Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյանը մտահոգություն հայտնեց՝ առկա հայհոյախառն մթնոլորտը երկկողմանի է և անընդունելի, ուստի պետք է երկխոսել

Հունվար 21,2020 17:28

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը երկրում ստեղծված անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով առաջարկում է երկու կողմերին նստել կլոր սեղանի շուրջ և գծել խաղի կանոններ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Կարոն Քոչարյանը մանրամասնեց. «Երկրում սարսափելի մթնոլորտ է, և այն, ինչի մասին գոնե ես մոտ մեկ տարի խոսում եմ՝ գնալով ավելի բարձրաձայն, որ այդ մթնոլորտը պետք է արմատախիլ անել, չի փոխվում: Բայց դրա համար գոնե պետք է սկսել ուզենալ դա»:

Խոսելով ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին՝ Կարեն Քոչարյանը նշեց. «Անկախ ամեն ինչից՝ ով է մահացողը, մահացողը երիտասարդ հայ տղամարդ է, ընտանիքի հայր, զավակ, և այն, ինչ տիրում է սոցցանցերում՝ այն հայհոյանքները, որը ձևավորում են, այդ թվում նաև բազմահազարանոց ֆեյքերի բանակներ՝ երկկողմանի, ինձ համար անընդունելի է: Ես կարծում եմ՝ գոնե ինչ-որ հարցի շուրջ պետք է նստել կլոր սեղան և գծել խաղի կանոններ: Ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ հասկանում, երբ հայը հային կարող է տրորել, հայհոյել, առավել ևս սպանել»:

«Ադեկվատ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի կարծիքով՝ ունենք մի պետություն, որտեղ ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան առնչությամբ որևէ ասելիք չունի երկրի ղեկավարը, որտեղ այդ ղեկավարի թիմակիցները պատրաստ են էժան շահարկումների և ծաղրուծանակի դաշտ մտցնել թեման. «Այս ատելության միջավայրը ստեղծվել է նպատակաուղղված, դիտավորությամբ, այս իշխանության հարատևության բանալին այդ ատելության մթնոլորտն է՝ նախկիններով, սևերով, մութ ուժերով արդարացնելը իրենց բացթողումները»:

Նա ասաց, որ հանցագործների հետ իրենք չեն երկխոսի: Կարեն Քոչարյանն էլ նշեց, որ այդպես հայտարարելով իրենք, փաստորեն, իրենց կողմից փակում են դուռը: Միևնույն ժամանակ Կարեն Քոչարյանը նկատեց, որ այսօր մեր երկրում ամեն ինչ օրենքով է կատարվում, ուղղակի մի մասսայի համար այդ օրենքը լավ է, մյուսի համար՝ վատ և օրինակ բերեց. «Օրենքով ինչ-որ մասսա անընդհատ ստանում է պարգևավճար, իսկ ինչ-որ մասսա օրենքով սպանդանոցներին պիտի փող տա, որ իր անասուններին մորթեն, ինչ-որ հիվանդանոցներ ստանում են ինչ-որ գումար, մյուսները պետք է փակվեն»:

Կարեն Քոչարյանը մտահոգություն հայտնեց՝ առկա հայհոյախառն մթնոլորտը երկկողմանի է և անընդունելի, ուստի պետք է երկխոսել: Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ ասաց, որ իրենք բացառում են Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ձևաչափով երկխոսությունը և եզրափակեց. «Այս իշխանությունը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն պահելու ընդունակ չէ, այն որևէ պայմանավորվածություն պահելու ոչ ցանկություն, ոչ շնորհք չունի: Ով Նիկոլ Փաշինյանի հետ այս մեկուկես տարվա մեջ որևէ ձևաչափով եկել է համագործակցության, քցվել է: Ընդհանրապես Փաշինյանի հետ համագործակցությունը մենք բացառում ենք: Չկա երկու կողմ, որ ասում եք երկու կողմերն էլ: Կա իշխանություն, ընդդիմություն տարբեր բևեռներ. իրենք ոչ իրավահավասար են, ոչ էլ ռեսուրսներով են հավասար, և այնպես չէ, որ ընդդիմադիր դաշտում բոլորը միաբան են: Այն, ինչ արվում է այսօր, կրակելու է այս ստեղծողների դեմ: Ես Նիկոլի հետ ի՞նչ երկխոսության գնամ, երեք անգամ հասարակական կարգ է տապալել և շարունակում է դա անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ախր մարդ պետք է իրենից ինչ որ բան ներկայացնի, որ երկրի ղեկավարն էլ իր հետ համագործակցի: Շատ չ՞եք մեծ կարծիքի Ձեր մասին: Ավելի լավ կլինի կուսակցության անունն էլ փոխեք ,,ոչ ադեկվատ,,:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031