Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը գաղտնի տվյալներ է հայտնել զինված ուժերի մասին, կառավարությունը պետք է ուսումնասիրի այդ փաստերը

Նոյեմբեր 11,2019 12:29 Share

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այդ նախագծով Թանդիլյանն առաջարկում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակների միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում հատկացնել 35.000.000 դրամ, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25.000.000 դրամ, եւ պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15.000.000 դրամ:

Թանդիլյանը որպես հիմնավորում ընդգծում է, որ այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Հետեւաբար, սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը:

Նիստի ժամանակ Մանե Թանդիլյանն ասաց, որ կարող է հիմնավորումներ ներկայացնել, որոնք պատգամավորներին կհամոզեն, որ իրավացի է, բայց քանի որ գաղտնի տեղեկություններ են, հորդորեց նիստի այդ հատվածն անցկացնել դռնփակ:

Գաղտնի հատվածը քննարկելուց հետո «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը հարակից զեկուցողն էր, հայտարարեց. «Տիկին Թանդիլյանը դռնփակ նիստի ընթացքում ներկայացրեց նոր փաստեր, որոնք այս պահի դրությամբ գնահատում ենք՝ որպես նոր երեւան եկած հանգամանքներ, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվեն: Կառավարության դիրքորոշումը մեզ համար կարեւոր է, հարցի կարեւորությունը հաշվի անելով՝ այս նախագիծը առանց բազմակողմանի ուսումնասիրության, չենք կարող հետագա ճակատագիրը որոշել»: Պատգամավորները որոշեցին նախագծի քննարկումը հետաձգել, աշխատանքային քննարկում անել, նոր քվեարկել:

Մանե Թանդիլյանն էլ հավելեց. «Նոր ի հայտ եկած տվյալները վերաբերում են իմ ասածին, որ մեր առաջարկը չի վտանգելու հիմնադրամի կայունությունն ու շարունակականությունը: Հենց այդ իմ պնդման հիմնավորումն էլ այսօր ներկայացրեցի իմ գործընկերներին արդեն թվային արտահայտությամբ ու շատ մանրամասն»:

Թանդիլյանն ասաց, որ կարեւորը օրինագծի անցնելն է. «Հույս ունեմ, որ այս թվերին ավելի մոտիկից ծանոթանալուց հետո կառավարության գործընկերները նույնպես կհամաձայնեն հանձնաժողովի դրական մոտեցման հետ, որից հետո կկարողանանք հանձնաժողովի նիստին վերջնական քվեարկության դնել այս հարցը: Հուսով եմ, մենք կկարողանանք 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նույնպես ներգրավել համակարգի մեջ ու ուղերձ հղել մեր զինվորներին, որ մեզ համար կարեւոր է, որ դուք ողջ վերադառնաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930