Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառատոնի թեման առանձնահատուկ է: Այսքան տարի բեմում եմ՝ նման բովանդակության չեմ հանդիպել». Յուրի Բաշմետը՝ «Ժամանակակից դասականներ»-ի մասին

Նոյեմբեր 11,2019 14:40 Share

Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ փառատոն‚ որ եզակի էր նոր ձևաչափով և 9 օրերի ընթացքում Հայաստանում էր համախմբել աշխարհի ճանաչված կոմպոզիտորներին ու մենակատարներին։ Փառատոնի ավարտը նշանավորվեց փառահեղ համերգով. ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում էին աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան։ Դաշնակահարի իր կատարողական վարպետությունը ներկայացրեց նաև ինքը՝ հեղինակը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երեկոյին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ։

Երաժիշտները կատարեցին Չայկովսկու Մեծ սերենադը‚ Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։

Կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին‚ խոսելով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին‚ նշեց‚ որ ինքը նման ձևաչափով այլ փառատոնի մասին չի լսել։ Նա առանձնացրեց հատկապես այն հանգամանքը‚ որ յուրաքանչյուր երեկո նվիրվում էր առանձին մի կոմպոզիտորի և նրա ստեղծագործական ժառանգությանը՝ ներկայացնելով ստեղծագործողի ամբողջական պատկերը‚ նրա փիլիսոփայությունը։ «Անկեղծ ասած‚ ես հիմա մտածում եմ‚ թե ինչպես նման մի փառատոն կազմակերպեմ Մոսկվայում»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին։ Նա նաև ընդգծեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմը. «Նվագախմբի երաժիշտները արագ են արձագանքում‚ ինչը նվագախմբի շատ կարևոր է տարրերից է‚ նրանք լսում են ինչպես իրենց‚ այնպես էլ մենակատարին‚ բնականաբար՝ հետևելով նաև դիրիժորին»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին։

Ալտահար Յուրի Բաշմետը նշեց‚ որ ինքը լավ իմաստով ցնցված է այս փառատոնի գաղափարից. «Փառատոնի թեման առանձնահատուկ է։ Այսքան տարի բեմում եմ‚ սակայն նման բովանդակության չեմ հանդիպել»։ Յուրի Բաշմետը կարևորեց այն փաստը‚ որ փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Նա նշեց նաև‚ որ Ռուսաստանում ևս ՌԴ կառավարությունը մեծապես աջակցում է դասական երաժշտությանը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին խոսելիս Յուրի Բաշմետը նշեց‚ որ Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ աշխատելը շատ հեշտ է։ «Միայն լավ խոսքեր կարող եմ ասել և՜ Սերգեյ Սմբատյանի‚ և՜ նվագախմբի մասին»‚- ասաց Յուրի Բաշմետը։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930