են ու մեր ներկայացումը մեկնաբանում են որպես սատանիստական կամ մեկ ուրիշ կերպ: Մեզ համար կարեւոր էր ներկայացման մեջ կնոջ դերը ֆեմինիստական տեսանկյունից չներկայացնելը: Սա ընդամենը կնոջ խոսքի ու մարմնի ներկայությունն է, ոչ թե ֆեմինիզմի կամ այլնի դրսեւորում: Ոչ պոռնոֆրաֆիկ բաներ ենք ներկայացրել, ոչ ստրիպտիզ, յուրաքանչյուրիս գործի հիմքում էլ հետազոտությունն է եղել:

Նաեւ ճարտարապետությունը շատ կարեւոր դեր ուներ, դրա համար ընտրեցինք մի տարածք, որը շատ գեղեցիկ է, իր մեջ եւ կանացիություն ունի, եւ ճարտարապետական հետաքրքիր լուծումներ: Իմ մարմինը, շարժումները ճարտարապետության հետ էին «խոսում»: Ես հատակին եմ, շարժվում եմ, եւ հավանաբար հենց դա է կարծես խնդիր առաջացնում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նա տարակուսանք հայտնեց, որ կանգնած պարելը հասարակության կողմից ընդունելի է, պառկելը՝ ոչ. «Եթե դու պառկում ես այն հատակին, որն ինչ-ինչ մարդկանց կարծիքով տեղ է, որտեղ կարելի է թքել, եւ այն աղջիկը, որը պառկում է հատակին, ըստ իրենց՝ համապատասխան անուն ունի, եւ ամեն ինչ մեկնաբանվում է հենց այդ համատեքստում»:

Միջազգային արվեստագետների հետ համագործակցող Հասմիկ Թանգյանը տեղեկացրեց, որ ներկայացումը հղացել է վերջերս Երևան այցելած գերմանացի վիզուալ և պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ, որը բավականին կայացած արվեստագետ է Գերմանիայում: Հասմիկն ասում է, որ Լինդան եւս ցանկություն է ունեցել նույն տարածքում ներկայացում իրականացնել, եւ այդ առումով իրենց ցանկությունները համընկել են: Հասմիկը ժամանակակից պարագրության լաբ ունի, որտեղի ուսանողներով են մտահղացումը կյանքի կոչել:

Մեր հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ է հասարակությունը ոչ գազոնային մտածողության ցանկացած դրսեւորում սվիններով դիմավորում, Հասմիկը պատասխանեց. «Ամեն անգամ նման հանրային կատարում ունենալուց հետո նման արձագանքներ են լինում: Ինձ համար դա նոր հետազոտության նյութ է…Կարծում եմ՝ մարդիկ պետք է տեսնեն ժամանակակից արվեստագետներին դրսում: Այստեղ հանրային ներկայացումներ անելն ուղղակի ռիսկային է, ինձ միշտ ասում են՝ ի՞նչ գործ ունես, բայց ես ցանկանում եմ նման բաներ շատ անել, եւ այն ինչը պետք է ցուցադրվի, հանրային ցույց տալ, որպեսզի մարդիկ փոխվեն:

Ինձ երեկ տարօրինակ մեկնաբանություններ էին անում, օրինակ՝ աղջիկներից մեկի մասին, որ կապույտ մազեր ուներ, ասում էին՝ ոնց կարելի է նման մազեր ունենալ: Այն, ինչը որ անսովոր է, հենց դա է դրդում նրանց մեկնաբանություններ անելը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Թանգյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930