Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը, ԱԱԾ նախկին պետն ու ՀՔԾ պետն ուղղորդել եւ ճնշել են դատարաններին». Քոչարյանի պաշտպան

Փետրվար 04,2020 19:21

«Գործադիր իշխանության քաղաքական ղեկավարը՝ վարչապետը, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական դատավարություն իրականացնող երկու առանցքային ղեկավարներ՝ ԱԱԾ արդեն նախկին պետը եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ուղղորդել եւ ճնշել են դատարաններին, որպեսզի վերջիններս Քոչարյանի հանդեպ կայացնեն կալանավորման նշանակման եւ կալանքի երկարաձգման որոշումներ՝ անգամ այն դեպքում, երբ չկա իրական վտանգ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը փախուստի կդիմի կամ կխոչընդոտի գործի քննությանը»,- Մարտի մեկի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու միջնորդության ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ նշյալ պնդման հիմքում դրված են Փաշինյան-Վանեցյան, Փաշինյան-Սասուն Խաչատրյան հեռախոսազրույցների գաղտնալսումները, որոնցում հնչում է այդ թվում «ուզի-չուզի՝ կալանքը պետք է տա» արտահայտությունը: Ըստ Խուդոյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը քաղաքական նպատակահարմարության հետեւանք է, ոչ թե իրավական անհրաժեշտության. «Քրեական հետապնդումը նրա հանդեպ իրականացվում է քաղաքական շարժառիթներով: Նրան ազատությունից զրկելը պայմանավորված է իշխանության քաղաքական քողարկված օրակարգով՝ ուղղակի եւ անուղղակի ապացույցներով»: Հովհաննես Խուդոյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խախտել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829