Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրիկ Երեւանի» գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին. «Հայկական ժամանակ»

Հունվար 30,2020 11:33

«Էլեկտրիկ Երեւանի» գործը նոր զարգացում է ստացել. օրեր առաջ՝ հունվարի 16-ին, այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեց Ավագյանի պաշտպան Ղեւոնդ Պապոյանը: Նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցին, թե մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրված, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ ոչինչ չի կարող ասել նաեւ տարածված տեսանյութի վերաբերյալ: Նշենք, որ այդ տեսանյութում երեւում էր, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություն գործադրում «Էլեկտրիկ Երեւան»-ի ակտիվիստ, գործով արդեն տուժող Ֆիլիպ Արզումանյանի նկատմամբ:

Նշենք, որ Ավագյանն «Էլեկտրիկ-Երեւանի» ժամանակ զբաղեցրել է Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալի պաշտոնը: Թե ինչ պաշտոն է զբաղեցրել դրանից հետո, հայտնի չէ: «Ես չգիտեմ՝ նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել, բայց հիմա, եթե չեմ սխալվում, նա չի պաշտոնավարում, այլ տեղեկություններ չունեմ»,- ասաց Ղեւոնդ Պապոյանը: Նա մեղադրանքի վերաբերյալ այլ հարցերի չպատասխանեց:

Տուժող Ֆիլիպ Արզումանյանն էլ ասաց, որ օրեր առաջ հրավիրվել է հարցաքննության եւ վերահաստատել իր այն ցուցմունքը, որը տվել է 2015 թվականին. «Դրվագը հետեւյալն է. ես այդ օրը (հունիսի 22-ին) քայլում էի Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկով, դա այն ժամանակ էր, երբ բոլորին արդեն հավաքել, տարել էին: Տեսա, որ քաղաքացիական հագուստով մի երեք-չորս տղամարդ մի աղջկա մազերից են քաշում, տանում, աղջիկն էլ գոռում էր, ես նրանց բարձր նկատողություն արեցի, եւ նրանք հարձակվեցին ինձ վրա: Մի քանի հոգով ինձ պահեցին, մեկը մի քանի անգամ հարվածեց մարմնիս տարբեր հատվածներին, նաեւ՝ դեմքիս»:

Տուժողի խոսքով՝ հարվածողը եղել է հենց Արման Ավագյանը. «Դրանից հետո ոստիկանության մեքենայով ինձ տարան Էրեբունու բաժին, այդ ժամանակ առավոտյան ժամը 6-ն էր, այնտեղ պահել են մինչեւ երեկոյան ժամը ինը-տասը, այսինքն՝ պահել են անօրինական, քանի որ, ըստ սահմանված կարգի, 3 ժամվա մեջ պիտի ազատեին, բայց այնտեղ արդեն վերաբերմունքը նորմալ է եղել»: Հարցին՝ իրեն հայտնի՞ է քաղաքացիական հագուստով այդ մյուս երեք անձանց ինքնությունը, Ֆիլիպ Արզումանյանը բացասական պատասխան տվեց. «Չէ՛, մնացածների ինքնությունը պարզ չէ: Ես նրանց մի քանի անգամ տեսել եմ քաղաքի տարբեր սրճարաններում, բայց համոզված չէի, որ հենց այդ մարդիկ էին, որովհետեւ տեսանյութում շատ-շատ էին, գուցե ֆիքսվել եմ»: Արզումանյանը նշեց, որ մեղադրանքի առաջադրումից հետո իր եւ Ավագյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել, ինքն Արզումանյանին հանդիպել է օրեր առաջ նախաքննական մարմնում եւ պարզապես բարեւել:

Թե որքանով էր սպասելի այս զարգացումը, Արզումանյանը դժվարացավ նշել. «Գիտեք, էնպես չէ, որ անսպասելի է եղել, էնպես էլ չէ, որ սպասելի էր: Երբ զանգեցին, ասացին, ես, իհարկե, մի քիչ զարմացա, որ ընդհանրապես հիշեցին այս գործի մասին, բայց, իմ կարծիքով, այս հինգ տարվա ընթացքում Ոստիկանությունը տիրապետում էր բոլոր հնարավորություններով այդ մարդուն իդենտիֆիկացնելուն եւ նրա ինքնությունը ՀՔԾ-ին փոխանցելուն: Ինձ թվում է՝ ինչ-որ պատճառներ են եղել, որ ոչ թե հեղափոխությունից միանգամից հետո սա եղավ, այլ 2 տարի անց»,- ասաց տուժողը՝ հավելելով, որ ուրախ է՝ արդարադատությունը կվերականգնվի:

Նա, սակայն, նշեց՝ չի ուզում, որ Արման Ավագյանն ազատազրկման տեսքով պատիժ կրի. «Իմ դիրքորոշումը հետեւյալն է. ես չեմ ուզում, որ մարդն ազատազրկվի, որ լուրջ պատիժ կրի կատարվածի համար, իմ պահանջն այն է, որ նա ընդհանրապես չաշխատի իշխանության որեւէ ճյուղում կամ ուժային կառույցներում, քանի որ պրոֆեսիոնալ հատկանիշներ չունի»:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031