Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՅԴ կողմից 4 անգամ ՀՀ ԿԳ նախարար նշանակված Լևոն Մկրտչյանի վերոնշյալ գործունեությունը թույլ տալի՞ս է դաշնակցականներին քննադատել գործող նախարարին, իհարկե՝ ոչ. Անահիտ Բախշյան

Նոյեմբեր 19,2019 11:48

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գործունեության մասին ստորև մեջբերումներն արել եմ 2016թ․հոկտեմբերի 12-ի իմ «ՀՀ-ում 1998-2016թ.թ. Կրթության բարեփոխումների նպատակով ներդրված վարկային գումարներն ու դրանց արդյունավետության վերլուծություն» երկարաշունչ հոդվածից(14 էջ)։

Նախարար Լևոն Մկրտչյանի առաջին պաշտոնավարման օրոք (պաշտոնավարել է 1998-1999թ․թ) 1998 թվականի հոկտեմբերի 28-ի կառավարության թիվ 661 որոշմամբ սկսվեց 15 մլն դոլար արժողությամբ մի փորձնական ծրագիր՝ «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին», այդպես էլ ըստ էության կյանքի չկոչվեց, բացի աշակերտ թվով ֆինանսավորման գաղափարի ներդրումից: Չկայացավ այդ վարկային ծրագրով նախատեսված հանրակրթական ուսումնական հաստատությունների ինքնակառավարման ու ինքնավարության գործընթացը։

2001-2003 թվականներին Կրթության նախարարն էր 2-րդ անգամ նշանակված Լևոն Մկրտչյանը։

2001-ին Ազգային Ժողովը ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող Կրթության զարգացման պետական 2001-2005թ.թ. օրենքը, որը շատ լավ փաստաթուղթ էր, սակայն իրականացավ այդ օրենքով մշակված կրթական միջոցառումների հազիվ 30%-ը: Հիշեցնեմ, որ Կրթության զարգացման հաջորդ ծրագիրը ընդունվեց 2011թ․-ին։

2006-ին, արդեն 3-րդ անգամ նշանակված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի օրոք «Կրթության մասին» օրենքում ամրագրվեց անցումը 12-ամյա միջնակարգ կրթության՝ չունենալով Օրենքով պահանջվող Կրթության զարգացման պետական ծրագիր: Փաստորեն այդ տարիներին կրթության ոլորտում առաջ գնացինք առանց տեսլականի, առանց նախապես մշակված ճանապարհային քարտեզի, խարխափելով (ցավոք, այսօր էր կրթության ոլորտի բարեփոխումներն արվում են առանց Զարգացման պետական ծրագրի և խարխափելով): Կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությամբ ներդրվեցին 12-ամյա կրթության ու ավագ դպրոցի նոր գաղափարները , որոնք մինչ օրս կասկածի տակ են դրվում հասարակության կողմից, որովհետև տպավորություն ստացվեց, որ 2003-2009թ.թ. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով Համաշխարհային բանկը որոշեց, թե ո՞ր ուղղությամբ պիտի շարժվի Հայաստանի կրթությունն, գրվեցին բավական բովանդակալի  ռազմավարություններ, սակայն դրանց կիրառման  ընթացքը խոտորվեց:

3-րդ անգամ նշանակված Լևոն Մկրտչյանի օրոք «Կրթության որակ և համապատասխանություն» 2003-2009թ.թ. 20 մլն արժողությամբ առաջին վարկային ծրագրով ՀՀ կառավարության 27.03.2008թ. 12-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր»-ը, որին հասարակությունը մինչ օրս դրական չի վերաբերվում, որովհետև չնայած միջնակարգ կրթության 10 տարին դարձավ 12, սակայն այն տեսլականը, որ ավագ դպրոցները կդառնան նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված որակյալ կրթական հաստատություններ, սովորողներին կնախապատրաստեն ինքնուրույն կյանքի ու կրկնուսույցի կարիքը առնվազն կպակասի, չիրականացան։

4-րդ անգամ Լևոն Մկրտչյանը ՀՀ ԿԳ նախարար է նշանակվել 2016թ․փետրվարի 24-ից  մինչև 2018թ․ թ․ ապրիլի 26-ը, երբ արդեն ուժի մեջ էր մտել Համաշխարհային բանկի 4-րդ վարկային ծրագիրը՝ 37.5 մլն,  2015-2019թ.թ., նպատակը՝ հանրակրթության որակի բարելավում, որի մեջ մտնում է 17 ավագ դպրոցների վերանորոգում, «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորում, այս տարի ժամկետը լրանում է, սակայն արդյունքը, ըստ նոր խոստումների կլինեն 2023-թ․-ին, սակայն՝ մասնակիորեն այլ ֆինանսավորմամբ:

Այսպիսով, հանրակրթության բարեփոխումների համար պետությունը անցած 20 տարում 4 վարկային ծրագրի համար վերցրել է.

1․15 մլն դոլար 1999-2003թ.թ. նպատակը՝ կրթական ուսումնական հաստատությունների ինքնակառավարում և ինքնավարություն, փաստացի չկա:

2․20 մլն 2004-2009թ.թ. նպատակը՝ 12-ամյա կրթության և ավագ դպրոցների կայացման գործընթաց, ճիշտ ընթացքով չի գնացել:

3․31.5 մլն 2010-2014թ.թ. նպատակը՝ Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները՝ ապահովելով հասարակության սոցիալ տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն կրթության մասնագիտական կրթության որակի աճ, չի նշմարվում:

4․37.5 մլն 2015-2019թ.թ. նպատակը՝ հանրակրթության որակի բարելավում, որի մեջ մտնում է 17 ավագ դպրոցների վերանորոգում, «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորում, սակայն հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքներով:

ԸՆԴԱՄԵՆԸ՝ $103.75 մլն դոլար ու անբավարար արդյունք։

Հիմա հարց, ՀՀ դաշնակցության կողմից 4 անգամ ՀՀ ԿԳ նախարար նշանակված Լևոն Մկրտչյանի վերոնշյալ գործունեությունը թույլ տալի՞ս է դաշնակցականներին քննադատել գործող նախարարին, իհարկե՝ ոչ։ Սա բոլորովին չի նշանակում գործող նախարարին քննադատությունից զերծ պահել, բայց դրա իրավունքը պետք է վաստակեն այն քաղաքացիները, որոնք չեն ավիրել Հայաստանի կրթության բնագավառը։

Ի դեպ, այս հոդվածի բովանդակությունը պետք է որ հետաքրքրի գործող նախարար Արայիկ Հարությունյանին, սա էլ հղումը:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գևորգ says:

    Իրավունք ունի, տիկին Բախշյան. ՀՅԴ նախարարը ոչ մի անգամ իր աշխատասենյակում չի հյուրընկալել տրանսգենդերի և բավարարած ճանապարհել, և նախարարության ամբողջ պոտենցյալը չի ծառայեցրել հակազգային, այլասերական քարոզի գործին… Չասեք՝ չէիք մտածել. Ձեզ ինչ-որ բան ասել էր պետք՝ ասել եք ինչ-որ բան…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930