Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնի արտիստը գործունեությունը շարունակում է մարզում

Նոյեմբեր 11,2019 13:00 Share

Մարզային մշակութային կյանքի մասին խոսելիս  կիզակետում հայտնվում են միայն թատրոնները, մինչդեռ որոշ մարզերում, բացի պետական կարգավիճակ ունեցող թատրոններից, գործում են ժողգործիքների, երգի- պարի, կամերային անսամբլներ: Իսկ, օրինակ, Գյումրին ունի 26-ամյա պետական սիմֆոնիկ նվագախումբ: Ի դեպ, կոլեկտիվն այս տարի ներկայանալի  համերգով նշեց Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Ցանկալի է, որ մշակութային ոչ աշխույժ կյանքով ապրող մարզերում գոնե պետական  կոլեկտիվները հաճախ երեւան:

Վերջին շրջանում մեկ-երկու՝ միժամանակ ողջունելի, զարմացնող, ինչ-որ տեղ՝ տխրեցնող փաստ է արձանագրել «Առավոտը»: Օրերս ներկայացրինք երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Հարությունյանին, որը մի կողմ է դրել իր ստեղծագործական գործունեությունը, Արմավիրի մարզում հիմնել «Փոքրիկ քայլ» միջմարզային երաժիշտ կատարողների մանկապատանեկան մրցույթը: Առաջին  միջոցառմանը մասնակցել է Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի երաժշտական ու արվեստի դպրոցների շուրջ 360 սան: Օրերս էլ Արարատի մարզում ներկա գտնվեցինք «Արվեստ» մրցույթ-փառատոնի գալա համերգին, որը կազմակերպել եւ առաջին անգամ անցկացնում էր «ԱրտՍեթ» պրոդյուսերական կենտրոնը: Վերջինիս տնօրենը՝ Սեդրակ Գրիգորյանը, շուրջ 15 տարի հանդիսանալով Ազգային օպերային թատրոնի երգչախմբի արտիստ, թողնելով կարիերան, գործունեությունը շարունակում է մարզում:

«Կայացած մրցույթ-փառատոնը իր մասշտաբով առաջինն էր: Մասնակիցների տարիքը՝ 6-35 տարեկան: Տարբեր անվանակարգեր էին, այդ թվում՝ դաշնամուր, ջութակ, վոկալ, ժողգործիքներ (դուդուկ, քանոն, շվի, սազ), երգչախումբ, ասմունք, պար, կիթառ: Ստացվել էր 150 հայտ եւ, ինչպես ականատեսը եղաք, դափնեկրի կոչմանն ու ժյուրիի համակրանքին արժանացան ընդամենը 24 մասնակից: Նշեմ, որ մասնակիցները Արարատի մարզի 32 մշակութային հաստատություններից են եւ հավաստիացնում եմ, որ այս միջոցառումը կդառնա ավանդական»,- ասաց Սեդրակ Գրիգորյանը: Գալա համերգին հանդիսատեսի շարքերում նկատեցինք ճանաչված օպերային երգիչներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանին, Առնոլդ Քոչարյանին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դոցենտ Մարգարիտա Մնացականյանին: Տեղեկացանք, որ այդ արվեստագետները ընդգրկված են եղել այս մրցույթ-փառատոնի ժյուրիի աշխատանքներում: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ մյուս անվանակարգերի ժյուրիի կազմում դարձյա՞լ պրոֆեսիոնալ արվեստագետներ են եղել: «Բոլոր անվանակարգերում աշխատել են միայն պրոֆեսիոնալներ: Օրինակ՝ գեղանկարիչ, Երեւանի գեղարվեստի պետական քոլեջի դասախոս Դավիթ Դավթյանը, դաշնակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Գոհար Զալինյանը, դաշնակահար, պրոֆեսոր Ալլա Գալուստյանը,  վոկալ բաժնի պրոֆեսոր Աշխեն Թադեւոսյանը,  կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, քանոնահար Մարինա Ասատրյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ժողնվագարանների բաժնի վարիչ Անահիտ Նանագուլյանը եւ այլն»,- հայտնեց տնօրենը: Մեր զրույցին միացած երգչուհի Մագդա Մկրտչյանը նշեց, որ ինքը նախկինում ներկա է եղել  Սեդրակ Գրիգորյանի անցկացրած  մյուս միջոցառումներին նույնպես: Երգչուհին հավաստիացրեց, որ Վեդիում եւ Տափերականում Գրիգորյանը իրականացրել է Ազատ Մանուկյանի «Չարի վերջը», Մարտին Մազմանյանի «Ճուտիկը», Յուրի Ղազարյանի «Ինչպես էր կատուն արհեստ սովորում» մյուզիքլները:

Սեդրակ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե բացի Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի գործունեությունից, ուրիշ ի՞նչ միջոցառումներ են կայանում մարզում: «Նախ նշեմ, որ «Արվեստ» մրցույթ-փառատոնին աջակցել է մարզպետարանը, իսկ ընդհանրապես, հենց մարզպետարանի նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ կայանում են մշակույթի տարբեր ոլորտներն ընդգրկող միջոցառումներ»:

Ի դեպ, կայացած մրցույթ-փառատոնի  գալա համերգին հանդիսատեսի շարքերում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մարզպետարանի այլ աշխատակիցներ եւս: Մասշտաբային այս գալա համերգի սկիզբն էլ ազդարարվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանի օրհնությամբ:
  

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
09.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930