Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը դե՞մ է, որ մանկատան ու գիշերօթիկների երեխաները վերադառնան ընտանիք 

Հունվար 31,2020 15:00

Հակառակ դեպքում ինչո՞ւ է դժգոհում, որ դրանք բեռնաթափվում են, այլ ոչ թե արդիականացվում եւ եւս հինգ տարի շահագործվում   Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տնտեսական-քաղաքական թեմայով տված հարցազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաների, նրա ձեւակերպմամբ՝ «ահռելի չափերի» հասնող պարգեւավճարներին, «թանկարժեք ճամփորդություններին», «կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումներին», նշել է, որ այդ միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների, մանկատների, ծննդատների, այլ առողջապահական հիմնարկների եւ սոցիալական օբյեկտների արդիականացմանը եւ հնգամյա շահագործմանը։

Նա այս մասին ասել էր Yerevan.Today-ին տված հարցազրույցում: «Ինձ համար դժվար է նորմատիվ բառապաշարի շրջանակներում նկարագրել տեղի ունեցողը, այդ իսկ պատճառով թողնում եմ դա ընթերցողներին»,-հարցի պատասխանը եզրափակել էր երկրորդ նախագահը։

Ծննդատների, այլ առողջապահական հիմնարկների արդիականացման եւ դրանց հետագա շահագործման հարցը մի կողմ թողնելով, որոնց փակվել-չփակվելու հարցում մասնագետների, ոլորտի փորձագետների կարծիքներն ու հիմնավորումներն իրարամերժ են, դատելով Քոչարյանի՝ մանկատների ու գիշերօթիկների վերաբերյալ արած հայտարարությունից, ստացվում է, որ երկրորդ նախագահը կողմ է մանկատների ու գիշերօթիկների գոյությանը, ավելին՝ առաջարկում է եւս հինգ տարի էլ դրանք պահել ու արդիականացնել, այսինքն՝ ավելի գրավիչ դարձնել դրանք այն ծնողների համար, որոնք տարբեր պատճառներով նախընտրում են, որպեսզի իրենց երեխան սոցիալական այս օբյեկտներում խնամվի:

Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի՝ UNICEF-ի մասնագետներն ուսումնասիրել են եւ հաշվարկել, որ երեխային կենսաբանական կամ խնամատար ընտանիք տեղափոխելը ձեռնտու է թե՛ բարոյապես, թե՛ տնտեսապես եւ դժվար թե նախագահ Քոչարյանը չպատկերացնի մանկատներն ու գիշերօթիկները բեռնաթափելու, այդ երեխաներին կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության կարեւորությունը՝ հատկապես, որ դա բխում է հենց երեխայի լավագույն շահից:

Չնայած Քոչարյանի այդ տեսակետին, համացանցում որոշ ուսումնասիրություններ կատարեցինք՝ պարզելու, թե երկրորդ նախագահի կառավարման տարիներին՝ 1998-2008 թվականներին այս օբյեկտները բեռնաթափելու ինչպիսի՞ որոշումներ են կայացվել, ի՞նչ ծրագրեր են մշակվել ու կյանքի կոչվել:

Այսպես՝ 2006 թվականի մարտի 4-ին նախագահ Քոչարյանը վավերացրել է նույն թվականի  հունվարի 12-ի կառավարության N 206-Ն որոշումը, որով ամրագրվում է «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների  2006-2010 թվականների ռազմավարությունը»:

Նույն որոշումը նաեւ առնչվում էր Լոռու մարզի Վանաձորի մանկատան, Վանաձորի թիվ 2, թիվ 3, Ստեփանավանի թիվ 1 եւ Սպիտակի «Որբ, ծնողական խնամքից զրկված, մտավոր թերզարգացում ունեցող երեխաներ» թիվ 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման 2006 թվականի փորձնական ծրագիրը հաստատելուն:

Համաձայն այդ փաստաթղթի, վերոնշյալ ռազմավարությունը նպատակ էր երեխայի պաշտպանության համակարգի բարելավումը, երեխա-ընտանիք-հասարակություն կապի ամրապնդումը: Ի դեպ, ռազմավարության  21.1.2.1. կետով նախատեսված էր մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների բեռնաթափում:

Տեղեկացանք նաեւ, որ մանկատների եւ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման փորձնական ծրագիրը 2006 թվականին պետք է իրականացվեր Լոռու մարզում, ապա այդ ծրագրի արդյունքների հիման վրա կմշակվեին եւ հաջորդող տարիների ընթացքում իրականացվեին բեռնաթափման ծրագրեր հանրապետության տարածքում:

Նույն ռազմավարության մեկ այլ՝ 21.1.2.2. կետով էլ ամրագրված էր. խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը. «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման նպատակն է ապահովել երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքը: Խնամատար ընտանիքն ամրագրված է ՀՀ ընտանեկան օրենսգրքում, որի  կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել եւ ընդունել խնամատարության մասին իրավական ակտեր»,-նշված էր այդ կետի մեկնաբանության հատվածում:

Համաձայն այդ փաստաթղթի, 2006-2007 թթ. ընթացքում էլ խնամատարության փորձնական ծրագիր պետք է իրականացվեր Երեւան քաղաքում, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում, ստեղծվեին նաեւ երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ: Վերոնշյալից պարզ է դառնում, որ նախագահ Քոչարյանն էլ կողմ է եղել մանկատների, գիշերօթիկների բեռնաթափմանը, երեխաներին ընտանիքներ վերադարձնելու գաղափարին: Այլ հարց է՝ նրա կառավարման տարիներին որքանով են իրագործվել ռազմավարության կետերը:

Փաստ է, որ այս ոլորտում բուն փոփոխությունները մեկնարկել են 2008 թվականից սկսած՝ երբ մեր երկրում ներդրվեց խնամատար ընտանիքի մոդելը:  2011 թվականից էլ ՀՀ կառավարությունը մանկատների բեռնաթափումը ճանաչեց գերակա ուղղություն: Այս նախաձեռնության նպատակն այն էր, որպեսզի մանկատներում խնամվող երեխաները վերադառնան ընտանիք: ՀՀ երկրորդ նախագահի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների եւ ընդհանրապես երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների լուծարման նպատակը ֆինանսական միջոցների խնայողությունը չէ, այդպիսով բյուջեի խնայողության հարց չի լուծվում. մեր միակ նպատակը երեխայի իրավունքի պաշտպանությունն է, մասնավորապես` երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջոցները, որ պետությունն ուղղում է հաստատություններին, պետք է ուղղվեն ընտանիքների հզորացմանը եւ կայացմանը, որպեսզի որեւէ երեխա ստիպված չլինի մեծանալ հաստատությունում` ընտանիքի սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով։
Մեր քաղաքականությունն անփոփոխ է` երեխան պետք է ապրի ընտանիքում` կենսաբանական, իսկ դրա անհնարինության պայմաններում` որդեգրող կամ խնամատար, ստանա իրեն անհրաժեշտ բոլոր ծառայությունները` համայնքում, ոչ թե մեկուսացված պայմաններում։ Ուզում եմ հիշեցնել, որ հաստատությունների լուծարման գործընթացը մեկնարկել է դեռ տարիներ առաջ, մենք վերանայել ենք քաղաքականությունը` այն ուղղելով բոլոր երեխաներին` ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաներին»,-«Առավոտի» հացմանն ի պատասխան՝ ասաց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031