Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Դա ավելի լավ է, քան շփումների իսպառ բացակայությունը. Արձագանքներ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունների մասին. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 17,2019 10:22

Վերջերս հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունները դրական արձագանք են ստանում տարբեր շրջանակների կողմից որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Բրատիսլավայում կայացած Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը, մասնավորապես հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններն ու ամիսներ առաջ գրանցված գերիների փոխանակումը: Համանախագահներն ընդգծում են՝ նման ջանքերը կարևոր դեր են խաղում համապատասխան միջավայրի ձևավորման հարցում՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Միջնորդները դրական են գնահատել նաև հակամարտության գոտում համեմատաբար խաղաղ իրավիճակն ու այս ուղղությամբ կողմերի ձեռնարկած քայլերը:

Վաշինգտոնի Գերմանական Մարշալ հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը համակարծիք է համանախագահների դիրքորոշման հետ: Զինադադարի պահպանումն ու վստահության ամրապնդումը կարևոր գործոններ են հակամարտության կարգավորման համար:

«Շատ կարևոր են վստահության ամրապնդման միջոցառումները: Կարևոր է նաև ամրապնդել զինադադարը: Մենք ականատես եղանք Հայաստանից ու Ադրբեջանից լրագրողների փոխայցելություններին, որոնք փոքր քայլեր են, բայց շատ կարևոր՝ հակամարտության կարգավորման համար: Դա միջազգային գործընթացի մի մաս է»,- նշում է Կացը:

Հայաստանի իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն էլ իր հերթին նշում է, որ վերջին երկու տարիների ընթացքում վստահության ամրապնդման ուղղությամբ գրանցվել են որոշակի փոքր ու զգուշավոր ձեռքբերումներ: Արձանագրվել է լարվածության համեմատական նվազեցում, հաստատվել լարվածության աճի կանխման նպատակով կողմերի միջև ուղիղ կապ, իսկ ամիսներ առաջ մեկական գերիներ են փոխանակվել, փաստում է Կարապետյանը:

«Այժմ պետք է աշխատենք, որ սահմանագծի վերահսկման մեխանիզմները դառնան ռեալ և մշտական, հասանելի ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, որպեսզի դադարեցվեն փոխադարձ մեղադրանքները, և մենք իսկապես կարողանանք վերահսկել սահմանագծի վրա հնարավոր լարվածությունները»,- նշում է Կարապետյանը:

Պատգամավորը վստահ է՝ լրագրողների փոխայցելությունները կարևոր են՝ չնայած նախկինում նման քայլերը շոշափելի արդյունքների չեն հանգեցրել: Կարևոր է, որ կողմերի միջև այդպիսի շփումները լինեն շարունակական, շեշտում է պատգամավորը:

«Դա ավելի լավ է, քան շփումների իսպառ բացակայությունը։ Առհասարակ հակամարտության լուծման և տրանսֆորմացիայի տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի հանրությունները միմյանց մասին տեղեկություն ստանալու աղբյուր ունենան, չօգտվեն միայն պրոպագանդայից, հասկանան ինչ գործընթացներ են ընթանում հակառակ կողմում և ունենան շփման հնարավորություն՝ լինի լրագրողական, վերլուծական, թե երիտասարդական շրջանակներում»,- նշում է Մարիա Կարապետյանը:

Վստահության ամրապնդման նախաձեռնությունների համար, սակայն, անհրաժեշտ է հանդարտ իրադրություն հակամարտության գոտում: Երկխոսության մեջ մտնել հնարավոր է միայն նման պարագայում, եզրափակում է Մարիա Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031