Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես ոչ թավշյա 

Փետրվար 02,2020 19:00

Թավշյա հեղափոխությունը Հայաստան աշխարհը լցրեց երիտասարդական եռանդով եւ նորանոր հույսերով ու սպասելիքներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր քայլով» վարակեց հայոց ջահելներին՝ իր հետեւից տանելով նրանց, առաջնորդելով նրանց եւ նրանց հետ սկսելով մեր թավշյա հեղափոխությունը, որը ցնցեց աշխարհը՝ օրինակ հանդիսանալով այլ երկրների առաջադեմ ջահելության համար:

Սա, իհարկե, հենց այնպես՝ օդի մեջ չենք ասում. եթե հիշողություններս մի քիչ լարենք, կհիշենք, որ մեր թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո հեղափոխական շարժումներ սկսվեցին ու տեղի ունեցան Ռուսաստանում, Վրաստանում եւ մի շարք այլ երկրներում. ընդ որում՝ նշածս հեղափոխական շարժումները մտածողությամբ, ոճով ու ձեռագրով չափազանց նման էին մեր՝ «իմքայլականների» ու Փաշինյանականների ծավալած ու իրականացրած շարժմանը:

Չնայած Հայաստանում ոչ բոլորն են հիացած «իմքայլականների» ու Փաշինյանականների «թավշյա հեղափոխությամբ» եւ ոչ բոլորն են նրանց արեւով երդվում, բայց ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանում հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու համակիրները բացարձակ մեծամասնություն են, եւ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիներն ընդհանուր առմամբ գոհ են թավշյա հեղափոխությունից եւ թավշյա հեղափոխության արդյունքներից, եւ եթե դժգոհողներ էլ կան, հիմնականում նրանք են, ովքեր հեղափոխությունից առաջ՝ նախկին իշխանությունների օրոք, ֆինանսապես լիովին ապահովված են եղել, ընդ որում՝ հիմնականում կոռուպցիայի եւ ֆինանսական չարաշահումների շնորհիվ, եւ չնայած հեղափոխականներն ու նրանց առաջնորդները հպարտությամբ են նշում ու շեշտում, որ իրենց հեղափոխությունը թավշյա էր ու բացարձակապես զերծ էր չարությունից ու քինախնդրությունից, բայց ակնհայտ է, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հեղափոխականներին սիրեց ու համակրեց ոչ թե նրա համար, որ մեր հեղափոխությունը «թավշյա» էր եւ իր մեջ չարություն, քինախնդրություն ու վրեժխնդրություն չէր պարունակում, այլ, ընդհակառակը, մեր ժողովրդին ակնհայտորեն դուր է գալիս, որ հեղափոխականներն ու հատկապես նրանց առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանդուրժողականություն է հանդես բերում հակահեղափոխական ոմանց եւ հատկապես ու առանձնապես Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ էլի ուրիշ շատերի նկատմամբ, եւ սա նշանակում է, որ մեր հեղափոխականների կարծիքը՝ թե մեր հեղափոխությունը «թավշյա» էր, միանգամայն կեղծ է  եւ հատկապես հակահեղափոխականներին մոլորության ու շփոթության մեջ գցելու նպատակ ունի, բայց ակնհայտ է, որ հակահեղափոխականներն ու հատկապես Քոչարյանականները շփոթության ու մոլորության մեջ չեն ընկնում, որովհետեւ Քոչարյանի դեմ պայքարում վարչապետ Փաշինյանը միանգամայն հետեւողական է եւ միանգամայն անզիջում եւ ամենեւին մտադիր չէ դադարեցնել սկսած այդ անզիջում, անվերջ ու շարունակական պայքարը, որն իր մեջ ամենեւին «թավիշ» չի պարունակում:

Ավելին, ոչ միայն «թավիշ» չի պարունակում, այլեւ չափազանց չոր է. չափազանց չոր, չափազանց կոշտ եւ չափազանց կոպիտ:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
01.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829