Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քաղաքացիական հասարակության եւ մասնագիտական հանրության ընդվզումը չլիներ, շենքն այդ նախագծի համաձայն փոփոխվելու էր. «Հրապարակ»

Դեկտեմբեր 26,2019 11:56

Գեւորգ Քոչարի 21 հասցեում գտնվող նախկին գրապալատի շենքի հատկացումը Մնջախաղի պետական թատրոնին մեծ հնչեղություն ստացավ եւ դարձավ վերջին օրերի հանրային քննարկման թեման։ Ի սկզբանե խոսակցությունը բացեց մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ նշելով, թե այն միջամտությունը, որ կատարվել է շենքի հարցում, չի արժեւորում հուշարձանը, բացի այդ՝ տրվել է շինթույլտվություն առանց կառավարության որոշման։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գալստյանի գրառումներին սկսեցին արձագանքել ճարտարապետական հանրույթի այլ մասնագետներ եւս, որոնք կա՛մ մտահոգություն էին բարձրացնում, կա՛մ հերքում իրենց մասնակցությունը գիտամեթոդական խորհրդի նիստին, որտեղ հաստատվել էր թատրոնի նախագիծը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ճի՞շտ է, որ Մնջախաղի թատրոնի շենքի համար նոր մրցույթ է հայտարարվելու, քանի որ ներկայիս նախագիծը խնդրահարույց է, ըստ այդմ՝ նաեւ չեղարկվելու է։ «Այո, ուղղակի նախորդի միայն ֆասադային մի հատվածն է խնդրահարույց»։ Այսինքն՝ մասնակի՞ է փոփոխվելու։ «Այո, ֆասադային լուծումներն են փոխվելու, քանի որ հնարավորություն կա ֆասադը չխաթարելու, իսկ ֆունկցիոնալ, ամբողջ բովանդակային իմաստը մնում է նույնը»։

Այսինքն՝ այն վեճը, որն այս օրերին գնում Է հուշարձանը չաղճատելու պահանջով, կարո՞ղ ենք լուծված համարել։ «Նախագիծը պատվիրվել է 2016թ., եւ մենք դա ընդունել ենք որպես ժառանգություն, մրցույթը հայտարարվել է քաղշինում՝ 2016-ին, եւ շահել է նախագծող այդ կազմակերպությունը։ Հիմա որակի մասին չեմ ուզում խոսել, երեւի ինքներդ տեսաք ֆասադային լուծումները, մնացած տեխնիկական հարցերը բավականին գրագետ են լուծված։ Եթե հնարավորություն կա ֆասադները չխաթարելու, ինչի՞ խաթարենք։ Այնպես որ՝ հասարակության ձայնը շատ տեղին էր տվյալ դեպքում, մենք հիմա նոր մրցույթ կհայտարարենք, կմասնակցեն, կտեսնենք…, քանի որ հիմա դա առաջնահերթ չէ, եւ արդեն 2-րդ փուլն է, այդ հարցին, ըստ ամենայնի, մյուս տարվա 2-րդ կեսին կմոտենան, հիմա առաջնահերթ այն հատվածն է արվում, որի հետ որեւէ խնդիր չկա»։

Վերմիշյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նոր մրցույթ հայտարարվի, եւ ներկայիս նախագիծն ամբողջովին դուրս մնա։ «Դե, մենք արդեն այդ նախագծի ֆասադային լուծմանը դեմ ենք. ե՛ւ հասարակությունն է դեմ, ե՛ւ ես՝ որպես ճարտարապետ ու որպես քաղշինի ղեկավար։ Դա ճիշտ լուծում չէ, հնարավոր է այնպես անել, որ բարձրությունը մնա նույնը, կառնիզը մնա նույն տեղում, եւ ոչ մի բան չփոխվի»։ Այդ դեպքում ներկայիս նախագիծն ինչպե՞ս հասավ այս փուլ, եւ եթե քաղաքացիական հասարակության եւ մասնագիտական հանրության ընդվզումը չլիներ, շենքն այդ նախագծի համաձայն փոփոխվելու էր, չէ՞։ «Նման դեպքերում, իհարկե, հասարակությունը միշտ զգոն պետք է լինի, որպեսզի ձայն բարձրացնի, հենց դրա համար էլ քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում մեզ մոտ, քաղաքացիական հասարակության հենց առաջին նպատակը դա է՝ իր ձայնը հասցնել կառավարությանը, միշտ չէ, որ որոշումները հստակ են լինում, հատկապես որ դա 2016թ. արված նախագիծ էր»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031