Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աորտալ փականներ՝ պացիենտի սեփական հյուսվածքներից․ «Best life» ԲԿ-ում կիրականացվեն տարածաշրջանում նախադեպը չունեցող վիրահատություններ

Դեկտեմբեր 29,2019 19:28

«Best life» բժշկական կենտրոնում շուտով կսկսեն իրականացնել այնպիսի վիրահատություններ, ինչպիսին տարածաշրջանի որևէ հիվանդանոցում դեռևս չի իրականացվել։ Սրտի աորտալ փականի հիվանդություն  (նեղացում կամ անբավարարություն) ունեցող պացիենտների համար կպատրաստվեն և կտեղադրվեն նրա իսկ հյուսվածքներից ստեղծված փականներ։

«Best life» բժշկական կենտրոնի վիրաբույժ, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ավետիս Ահարոնյանը նշում է, որ հիվանդները, ովքեր ունեն աորտայի փականի խնդիր՝ աորտալ փականի նեղացում կամ անբավարարություն, կարիք են ունում փականի փոխարինման։ Տեղադրվում են արհեստական փականներ՝ մեխանիկական կամ կենսաբանական։

Բժիշկն ասում է՝ դրանցից յուրաքանչյուրն իր առավելություններն ու բացասական կողմերն ունի։

«Օրինակ, կենսաբանական փականը ծառայում է միջին հաշվով 8-ից 10 տարի և կյանքի ընթացքում փականը փոխարինելու կարիք է լինում, այսինքն կրկնակի վիրահատվելու անհրաժեշտություն: Առավելությունն էլ այն է, որ կենսաբանական փականի պարագայում հակամակարդիչ միջոցների կարիք չի լինում»,- ասում է նա։

Մեխանիկական փականները հավերժ օգտագործման համար են նախատեսված:

Սակայն մեխանիկական փականի պարագայում մարդ ամեն օր պետք է հակամակարդիչ միջոցներ օգտագործի, որպեսզի փականի մակերեսային թրոմբ չառաջանա։

«Դրա բացասական կողմն էլ այն է, որ հիվանդի մոտ կարող է արյունահոսություն առաջանալ, քանի որ արյան մակարդելիությունն իջած է»,- ասում է սրտի վիրաբույժը։

Արհեստական փականը ևս մեկ բացասական կողմ ունի, որը բակտերիալ էնդոկարդիտն է, այսինքն արհեստական մատերիալը կարող է ինֆեկցվել:

Իսկ ահա վիրահատությունը, որ «Best life» բժշկական կենտրոնում պատրաստվում են իրականացնել, թույլ կտա խուսափել նման խնդիրներից։

«Հիվանդի սեփական հյուսվածքով, տվյալ դեպքում պերիկարդով, որը սիրտը արտաքինից պատող թաղանթն է, պատրաստվում են երեք թերթիկներ, որոնք և փոխարինում են հիվանդ  փականը։ Այսինքն՝ արհեստական որեւէ բան չի օգտագործվում, հիվանդի հյուսվածքներն են օգտագործվում: Նշեմ նաև, որ վիրահատությունը հնարավոր է իրականացնել նաև մանկական պրակտիկայում, աորտալ փականի բնածին արատների ժամանակ»,- պատմում է Ավետիս Ահարոնյանը։

Նմանատիպ վիրահատություններ աշխարհի ոչ բոլոր հիվանդանոցներում են անում։ Դրանք արվում են վերջին տասը տարիների ընթացքում, արդյունքները բավականին գոհացնող են։

Վիրաբույժն ասում է՝ այս պարագայում արհեստական ոչինչ չի օգտագործվում, հակամակարդիչների կարիք չկա, և բակտերիալ էնդոկարդիտի հավանականությունը բավական ցածր է։

Այս վիրահատությունը «Best life» բժշկական կենտրոնում նախատեսում են սկսել հնարավորինս շուտ։

Վիրահատությունը, ունենալով բազմաթիվ առավելություններ, գնային առումով չի գերազանցի արհեստական փականային վիրահատություններին։ Ավելին, Ավետիս Ահարոնյանը նշում է՝ ամեն ինչ հաշվի առնելով, անգամ հնարավոր է մի փոքր ավելի մատչելի լինի։

«Գուցե նույն գինը լինի, հիմա չենք կարող ասել, պետք է հաշվարկվի, բայց ոչ ավելի թանկ»,- ասում է նա։

«Best life» բժշկական կենտրոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031